Եկել եմ ասեմ, որ ես մնում եմ… Իյա, իրո՞ք

Եկել եմ ասեմ, որ ես մնում եմ… Իյա, իրո՞ք

Փետրվարի 12-ի իր երկարաշունչ ելույթի մեջ Սերժ Սարգսյանը մի փոքր ակնարկ անգամ չարեց այն մասին, որ ինքը մնում է նախագահական համակարգի կողմնակից: Ավելին, քանիցս ընդգծելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծված նոր իրավիճակի առկայության փաստը, երկար խոսեց այն մասին, որ ստեղծվել են զարգացման նոր հնարավորություններ, որ այս իրավիճակում պետք են նոր մոտեցումներ, որ հին պատճառաբանությունները, օրինակ` շրջափակումը, հիմք չեն սեփական անգործությունը որեւէ ձեւով արդարացնելու համար: Խոսեց նաեւ կուսակցությունների դերի բարձրացման, լավ Ընտրական օրենսգիրք ունենալու, ԱԺ-ն պատահական մարդկանցով չլցնելու, որակյալ ընտրությունների անհրաժեշտության մասին:



Եթե հայ մարդու հավատն այս համակարգի նկատմամբ այսքան սասանված չլիներ, գուցե Սերժ Սարգսյանի այս ելույթն ընկալվեր մի փոքր այլ կերպ, քան գրում ու մեկնաբանում են լրատվամիջոցները:



Սերժ Սարգսյանն իրականում համախմբման կոչ է արել, փորձել է հղկել իշխանություն-ընդդիմություն շփումների սուր եզրերը: Սխալ է մտածելը, թե Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր ընտրություններում ամեն գնով ձայն ապահովելու եւ այդկերպ արջի ծառայություն մատուցելու մասին, այդ ամենը հասցեագրում էր Հովիկ Աբրահամյանին` հանրաքվեն «գյուղական կարգով» հորով-մորով անելու համար: Ճիշտ չէ պնդելը, թե Սերժ Սարգսյանը շատ նեղված է եվրակառույցների կոշտ գնահատականներից ու նրանց առաջ լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու պարտադրանքից: Մենք չենք կարող երկու կարեւոր բան աչքաթող անել: Մեկ` նոր Սահմանադրությունը, ի տարբերություն մեր նախորդ սահմանադրությունների, հավանության է արժանացել հենց եվրակառույցների կողմից, եւ, ապա` Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը երկու օրվա ծանոթներ չեն, որ Սերժ Սարգսյանը նրա հետ խոսեր ակնարկների լեզվուվ, այն էլ այսքան մարդու ներկայությամբ: Այլ խոսքով` Հովիկ Աբրահամյանը նույն Սերժ Սարգսյանն է, Սերժ Սարգսյանը` Հովիկ Աբրահամյանը:



Կա տեսակետ, թե Սերժ Սարգսյանը բոլորին հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ: Այստեղ էլ ընկալման հարց կա: Մի առիթով, երբ նրան հարցրին` ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց` իսկ նա ե՞րբ է հեռացել, որ հիմա էլ վերադառնա: Արդյոք ճի՞շտ է, երբ երկրի ղեկավարն իր ժամկետի լրանալուց հետո հեռանում է ընդմիշտ կամ առնվազն 10 տարով եւ վերադառնում «здраствуйте, я ваша тетя» արտահայտության համատեքստում: Կարծում ենք` որեւէ վատ բան տեղի չի ունենա, եթե նախկին նախագահները, չմիջամտելով քաղաքական հետագա գործընթացներին, այսպես ասած, խորհրդականի, միավորողի, դժվար իրավիճակներում իրենց փորձը փոխանցողի ֆունկցիաներ իրականացնեն: Վստահեցնում եմ, մենք հանդուրժողականության տեսանկյունից բոլորովին այլ երկիր կունենայինք, եթե մեր երեք նախագահները միասին գնային Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, եթե երեքով մասնակցեին Արցախի անկախության տոնին կամ բանակի զորահանդեսներին: Այդ դեպքում ոչ ոք իրեն չէր ծանրաբեռնի առնվազն այն հարցով, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք հեռանալ, թե՞ կփորձի հավերժանալ իր աթոռի մեջ: Մենք կունենայինք բոլորովին այլ երկիր, այլ ընտրություններ, այլ քաղաքական դաշտ ու կուսակցություններ:



Եվ, ահա, հոդված են գրել. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ»: Քավ լիցի, Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի հայտարարել իր ելույթում: Ավելին ասեմ, նա չի հայտարարել նաեւ այն մասին, որ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելուց հետո ամեն ինչ թողնելու է բախտի քմահաճույքին: Ընդհակառակը, նա ուղիներ է մատնանշում այդ բարեփոխումները կյանքում իրականացնելու, միասին իրականացնելու համար, նա չի խուսափում դժվարություններից, կոպիտ ասած` ոմանց նման չի «բրախըմ» երկիրը, թե գնացեք, ոնց ուզում եք արեք: Եվ, առհասարակ, Սերժ Սարգսյանն իր հետագա պաշտոնավարման մասին շատ ավելի բաց տեքստով է խոսել, եւ պետք է անհավատ լինել` նրա հայտարարություններն այդ մասին թողնել մի կողմ եւ ենթադրություններ անել փետրվարի 12-ի ելույթի տողատակերից: Իսկ նա հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ նախագահ կամ վարչապետ: Ի լրումն դրա` Դավիթ Հարությունյանն էլ ասել է, որ Սերժ Սարգսյանը չի դառնա նաեւ ԱԺ նախագահ: Հիմա էլ լրագրողներին անչափ հետաքրքրում է` իսկ Սերժ Սարգսյանը, մնալով քաղաքականության մեջ, չի՞ փորձի, արդյոք, այնպիսի պաշտոն զբաղեցնել, որ կարողանա ազդել որոշումների վրա: Ինչի՞ համար են այս մտահոգությունները: Իսկ գուցե դրանք դեռեւս իներցիայով գլորվելու արդյո՞ւնք են: Կարելի է, ի վերջո, կարդալ Սահմանադրությունը: Այնտեղ ամեն ինչ գրված է Սերժ Սարգսյանից ազատվելու մասին, եթե դա է մեր թիվ մեկ խնդիրն այսօր: Վրաստանը չազատվե՞ց Սահակաշվիլուց: Մենք էլ կարող ենք գնալ նույն ճանապարհով, եթե, իհարկե, ուզում ենք, որ Սերժ Սարգսյանն էլ նահանգապետ աշխատի ուրիշ երկրի նախագահի մոտ: Եվ պատեպատ խփվելու, նախագահի ելույթի ստորակետներից «հիմնավոր» հետեւություններ անելու կարիք ամենեւին էլ չկա: Մյուս կողմից էլ, մեր ոչ հին, ոչ էլ նոր սահմանադրություններում ոչ մի տող չկա այն մասին, որ պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո ՀՀ նախագահները պարտավոր են արտագաղթել կամ փակվել դղյակներում:



Նրանք, ովքեր նախագահի ելույթից այն տպավորությունն են ստացել, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ, միեւնույն է, ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ասելու են` Սերժը հաղթեց, անկախ այն բանից, թե որտեղ կլինի Սերժ Սարգսյանն այդ ժամանակ եւ ինչ զբաղմունք գտած կլինի իր համար: Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ ամեն քաղաքական ուժ ունի իր Սերժ Սարգսյանը` իր առաջնորդը, եւ երբ որեւէ քաղաքական ուժ հայտարարում է, որ Սերժը հաղթեց, դա նույնն է, թե ասի` իմ առաջնորդը պարտվեց: Իսկ ի՞նչ էին անում հնում պարտվող առաջնորդներին: Ուտում էին: Հիմա դրա կարիքը չկա, բայց ցանկալի է, որ քաղաքական ուժի առաջնորդ դառնան գաղափարները եւ գաղափարները կռվեն քաղաքական դաշտում, ոչ թե ֆիզիկական անձինք: