Պալատական խարդավանքների մասին

Պալատական խարդավանքների մասին

Հանուն մեր երկրի փայլուն ապագայի, մեր երկրի քաղաքական, տնտեսական բարօրության՝ ՀՅԴ-ի մերձեցում-համամիացումը Հանրապետականի քարտեզագրությանը, ապա ամիսներ հետո նրանց հուզառատ բաժանումը եւ պսեւդո-քննադատական դիրքավորումը միմյանց հանդեպ․ այս ամենը հրաշալիորեն ընդգրկվում է, այսպես ասած, պալատական խարդավանքների տրամաբանության մեջ:



Պոստմոդեռնիստական գրականության համար, իհարկե, սա հրաշալի նյութ է` անցյալում ՀՅԴ-ՀՀԿ ամուսնության եւ ամուսնալուծության պատմականորեն ամրագրված փաստաթղթերը, նախարարական երազ-պորտֆելները, ընդդիմադիր հայացքներ կրողի հայացքները (հետաքրքիր է, որ հենց ՀՅԴ-ականները համաձայնում են Սերժ Սարգսյանի իշխանությանը, այդ իսկ վայրկյանից փոխում են եւ իրենց դեմքի արտահայտությունները, լցվում են մի տեսակ լուսավոր խաղաղությամբ, մի տեսակ մարգարեությամբ, ասես գիտեին, որ այդպես էլ լինելու էր, գիտեին, որ հանրապետականները երկիրը փրկելու իրենց նետած խայծին չէին դիմանալու):



Եվ Սերժ Սարգսյանի իշխանության կողմից գարնանային սիրո կանչը դիմավորվեց պատասխան սիրո հառաչով: Մենք համոզվեցինք, որ սերը, իսկական սերը տարիների ընթացքում չի կորչում, այլ սպասում է, սպասում է գարնանային ձնծաղիկի քնքուշ գեղգեղանքներին: Սակայն չտրվենք բանաստեղծական կեղծ եւ միջակ զեղումներին: Իրականում մենք ականատես ենք գեղջկական պալատականության կողմից հյուսված իրական խարդավանքի՝ պատսպարված ազգասիրության, պետականակենտրոնության եւ այլ բաների տակ:



Ահա, այս օրերին սրա մեջ դրական բան չտեսնելը հնարավոր է նույնիսկ ամենասկեպտիկների մոտ զայրույթ առաջացնի, քանի որ ամուսնության հերթական ակտը խորքում, հեռավոր, գրեթե մեռած մի տարածության մեջ հույսի հատիկ է կանխորոշում… Որ գուցե, գուցե այս անգամ հարցը միայն պորտֆելները չեն, գուցե իշխանության ու փառասիրության տենչ չէ, այլ իսկապես ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ստեղծելու ցանկությունը… Եվ, ուրեմն, հենց սա է թակարդը: Ամուսնական զույգերը հենց այս «հույսի հատիկի» վրա են խաղադրույք արել: Գոնե առաջին ամիսների համար այն ամենակարեւոր հանգամանքը պիտի լինի: Հետո կարող են հանգիստ դիմախաղ փոխել: