Ընտրական օրենսգիրքը ընդդիմության հետ քննարկելով՝ իշխանությունը ստիպված էր լինելու գնալ զիջումների. Լեւոն Զուրաբյան

Ընտրական օրենսգիրքը ընդդիմության հետ քննարկելով՝ իշխանությունը ստիպված էր լինելու գնալ զիջումների. Լեւոն Զուրաբյան

-Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը ոչ ոք չէր տեսել, ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով։ Սա ի՞նչ է, ընդունվա՞ծ է այսպես, հանրությունից թաքուն փորձաքննության ուղարկել կարևորագույն օրինագծերը։ 



-Հրապարակայնություն եղավ, բայց ոչ թե իշխանությունների, այլ Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը իր կայքէջում իշխանությունների ներկայացված նախագծի անգլերեն տարբերակը հրապարակեց։ Սա խայտառակություն է մի քանի առումով։ Երբ որ ԱԺ-ում ես բարձրացրեցի այդ հարցը, ասելով, որ մենք տեղեկություն ունենք, որ առանց քննարկելու հանրության և ընդդիմության հետ, ինչ-որ նախագիծ եք կազմել և ուղարկելու եք Վենետիկի հանձնաժողով, պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն որոշակի հայեցակարգային մոտեցումներ ուղարկելու։ Բայց հիմա հրապարակումից պարզվում է, որ դա ոչ թե հայեցակարգային մոտեցումներ են, այլ լիարժեք նախագիծ է։ Իշխանությունը դիմում է հերթական անազնիվ հնարքի, այն պահին, երբ ամբողջ աշխարհը և մեր հասարակությունը սպասում էր, որ նախագիծը պետք է քննարկվի առաջին հերթին սեփական հասարակության և ընդդիմության հետ և բոլոր խնդիրները, այդ թվում՝ օրինականության վերահսկողության, ընտրությունների թափանցիկության հարցը, լուծվեն ընդդիմության հետ երկխոսության միջոցով, նրանք անում են հերթական կեղտոտ քայլը։



-Ո՞րն էր նպատակը, ըստ Ձեզ ։ 



-Բացատրեմ։ Բնական ընթացքը կլիներ, եթե բանակցեին ընդդիմության հետ, հետո դրա հիմքով ձևավորված փաստաթուղթը ուղարկեին փորձաքննության։ Բայց այդ դեպքում իրենք ստիպված կլինեին գնալ զիջումների։ Ընդ որում՝ ավելի մեծ, քանի որ ստեղծվում է ընդհանուր պահանջների միասնական մի պլատֆորմ, որը քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր ուժերը ներկայացնում են իշխանությանը։ Այս վիճակից խուսափելու նպատակով նրանք գաղտնի ուղարկում են նախագիծը Վենետիկյան հանձնաժողով՝ հույս ունենալով, որ հանձնաժողովից կստանան հավանություն ու այդ դեպքում արդեն կբանակցեն ընդդիմության, կամ հասարակության հետ շատ ավելի ուժեղ դիրքերից, արդեն չգնալով զիջումների և ասելով՝ մենք արդեն ունենք Վենետիկի հանձնաժողովի հավանությունը, իսկ ձեր առաջարկները դեռ հայտնի չի, ինչ գնահատականի կարժանանան և հիմնավորված չեն հանձնաժողովի գնահատականով։



-Նախագծի հեղինակները, Հրայր Թովմասյանը հայտարարել են, որ ընդդիմությունը չի մասնակցել նախագծի ստեղծմանը, բայց եթե ցանկանար գալ ու իրենց հետ գրել այն, իրենք դեմ չէին լինի։ Դուք կարո՞ղ էիք ինչ-որ տարբերակ ուղարկել, ինչ-որ կերպ մասնակցել օրենսգրքի ստեղծմանը։



-Դա բացարձակ սուտ է։ Մեզ որևէ հրավեր չի եղել իշխանության որևէ ներկայացուցչի կողմից։ Երկրորդը՝ մենք ալտերնատիվ օրենսգրքի մի ամբողջ նախագիծ ներկայացրել ենք դեռևս 2012 թվականին, որում մեր պահանջները ներկայացված են, և այն մերժվել է պետաիրավական հանձնաժողովի կողմից։ Երրորդ, մենք հիմա նաև հրապարակել ենք մեր առանցքային պահանջները և դրա շուրջ ծավալել ենք քննարկում քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր այլ ուժերի հետ։ Այսինքն, մենք դա անում ենք, իրենք շատ լավ գիտեն մեր առաջարկները։ Լավ գիտեն մեր պատրաստակամությունը քննարկելու և բանակցելու, բայց միտումնավոր, դիտավորյալ դա չեն անում, մտնելով այս գաղտնի գործընթացի մեջ Վենետիկի հանձնաժողովի հետ։



-Էլեկտրոնային միջոցները կարող են ինչ-որ մի փուլում ընտրության կիրառվել, և սա ներառվել է նոր օրենսգրքի մեջ։ Դուք ի՞նչ կարծիքի եք, հիմա մեզ պե՞տք է դա։



- Մենք ինքներս էինք կողմնակից, որ մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգ լինի, բայց մեր ուսումնասիրությունները և հանդիպումները այդ բնագավառի մասնագետների հետ, մասնավորապես, հենց ԵԱՀԿ փորձագետ ավստրիացի Ռոբերտ Կրիմերի, որի հետ առանձին հանդիպել ենք խմբով և մեկ ժամ զրուցել ենք, ցույց են տվել, որ նախ, մեկ տարվա մեջ հուսալի էլեկտրոնային համակարգ ստեղծելը արկածախնդրություն է։ Որևէ պրոֆեսիոնալ դա չի ցանկանա անել։ Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է՝ եթե իշխանության նկատմամբ վստահություն չկա, էլեկտրոնային համակարգը ուղղակի հակացուցված է, այն խարդախությունների ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ուստի, մենք հակվում ենք այն եզրակացության, որ էլեկտրոնային համակարգը Հայաստանում կարելի է ներդնել միայն այն դեպքում, եթե արդեն լուծված է ընտրությունների վստահելիության խնդիրը։



-Մարտի 1-ը ինչպե՞ս անցավ։ Ձեր գնահատականը։



- Մարտի 1-ը դարձել է լրջագույն մի քաղաքական ավանդույթ։ ՀԱԿ-ը մարտիմեկյան հանրահավաքով հարգում է զոհերի հիշատակը, կազմակերպում է ժողովրդի բողոքը պետական ահաբեկչության դեմ, և երրորդը ՝ ներկայացնում է իր ծրագիրը, քաղաքական անելիքները ոչ միայն մարտի 1-ի դատին հետամուտ լինելու առումով, այլ նաև երկրի արմատական բարեփոխման ուղղությամբ։ Սա մենք ավանդաբար արել ենք, իշխանությունները մեզ միշտ փորձել են խանգարել։ Այս անգամ էլ նույն բանն արվեց։ Գիտեք, որ եղավ զուգահեռ հայտ, դրան հաջորդեց ապօրինի և սադրիչ որոշում քաղաքապետարանի կողմից, արտոնեցին երկու տարբեր հայտ ներկայացնողների հանրահավաքը նույն տեղում, նույն ժամին։ Ստիպված գնացինք բանակցությունների, նաև հրաժարվեցինք ծրագրային ելույթներից, որովհետև հարթակից չէր կարող հնչել տրամաչափորեն տարբերվող ծրագրային ելույթներ անելիքների վերաբերյալ։ Այդպես հասարակությունը ապակողմնորոշվում է, պարզ չի լինում, թե ինչու են մարդիկ հարթակում գտնվում և տարբեր, իրար հակասող բաներ ասում։ Քանի որ մարտի մեկի խորհրդանիշը, զոհերի հիշատակը հարգելու միասնականությունը ամենից վեր էր, մենք որոշեցինք հրաժարվել ելույթներից ու երեք կազմակերպիչների կողմից համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որի մեխը մարտի մեկի դատի նկատմամբ հավատարմությունն է։ Դա էլ արվեց։ Կարծում եմ, որ անկախ «ծրագրային» կորուստներից, այնուամենայնիվ սա կարևոր իրադարձություն էր։



- Ձեր կարծիքով, ստացվե՞ց միասնաբար նշելը։



- Այո։ Ժողովրդի միասնականությունը ոչ միայն դրսևորվեց նրանով, որ մենք երեք քաղաքական ուժերով կարողացանք միասնական միջոցառում անել, որ մեր հայտարարությանը միացան մի քանի կուսակցություններ, այլև նրանով, որ մեր համատեղ հավաք-երթից դուրս էլ բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում, ուժեր, որոնք երբեք դա չեն արել, գնացել են ծաղիկներ դնելու Մյասնիկյանի արձանի մոտ։ Անգամ ոստիկանությունը ծաղիկներով էր եկել, թեև պարզ է, որ դա հրահանգավորված էր, իշխանությունների որոշմամբ էր։ Սա նշանակում է, որ խորհրդանշական ժեստով նրանք ներողամտություն են հայցում կատարվածի համար։ Սա, իհարկե, մեզ չի կարող բավարարել, որովհետև այն մեր ժողովրդի արժանապատվության և օրինականության վերականգնման հարցը չի լուծում, բայց սա նշանակում է, որ մարտի մեկը պետական մակարդակի հիշատակի օր դարձնելու մեր նախաձեռնությունը միս ու արյուն է ստանում։



Սյուզան Սիմոնյան