Ինչ-որ մի պահի Ռոբերտ Քոչարյանը կարող է որոշիչ դերակատարում ունենալ. քաղաքագետ

Ինչ-որ մի պահի Ռոբերտ Քոչարյանը կարող է որոշիչ դերակատարում ունենալ. քաղաքագետ

2017թ. ընդառաջ քաղաքական դաշտում խայտաբղետ պատկեր է ստացվում։ Հատկապես՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցաշինության մասին հայտարարությունից հետո, որի մասին պարբերաբար շրջանառվում էր մամուլում, կուլիսային խոսակցություններում։ Ինքը՝ Վարդան Օսկանյանն, այդ մասին տեւական ժամանակ պահպանում էր պարտիզանական լռություն։ Երեկ Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության հնարավոր դերակատարման մասին համարձակվել է կանխատեսել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը։ Նա ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է, որ նորաստեղծ կուսակցությունը կփոխի բոլոր խաղաքարտերը։



Քաղաքագետ, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը կարծում է, որ ամենակարեւոր քաղաքական գործընթացը կապվում է Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության հետ։ Նրա դիտարկմամբ՝ մյուս քաղաքական ուժերը, օրինակ՝ «Հայկական վերածնունդը» եւ այլն, գտնվում են ամբողջապես Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո, մարգինալ են։
Քանի որ Վարդան Օսկանյանի կուսակցության հետ է կապվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործոնը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։
«Կարող է բերել անկանխատեսելի զարգացումների, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ունի եւ՛ ֆինանսական, եւ՛ ադմինիստրատիվ լուրջ ռեսուրսներ։ Ինչ-որ մի պահի այդ ամենը կարող է որոշիչ դերակատարում ունենալ»,- ասում է Աղասի Ենոքյանը։



Աղասի Ենոքյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է հնարավոր ապագա խորհրդարանում քաղաքական դաշտը ներկայացնել ռուսամետ-արեւմտամետ խճանկարով։ Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանում քաղաքական ուժերի մեծ մասը, չնչին բացառությամբ, ռուսամետ է։ Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանն այս պահին գրեթե ամբողջությամբ վերահսկում է քաղաքական դաշտը. առայժմ կարող է բացառություն լինել միայն Վարդան Օսկանյանի կուսակցությունը։