Մեզանից ոչ մեկը պատգամավոր չի ծնվել

Մեզանից ոչ մեկը պատգամավոր չի ծնվել

Ֆորմալ առումով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր համարվող, Վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀԱԿ-ի հարաբերությունները դեռ անցյալ տարվանից են լարված։ Վերջերս գրվեց, թե Սարգսյանը փորձել է վերականգնել իր հարաբերությունները Լեւոն Զուրաբյանի հետ, վերջինս գործավարի միջոցով մերժել է՝ ասելով, թե «հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք»։ Այս առնչությամբ հետո հերքումներ եղան։ Ի դեպ, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները խզելուց հետո տիկին Սարգսյանը հաճախ է պրոիշխանական հայտարարություններ անում։ Լուրեր էին շրջանառվում, որ նա իր քաղաքական ապագան տեսնում է ԲՀԿ-ում։ Մարտի 1-ին նա Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էր դնում հենց ԲՀԿ-ի հետ։ Երեկ նկատեցինք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ է զրուցում միջանցքում։ Տիկին Սարգսյանին մի քանի հարց ուղղեցինք։ 



- Ձեր անձի հետ կապված վերջին հրապարակումների ենթատեքստը, ըստ Ձեզ, ո՞րն է։



- Նախ, ի սկզբանե ասեմ, որ պարզել եմ՝ ՀԱԿ-ը դրա հետ կապ չունի, հետեւաբար, անիմաստ մեղադրանքներ ՀԱԿ-ին չեմ ուզում ներկայացնել։ Միգուցե Լեւոն Զուրաբյանին էդ միտքը դուր է եկել, որ կարելի է մտածել, որ ինչ-որ պահ կարող է գալ, որ Լյուդմիլա Սարգսյանն էդ վիճակում հայտնվի, որ գնամ խնդրեմ, եւ այլն, եւ այլն։ Բնականաբար, դա իմ տեսակի համար չէ, ես երբեք հետ չեմ նայել։ Դա՝ մեկ։ Երկրորդը, գիտեմ իրական շահագրգիռ կողմին, ով որ դա հրապարակել է, եւ էնքան քաջություն չեն ունեցել, որ որպես սեփական կարծիք ասեն, այլ ինչ-որ լրատվամիջոցի միջոցով փորձել են՝ իրենց կարծիքով, ինձ հարվածել, որը, ըստ էության, չի ստացվել, ու նաեւ խորացնել ՀԱԿ-Լյուդմիլա Սարգսյան հարաբերությունները։ Բայց ինձ ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ էդտեղ ճշմարտության մի փոքրիկ կետ անգամ չկա։



- Լավ, հիմա ի՞նչ հարաբերություն ունեք ՀԱԿ-ի եւ Լեւոն Զուրաբյանի հետ, եթե ասում եք՝ չխորացնեն դրանք։



- Ասեմ, խորացնում են, երբ հարաբերություն է լինում։ Չկա հարաբերություն, հետեւաբար, չկա նաեւ խորացման կամ մեղմացման գործընթաց։



- Իսկ միտում կա՞ հարաբերություն ստեղծելու-վերականգնելու։



- Գիտե՞ք ինչ, ես ինքս էդ ուղղությամբ եմ մտածել եւ էդ ուղղությամբ չեմ աշխատում։ Եթե իրենք ցանկություն ունեն էդ վիճակն ինչ-որ տեղ մեղմելու, թող էդ ուղղությամբ մտածեն։



- Այդուհանդերձ ասում են, որ Դուք այժմ տեղ եք փնտրում որեւէ «արեւի» տակ, որպեսզի հաջորդ խորհրդարանում կրկին լինելու հնարավորություն ունենաք։



- Ուրեմն Դուք՝ որպես լրագրող, ինձ ամեն օր էստեղ տեսնում եք։ Դուք իմ մեջ ինչ-որ խուճապային տրամադրություններ տեսե՞լ եք։ Կարծում եմ՝ ոչ։ Եվ, ընդհանրապես, մեզանից ոչ մեկը պատգամավոր չի ծնվել։ Եթե կգտնեմ էն համագործակցության ձեւաչափը, որտեղ ես կտեսնեմ եւ կուսակցությանը, եւ ինձ, ուրեմն կհամագործակցենք։ Չեմ գտնի՝ դրանով չի ավարտվում։



- Հանրապետականի ցուցակում հնարավո՞ր է հայտնվեք։



- Ես դա համարյա թե բացառում եմ, իսկ ինչ վերաբերում է այլ ցուցակներում կամ այլ դաշինքների մեջ մտնելուն, բազմաթիվ են քաղաքական ուժերը, որոնց հետ ես կարող եմ դաշինք կնքել։ Իսկ Հանրապետականի հետ ես կարծում եմ, որ պետք է բացառել, որովհետեւ կարծում եմ, որ ես, ընդդիմություն լինելով, ՀՀԿ-ն ինձ նման առաջարկ պետք է որ չանի։



- Դուք քիչ առաջ զրուցում էիք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։



- Ասեմ՝ էն, ինչ որ Դուք տեսաք, դա է։ Կարող է երեք ամիս հետո էլի մեզ մի անգամ միասին էսպես միջանցքում տեսնեք։ Կան մարդկային հարաբերություններ, մենք ինչ-որ տեղ նաեւ համերկրացիներ ենք, Վանաձորի հետ կապված մեր մասնաճյուղում երբեմն խնդիրներ են լինում, որի շուրջ կարող եմ նաեւ ինչ-որ խոսակցություն ունենալ իր հետ։ Ես Վահրամ Բաղդասարյան անձի հետ էի շփվում։ Քաղաքական հարց չէր քննարկվում, որպեսզի խմբակցության ղեկավարի հետ շփվեի։ Եթե էդպես ցանկանայի, դրա համար շատ ավելի հարմար պայմաններ կարելի էր ապահովել եւ մամուլի էջերում չհայտնվել։



- Մամուլը Ձեր մասին գրում է, որ պրոիշխանական դիրքորոշում ունեք, կառավարությանն եք գովերգում վերջին շրջանում։



- Ասեմ հետեւյալը, եթե իմ հարցազրույցներից նման տպավորություն եք ստացել, ուրեմն Դուք ինքներդ հետեւություն արեք։ Ես ինքս նման տպավորություն չունեմ, ասում եմ միշտ այն, որ ասել եմ մինչեւ հիմա։ Իսկ ինչ վերաբերում է կառավարությանը գովերգելուն՝ բացարձակ։ Եթե օբյեկտիվ եմ փորձում լինել, դա չի նշանակում, որ կառավարությանը գովերգում եմ։



- Դուք որեւէ ուժի հետ բանակցո՞ւմ եք նրանց ցուցակում ընդգրկվելու համար։



- Մի քանի ուժերի հետ, բայց չեմ ուզում դեռ էդ ցանկը հրապարակել։



- Հաջորդ ԱԺ-ում հայտնվելու ցանկություն կա՞, Դուք տեսնո՞ւմ եք Ձեր՝ ԱԺ-ում լինելու անհրաժեշտությունը։



- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մտնում է քաղաքական պայքարի մեջ, ակնկալում է լինել եւ խորհրդարանում, եւ իշխանություն դառնալ, դա նորմալ երեւույթ է։ Բայց ես դա հիվանդագին չեմ տանում՝ կլինեմ, թե չէ։



- Իսկ կարո՞ղ ենք ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի հետ այս հարցում բանակցությունները բացառել։



- Ես ոչինչ չեմ բացառում, բայց ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ նման գործընթաց չկա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ