«Հայկական վերածնունդ»-ը և ՀՅԴ-ն

«Հայկական վերածնունդ»-ը և ՀՅԴ-ն

Մեր տեղեկություններով՝ Թալինում ապրիլի 17-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններին թեկնածու առաջադրելու մտադրություն ունի նաեւ Դաշնակցությունը։



Նշենք, որ թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր փաստաթղթերն է ներկայացրել Թալինի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, այլ առաջադրումներ դեռ չկան: Առաջադրումներից մոտ մեկ ամիս առաջ քաղաքում տեղեկություններ էին տարածվել, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի դեմ առաջադրվելու մտադրություն ունի նախկին քաղաքապետի կինը՝ մասնագիտությամբ բժշկուհի, Թալինի ավագանու անդամ Թամարա Գեւորգյանը:



Ի դեպ, նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:



Կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Թալինի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին , քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին:



«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր: