«Վենետիկցիների» հանդիպումները խորհրդարանում

«Վենետիկցիների» հանդիպումները խորհրդարանում

Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի անդամները երեկ ԱԺ խմբակցությունների եւ անկախ պատգամավորների հետ հանդիպումներ ունեցան։ Քանի որ հանդիպումը փակ էր, պատգամավորները կցկտուր բաներ ասացին՝ փորձելով ավելի շատ իրենց տպավորություններով կիսվել, քան տեղեկատվություն փոխանցել։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար տպավորիչ էր այն խորաթափանցությունը, որով փորձագետներն ուսումնասիրում են իրենց փաստարկները։



Նա նաեւ զգացել է, որ նրանք ցանկանում են ինչ-որ բանով օգնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակման խնդրին, որտեղ ՀՀԿ-ն մշտապես ապավինում է նույն այդ «վենետիկցիների» մոտեցմանը, որ չի կարելի հրապարակել, Զուրաբյանն ասաց․ «Իհարկե, մենք բարձրացրել ենք այդ հարցը՝ ասելով, որ դեռ սովետական ժամանակներից Հայաստանում եղել է այդ պրակտիկան, որ ընտրություններից հետո ստորագրված ցուցակները հրապարակվել են։ Եվ ես իրենց հիշեցրել եմ, որ այն ժամանակ ոչ ոք այդ պրակտիկայի դեմ չի բողոքել։ Եվ եթե իշխանություններն ասում են, որ կարեւոր է ընտրողների մասնավոր կյանքի պաշտպանությունը, մենք էլ ասում ենք, որ նախ պետք է իմանանք, թե ումից ենք պաշտպանում այդ ինֆորմացիան»։



ԲՀԿ-ն եւս բարձրացրել է ցուցակների հրապարակման հարցը։ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք ցանկանում էին նաեւ հասկանալ, թե Վենետիկի հանձնաժողովում տրամաբանությունն ինչպիսին է։ «Քանի որ մի կողմից մենք ունենք Սահմանադրական դատարանի վճիռ եւ մյուս կողմից ունենք քաղաքական անվստահության դրսեւորումներ: Ի վերջո, հանձնաժողովը կգա այն եզրահանգման, որը բոլորիս համար անհրաժեշտ է»:



Հյուրերը հանդիպել են նաեւ տարբեր խմբակցություններից անկախացած պատգամավորների հետ՝ Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Ալիկ Արզումանյանի։ «Բնականաբար, ցուցակների մաքրումից խոսեցինք, 97-րդ հոդվածից խոսեցինք, որ հնարավորություն չի տալիս մյուս քաղաքական ուժերին, որոնք միասին կարող են 60 տոկոս քվեներ ունենալ, կառավարություն ձեւավորել, լրագրողների հետ կապված սահմանափակումից, որ ութ հոգուց ավել չի կարող ներկա լինել տեղամասում։ Ինչո՞ւ ոչ, նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, որոնք այս նախագծով հնարավորություն չունեն դիտարկում անցկացնելու, դա առնվազն ինձ համար հասկանալի չէ»,-հանդիպումից հետո մեզ փոխանցեց Խաչատուր Քոքոբելյանը։



Իսկ ի՞նչ արձագանք եղավ։ Քոքոբելյանը փորձեց ակնարկով բան հասկացնել․ «Բնականաբար, իրենք, որպես ավելի շատ չեզոքություն պահպանող խումբ, փորձում էին նաեւ շատ-շատ հարցերից խուսափել, իսկ եթե ավելի հստակ ասեմ, կարելի է ասել՝ կետ չկար, որ իրենց մոտեցումը հասկանալի չդարձներ մեզ»։ Այդ մոտեցումն ավելի շատ ձեր դիտարկումների նկատմամբ մերժողակա՞ն էր, թե՞ ընդունելի։ Քոքոբելյանը հստակ պատասխան չտվեց․ «Որեւիցե խնդրի հետ կապված՝ մերժողական մոտեցում ես չեմ նկատել։ Ընդունելի էլ չի կարելի ասել, որովհետեւ իրենք իրենց առաքելության շրջանակներում իրավունք չունեն հստակ ասելու, բայց մի քիչ եթե ավելի շատ ասեմ՝ յուրաքանչյուրն ընկալում է այնքան, որքան կարող է»։



Օրվա վերջում «վենետիկցիները» հանդիպեցին իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հետ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդիպումից հետո թվարկեց այն մտահոգությունները, որ ներկայացրել են եվրոպացիներին։ Դրանք են՝ անձերի նույնականացման եւ այլ անձանց փոխարեն քվեարկության բացառումն ապահովող մեխանիզմները, դիտորդների եւ լրագրողների սահմանափակումը եւ այլն։ Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակման հարցին, ապա Վարդանյանն ասաց․ «Մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կան իրավական խոչընդոտներ, ապա պետք է գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն ցուցակների մատչելիությունը»։



Ի տարբերություն մյուս բոլոր խմբակցությունների՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը, ըստ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հավաստիացման, ցուցակների հրապարակման հարց ընդհանրապես չի բարձրացվել։ «Նմանատիպ խնդիր ընդհանրապես չբարձրացվեց։ Իսկ երբ մենք բարձրացրինք այն խնդիրը՝ այդ երկու ցուցակների հետ կապված՝ համապետական եւ ընտրատարածքային (խոսքը ռեյտինգային ցուցակների մասին է), իրենք ասացին, որ մենք այդտեղ խնդիր չունենք ընդհանրապես, եւ իրենց երկրների օրինակները բերեցին այդ հարցում»,- ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ