Զուրաբյանը ստացել է Փաշինյանի նամակը և շուտով պատասխանը կտա

Զուրաբյանը ստացել է Փաշինյանի նամակը և շուտով պատասխանը կտա

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեր հարցի սկզբում տեղյակ չէր նույն խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական նամակից՝ ուղղված իրեն։ Նամակով Փաշինյանը դիմում է Զուրաբյանին ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած, նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված, նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ 



«Ես չգիտեմ ինչ ա դիմել, ով ա դիմել, ինչ հարցով»,-մեր հարցից անակնկալի եկած՝ անտեղյակություն ցուցաբերեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։



Բայց, ընդամենը վայրկյաններ անց, Զուրաբյանի միտքը պայծառացավ, երբ նրան տեղեկացրինք, թե ինչի մասին է խոսքը, բայց մինչ այդ նա փորձեց մի քիչ էլ ձգել․ «Շատ լավ, որտեղի՞ց է ձեր տեղեկությունը»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե մամուլում հրապարակված է, ստորագրված է, ուղարկված է իրեն, Զուրաբյանն անկեղծացավ․ «Շատ լավ, ուրեմն դրա պատասխանը կլինի»։



Այսինքն՝ չէ՞ր ստացել նամակը։ «Նամակը ես ստացել եմ, ուզում եմ հասկանալ՝ ով է հրապարակել»։ Ասացինք, որ «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության խոսնակն ու կայքերն են հրապարակել, որից հետո Զուրաբյանն ասաց․ «Շատ լավ, ուրեմն պատասխանը կստանաք»։



-Իսկ եթե հրապարակված չլիներ կայքում, պատասխանը չէի՞նք ստանա։



-Բոլոր հարցերի պատասխանը շատ շուտով կստանաք։



-Փաստորեն ստացել էիք նամակը, տեղյակ էիք։



-Ես ստացել եմ նամակը, ես ասում եմ՝ ձեզ հուզող հարցերի պատասխանը շատ շուտով կստանաք։



Նա նաև ասաց, որ իրենք այս հարցում «նորմալ, լավ դիրքորոշում ունեն», և դրա մասին այսօր օրվա ընթացքում կտեղեկանանք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ