Մարդիկ անձերին են ընտրելու, ոչ թե կուսակցություններին

Մարդիկ անձերին են ընտրելու, ոչ թե կուսակցություններին

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծով, բացի Երեւանից, նաեւ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում այլեւս անհատներ չեն կարողանալու մասնակցել: Այսուհետ, ինչպես Երեւանում, այնպես էլ այդ քաղաքներում ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն ավագանու ցանկից: Այսինքն՝ բոլոր անկուսակցական անհատները պետք է կամ անդամագրվեն որեւէ կուսակցության, կամ մտնեն որեւէ կուսակցության համամասնական ցուցակ, եթե ուզում են քաղաքապետ դառնալ: Արդեն մի քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ սեպտեմբերին ընտրվելիք Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ անկուսակցական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:



Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանի քայլին հետեւեց նաեւ Մարտուն Գրիգորյանը՝ լքելով ԲՀԿ-ն: Չնայած օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով, որը գյումրեցի է լինելու, սակայն վերջին օրերին խոսվում է նաեւ, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հարցերը «լուծել» է, եւ հենց նա է առաջադրվելու ՀՀԿ ցուցակով։ Ի՞նչ պլաններ ունի Մարտուն Գրիգորյանը, շարունակո՞ւմ է հավակնել այդ պաշտոնին, եթե այո՝ ո՞ր կուսակցության հետ։



- Պարոն Գրիգորյան, հնարավո՞ր է, որ այլեւս փոշմանել եք, չեք մասնակցելու ընտրական գործընթացներին, որովհետեւ քիչ ժամանակ է մնացել, բայց Դուք դեռեւս չեք կողմնորոշվել։



- Իհարկե ոչ, դուրս չենք մնալու, պետք է ուսումնասիրենք նախ այդ օրենքը, պետք է կողմնորոշվենք ու որոշում կայացնենք։



- Իսկ հակված եք նորի՞ց կուսակցական դառնալ, թե՞ ընդգրկվել որեւէ ուժի ցուցակում։



- Կուսակցության անդամակցելու մասին դեռեւս ոչինչ չեմ կարող ասել, բայց քանի որ օրենքը կա, ու այլեւս անհատապես հնարավոր չէ որեւէ ընտրության մասնակցել, օրենքը պարտադրում է համամասնական ցուցակ ընդգրկվել, դա է ուսումնասիրվելու։



- Շարունակո՞ւմ եք հավակնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին ու ո՞ր ուժի հետ եք գնալու։



- Մենք դեռ պետք է Ընտրական օրենսգրքի նախագիծն ուսումնասիրենք, հասկանանք, որովհետեւ սա մեզ համար նոր ընտրակարգ է, ու նաեւ պետք է նայենք, հասկանանք կոնկրետ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցություններին, սա այդ թիմերի համար մտածելու առիթ է, ուսումնասիրելու-հասկանալու, քանի որ գյումրեցիները մինչ այս ընտրություն են կատարել անձով պայմանավորված, այսօր պետք է հասկանանք նաեւ ընդհանուր ժողովրդի տրամադրությունները։ Ինչ վերաբերում է իմ առաջադրվել-չառաջադրվելուն, քանի որ հիմա պրոցեսն ավելի քաղաքական է, ու կուսակցական խնդիրներ են առաջ գալիս, պետք է ուսումնասիրել ու հասկանալ խնդիրը, նոր որոշում կայացնել։



- Ի՞նչ կարծիքի եք նոր ընտրակարգի վերաբերյալ, համաձայն որի՝ Գյումրիում այսուհետ ուղիղ ընտրություններ չեն լինի, եւ կուսակցություններից ընտրված ավագանին կընտրի քաղաքապետին։



- Մեծ հաշվով՝ անձերի ընտրություն է լինելու, մանավանդ փոքր քաղաքներում, այսինքն՝ մարդիկ անձերին են ընտրելու, ցուցակների առաջին համարներին։



- Բայց, հաշվի առնելով, որ Շիրակում եւ հատկապես Գյումրիում ոչ իշխանական տրամադրություններ են գերիշխում, ինչը փաստվում է բոլոր ընտրություններին, հնարավո՞ր է որեւէ ընդդիմադիր կուսակցության ցուցակ մտնեք։ Մանավանդ որ նոր կուսակցություն է կարծես Գյումրիում ստեղծվում։



- Չեմ կարող չափել, թե կոնկրետ որ տրամադրություններն են գերակշռում իմ դեպքում։ Բայց ժողովուրդն ինձ ձայն է տվել եւ իմ պատգամավորական աշխատանքը տեսել է, ու 2012-ին էլ տեսաք, թե ինչ մրցապայքարում ինձ ձայն տվեցին, իսկ կոնկրետ ընդդիմադիր, թե իշխանական կուսակցությունների մասով պետք է դեռ իրավիճակ հասկանանք։



- Օրինակ, հնարավո՞ր է նորից ԲՀԿ վերադառնաք։



- Էլի եմ ասում, ժամանակ ունենք մտածելու։



- Ամեն դեպքում չեք բացառում, որ հանուն պաշտոնի կամ մանդատի վերադառնաք մի տեղ, որտեղից ընդամենը ամիսներ առաջ եք դուրս եկել։



- Ուրեմն էլի եմ ասում, քաղաքապետի ընտրությունների հետ կապված կոնկրետ որոշում չկա, իսկ ԱԺ ընտրությունների հետ կապված՝ դեռ ժամանակ կա։



- Ձեր անձնական տեսակետն եմ հարցնում, ոչ թիմի։ Օրինակ՝ տեսնո՞ւմ եք բազում կուսակցություններ, որոնց հետ կուզենայիք ճանապարհ անցնել, թե՞ որոշումը Ձեզնից կախված չէ։



- Հասկանալի է, բայց որոշում չկա։



- Շիրակի մարզը վստահել են ՀՅԴ-ին, մարզպետ է նշանակվել դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, քննարկո՞ւմ եք, օրինակ, այդ կուսակցության ցուցակով գնալու հարցը, թե՞ ավելի հակված եք ՀՀԿ-ի տարբերակին եւ սպասում եք առաջարկի։



- Եթե ես հիմա ասեմ՝ էս մեկին համակրում եմ, էն մեկին համակրում եմ, նյութի վերնագիրը դառնալու է «Մարտուն Գրիգորյանը, հավանաբար, մասնակցելու է այսինչ կուսակցությունով»։ Բայց եթե քաղաքականության մեջ մնալու ենք, հաստատ մի տեղ լինելու ենք, թե որտեղ, օրը կմոտենա, հստակ կորոշենք։



- Իսկ ինչո՞ւ պիտի որեւէ կուսակցություն, օրինակ՝ ՀՀԿ-ն, Ձեզ ընդգրկի իր ցուցակի առաջին հորիզոնականում՝ ցույց տալով, որ ինքը համապատասխան ռեսուրս չունի եւ անկուսակցականի է տանում։



- Ես այդ հարցին չեմ պատասխանի, եւ, այո, այնպես էլ չէ, որ որոշեցինք այսինչ կուսակցությունով, այդ կուսակցությունով էլ պիտի մասնակցենք, նաեւ պետք է քննարկենք տվյալ կուսակցության հետ, հրավեր ստանաս կամ առաջարկ անես։



- Դուք պատրա՞ստ եք կուսակցական դառնալ հանուն...



- Էլի եմ ասում՝ գլխավորը ոչ թե կուսակցական դառնալն է, այլ ցուցակում ընդգրկվելը։ Բայց պետք է նայել, թե տվյալ կուսակցությունն ինչ պահանջներ ու պայմաններ ունի։ Իհարկե, ավելի նախընտրելի է ոչ կուսակցականի կարգավիճակը։