Վարկանիշային ինդեքսի իջեցումն սպասելի էր

Վարկանիշային ինդեքսի իջեցումն սպասելի էր

Moody’s Investor Service հեղինակավոր միջազգային գործակալությունը, որն զբաղվում է ռիսկերի գնահատմամբ եւ վարկային ռեյտինգներ է կազմում պետությունների համար, իջեցրել է Հայաստանի վարկանիշը։ Ազգային արժույթով ավանդների վարկանիշը եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը Moody’s-ի փորձագետները Ba1-ից դարձրել են Ba2։ Որպես պատճառ, նշվում են Ռուսաստանից փոխանցումների կրճատումը, ինչը մեզ թուլացրել է, օտարերկրյա ուղղակի ներդրումների անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ զգայունության աճը։ Որպես տնտեսական աճի ռիսկ, նշվում է ղարաբաղյան հակամարտությունը։ «Հիմնավորումները եւ տնտեսական, եւ քաղաքական բնույթի են։ Իրենք նշում են, որ պետական պարտքը արդեն վտանգավոր չափի է մոտեցել՝ համախառն ներքին արդյունքի 50 տոկոսի»,- ասում է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, որին խնդրեցինք, որպես մասնագետ, բացել չակերտները։ 



- Ռուսաստանից դրամական փոխանցումների ավելացումը կարելի՞ է դիտարկել որպես քաղաքական գործոն՝ մեր տնտեսության վրա ազդող։



- Իհարկե, միակողմանի կախվածությունը ռուսական շուկայից, տրանսֆերտներից կախվածությունը կարելի է համարել քաղաքական գործոններ։ Համենայնդեպս այն, ինչ գրված է, իրականություն է, եւ բնական է, որ վարկանիշային կազմակերպությունները պետք է իջեցնեին Հայաստանի վարկանիշային ինդեքսը։ Այդ վարկանիշները մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել են։



- Բայց Դուք բացառո՞ւմ եք, որ այս մոտեցման մեջ կա քաղաքական բաղադրիչ։



- Չի բացառվում, բայց ես միշտ ասել եմ, որ մեր այսօրվա տնտեսական խնդիրները քաղաքական հարթությունում են գտնվում, որովհետեւ տնտեսական դաշտում այլեւս անելիքներ չկան։ Տնտեսական վիճակի բարելավումն ու փոփոխությունը կապված են քաղաքական որոշումների հետ, որոնք պետք է կայացնի իշխանությունը, բայց դրա համար պետք է կամք եւ խիզախություն։ Այն լուծումները, որոնք սպասվում են, պահանջում են մեծ կոնսոլիդացիա հասարակության մեջ եւ ընկալում։ Դա օրենսդրության փոփոխություններն են, որոնք ծախսերի արդյունավետությանն են ուղղված լինելու, իսկ իշխանությունն ընդունակ չէ գնալու դրան, առավել եւս, երբ ընտրությունների է գնում։ Նկատի ունեմ առանձին ծրագրերի սառեցում, լրացուցիչ անիմաստ պետական վարկեր վերցնելը։ Միայն նախանցյալ եւ այս տարվա առաջին երկու ամսվա հաստատված վարկերը համեմատեք եւ կտեսնեք, որ դրանք ուղղված են հիմնականում բյուջեի սպասարկմանը։ Ստվերային ձեւով տեղի է ունեցել հետեւյալը․ եկամուտներ չկային, բայց ծախսերը շարունակում էին անել ոչ թե եկամուտների հաշվին, այլ պետական պարտքի, որի արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նախատեսվածից 10 անգամ ավելացավ։



- Հիմնականում ի՞նչ ցուցանիշների վրա են ուշադրություն դարձնում Moody’s-ի մասնագետները։



- Չափանիշները տարբեր են։ Օրինակ, բանկային համակարգն են նայում, պետական պարտք, վճարունակություն, տնտեսական աճի միտումներ։



- Գրել են նաեւ, որ ԼՂՀ հակամարտությունը վնասում է տնտեսական աճին։ Սա է՞լ է չափանիշ։



- Իհարկե, իմ եւ իմ համախոհների մոտեցումն այն է միշտ եղել, որ մենք պետք է հնարավորինս շուտ այս հարցը լուծենք։ Ի վերջո, մենք կարող է ընդհանրապես տնտեսական աճ չկարողանանք ապահովել։ Եվ այդ հարցերի լուծումը երկարաձգելը չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է։



- Արտաքին ինվեստորները նայո՞ւմ են այս թվերին, թե՞ սա զուտ ձեւական, քաղաքական ենթատեքստ ունեցող վարկանիշավորում է։



- Ոչ։ Բոլոր լուրջ ներդրողները, այդ թվում՝ նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք Հայաստանում ներդրումների կարիք ունեն, անպայման առաջնորդվում են այդ թվերով։ Երբ մենք խոսում ենք այս ամենի մասին, ոմանք մտածում են, որ մենք քաղաքական հայացքներով չենք համընկնում իշխանության հետ, դրա համար ենք նման գնահատականներ տալիս։ Հավատացեք, չկա նման բան։ Մասնագետներն օբյեկտիվ իրավիճակ են ներկայացրել, եւ մենք դա տեսնում ենք։ Ներդրումների մասին խոսելիս ամենակարեւոր հանգամանքը երկրի ներքին իրավիճակն է՝ որքանով են մեզ մոտ տնտեսական օրենքները կամ քաղաքական իրավիճակը բարենպաստ։ Ոչ ոք չի ուզում ներդրում անել, ի՞նչ եք ուզում։ Պատճառը ո՞րն է, եկեք փնտրենք։



- Պարոն Խաչատրյան, հարկային նոր փաթեթի մշակման մասին է անընդհատ խոսվում։ Ինչպես եւ Ընտրական օրենսգրքի դեպքում, այն առայժմ մութ է, բայց խոսվում է հարկային արտոնությունների վերացման մասին։ Գործարարների հետ են առայժմ քննարկումները։ Դուք ծանո՞թ եք փաթեթին։ Ո՞րն է Ձեր մոտեցումը։



- Ես հիմա աստիճանաբար ծանոթանում եմ։ Նախ, ամենավատն այն է, որ հրապարակային չի արվում։ Ճիշտ է, մասնագիտական քննարկումներ են, բայց այնտեղ առանցքային փոփոխություններ են նախատեսվում։ Այն բնագավառները, որ չէին հարկվում, հիմա պետք է հարկվեն։ Խոսքը գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, դիզելային վառելիքի մասին է։ Որպես տնտեսագետ, ես գտնում եմ, որ դա ճիշտ է, բայց խնդիրը նրանում է, թե այդ արտոնությունները վերացնելու արդյունքում նույն ոլորտների զարգացումն ինչպես է ապահովվելու։ Փոխհատուցման մեխանիզմներ չկան։ Ասենք, եթե այդ նույն գյուղատնտեսությունն սկսում է հարկվել, պարզ է, որ բեռ է առաջանում գյուղացու համար, եւ գյուղացին դրա տակից չի կարողանալու դուրս գալ, դա էլ է պարզ։ Ուրեմն պետք է փոխհատուցման մեխանիզմ լինի։



- Հետեւանքն ի՞նչ է լինելու։



- Դա նշանակում է, որ այդ ծառայությունների գինը կբարձրանա։ Նաեւ՝ գյուղատնտեսական աշխատանքների։ Գյուղացին հարկատու պետք է դառնա, մենք կրթության եւ առողջապահության համար ավելի շատ պետք է վճարենք։ Նորից եմ կրկնում։ Ընդհանուր սկզբունքը, որ պետք է հարկային դաշտում բոլոր ճյուղերը հավասար լինեն, ընդունում եմ, բայց պետական քաղաքականությունը հենց նրանում է կայանում, որ պետությունը պետք է իր առաջնահերթությունները սահմանի։ Մինչեւ երկու տարի առաջ մենք Առեւտրի միջազգային կազմակերպության հետ ունեինք պայմանավորվածություն, որ մեզ մոտ գյուղատնտեսությունը 100 տոկոսով չի հարկվում։ Այսինքն՝ մենք 10 տարի կարող էինք չհարկել, բայց այդ 10 տարվա ընթացքում մենք ոչինչ չարեցինք, որ մեր գյուղատնտեսությունը կամ գյուղացին, կամ ընդհանրապես այդ բնագավառը տրամադրվի, որ ինքը պետք է հարկային դաշտում աշխատի։