Կառավարությունից սպասելիք չունեն, բայց պետք է «անհանգստացնեն» ու հիշեցնեն՝ պայքարելու են. (կառավարության մոտ)

Կառավարությունից սպասելիք չունեն, բայց պետք է «անհանգստացնեն» ու հիշեցնեն՝ պայքարելու են. (կառավարության մոտ)

Կառավարության շենքը կրկին մարդաշատ է, շենքի դիմաց հավաքված «բողոքականները» խմբերի են բաժանված և արդեն ծանոթ դեմքերը հուշում են, թե խմբերից յուրաքնաչյուրն ինչ խնդրով է եկել կառավարություն:



Կառավարության շենքի մշտական «հյուրեր»՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, նույնպես եկել էին ակցիայի, չնայած նրան, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանն իրենց խնդրի քննարկմանը կարծես ընթացք է տվել, նոր հանձնաժողով է ստեղծվել, ընդգրկել է նաև մի քանի նախկին աշխատակիցների: «Չենք ուզում մեր այս պայքարը դադարեցնել, ընդմիջում տալ: Հետևաբար ընթացիկ պայքարը ամեն հինգաշաբթի շարունակվում է».-բացատրեց նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը: Վերջինս պատմեց, որ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ Լևոն Յոլյանը առաջարկ է արել, որ եթե կարող են, թող իրենք էլ ներդրողներ փնտրեն. «Փնտրել ասելով ես ինչ նկատի ունեմ, բնականաբար դա բոլորին չի վերաբերվում, կա այս խմբի մեջ մի կարող ուժ, որ նախկին տնօրենն է, որը նաև ենթահանձնաժողովում փորձագետ է կցված: Նա ունի այդ պոտենցիալը, ցանկացած ներդրողի հետ ինքն էլ է բանակցություններ վարում, ինքն էլ իր առաջարկներն է անում, ու անպայման ունի հին կապերը»:



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունով պաստառներն անպակաս էին. «Պարոն վարչապետ, վերականգնեք հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները», «Պարոն վարչապետ, Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամների ընտանքիները պահանջում են օրենքով սահմանված ամսական գումարները». բողոքում էին 2001թ. մայիսին Իրանի Իսլամական Հանրապետությունում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի` զոհված օդաչուների հարազատներն ու մի խումբ նախկին օդաչուներ: Օդաչուներն արդեն 4 տարի, իսկ զոհվածների իրավահաջորդները՝ 2 տարի, չեն ստանում իրենց հասանելիք ցմահ նշանակված փոխհատուցումը:



Մշտական պահանջներով Կոնդի և Տերյան-Պուշկին փողոցի բնակիչներն էին նաև այստեղ, կանայք մեզ հետ զրույցում նշում էին, որ թեև առանձնապես սպասելիքներ չունեն այս «ամուլ» կառավարությունից, բայց պետք է ամեն անգամ «անհանգստացնեն» նրանց, հիշեցնեն, որ իրենք պայքարելու են մինչև վերջ:





Պետիկ Գուլգուլյանն էլ «շնորհակալություն» է հայտնում, որ դստեր նկատմամբ քրեական գործ չեն նախապատրաստել երեխաներին ծեծի ենթարկելու համար: Hraparak.am-ի հետ զրույցում տղամարդը պատմեց, որ դստերը դպրոցից դուրս են հանել ապօրինաբար, պատճառաբանել են, թե ծեծել է երեխաներին, ծնողները բողոքել են. «Տնօրենը կանչում է, ասում ՝ սա իմ դպրոցն է, ես եմ որոշում այստեղ կաշխատեք, թե ոչ»:



Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված տաքսու վարորդներն ու ՀԿ ներկայացուցիչներն էլ ցույց էին իրականացնում ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ապօրինի գործողությունների։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արդեն տարի ու կես է չի հանդիպում իրենց հետ, չի քննարկում խնդիրները, տաքսու վարորդները համարում են, որ նախարարությունը գոռոզություն է անում. «Ես ասում եմ՝ տարի ու կես է Դուք չեք հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեղադրանքներն այն է, որ հանդիպում են այն ՀԿ-ների հետ, թե տուգանեք սաղին, կամ հանդիպում եք վարորդների հետ, որոնք հոգեկան հիվանդ են, վարորդական իրավունք չունեն»: