Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց մոտ դրական դինամիկա է նկատվում

Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց մոտ դրական դինամիկա է նկատվում

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: ԼՂՀ առողջապահության նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է:



«Արեւիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Նրանցից Գեւորգ Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:



Վարդան Անդրեասյանը երեկ վիրահատվել է. տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:



ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը: