Արցախի հյուրանոցներում տեղ ու դադար չկա

Արցախի հյուրանոցներում տեղ ու դադար չկա

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել է Արցախի վրա: Այս օրերին մարդկանց հոսքը հայկական երկրորդ պետություն չի դադարում: Երեկ մենք այցելել էինք Երեւանի կենտրոնական ավտոկայան, որտեղ ականատես եղանք ԼՂՀ մեկնող ավտոբուսների եւ տաքսիների մեծ հոսքի:



Hraparak.am-ի թղթակիցը զանգեց նաեւ ԼՂՀ մի շարք հյուրանոցներ՝ փորձելով ազատ տեղ ամրագրել, սակայն հյուրանոցները լեփ-լեցուն են, տեղ ու դադար չկա։ Հյուրանոցներից մեզ հայտնեցին, որ սահմաններին լարվածության առաջին օրերից շատերն են շտապել Արցախ, հիմնականում՝ Հայաստանի տարբեր մասերից եկած մարդիկ են, կան նաեւ պարզապես զբոսաշրջիկներ: Այստեղ են ասել, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ խաղաղ ժամանակ արտագաղթում են, իսկ պատերազմի ժամանակ՝ ներգաղթում:



Օրինակ՝ «Պարկ Հոթել Արցախ»-ում կա 30 սենյակ, որից 28-ն այժմ զբաղված է, իսկ 2-ն էլ ամրագրված: «Արմենիա» հյուրանոցում եւս ազատ տեղ չկա: Մի շարք հյուրանոցներից էլ հայտնեցին, որ մաքսիմում 15 հոգի կարող են տեղավորել, բայց ամեն սենյակում պետք է 3-4 հոգի մնա, ազատ տեղ չկա:



Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ: Պաշտոնական տվյալներով հայկական կողմից զոհվել է 29 զինծառայող, վիրավորվել 101-ը, եւս 26-ը անհետ կորած է:Երեկ, ամենայն հավանականությամբ ՌԴ միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մինսկի խումբն էլ հանդիպում է ունեցել եւ տարածել հայտարարություն: