Այս պատերազմը մեր երկրի համար բացել է նոր հնարավորություններ. Մանվել Սարգսյան

Այս պատերազմը մեր երկրի համար բացել է նոր հնարավորություններ. Մանվել Սարգսյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։



-Պարոն Սարգսյան, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ փորձագիտական շրջանակներում հնչել են տարբեր գնահատականներ։ Ոմանք այդ գործողությունները կապում են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, ոմանք Թուրքիայի «մատն» են տեսնում այս պատերազմում։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն ինքնաբու՞խ էր դիմել այդ գործողություններին, թե՞ կար որոշակի քաղաքական, ռազմական, քարոզչական հովանավորություն։



-Երբ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւ ընդունվեց, հայտարարեցին օկուպացված տարածքների մասին, արդեն իսկ այդ ժամանակ նկատելի էր, որ ինչ-որ ուժերի կողմից կա շահագրգռվածություն՝ դիմելու խառնակչությունների։ Կասկած կար, որ այստեղ կա միջազգային խառնակչություն։ Հետագայում, երբ ԱՄՆ-ում եղան հանդիպումներ, որտեղ հանկարծակի կանչեցին Իլհամ Ալիեւին, ինչ-որ ոգեւորող հայտարարություններ արեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, Թուրքիան հայտնվել էր բարդ իրավիճակում, որը կոչ արեց ՌԴ-ի վերականգնել հարաբերությունները եւ միասին կարգավորել հակամարտությունները։ Երբ Ադրբեջանը դիմեց նման քայլերի, նկատելի էր, որ դեր են խաղացել միջազգային գործոնները։ Եվ Ալիեւի գործողությունները փորձում էին ստեղծել մի իրավիճակ, որը կազդի բանակցությունների պրոցեսի վրա։ Ադրբեջանի նպատակն էր ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որպեսզի փոխվի բանակցությունների ձեւաչափը, եւ Թուրքիան էլ դառնա մասնակից։



-Այսինքն՝ Ադրբեջանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբին ճնշե՞լն էր։



-Միանշանակ։ Պետք է հետեւել, թե առաջիկայում քաղաքական ինչ փոփոխություններ են լինելու։



-Իսկ ճի՞շտ եք համարում ներկա պահին ԼՂ ճանաչման պահանջ առաջ քաշելը։



-Հայ ժողովրդի նպատակը ո՞րն է։ Եթե պետք է գտնել, որ ճանաչումը պետք է, ճանաչում են։ Ինչ-որ սխեմաներ են գծում, որ, եթե լինեն լայնամասշտաբ գործողություններ, ապա կճանաչեն, եթե չեն լինի՝ չեն ճանաչի։ Պետք է ունենալ հստակ դիրքորոշում, հստակ քաղաքականություն։ Նման քաղաքականություն Հայաստանում այսօր չկա, այլ կա ավանտյուրային բանաձեւը՝ եթե կռիվ սկսեք, մենք կճանաչենք։ Դրա համար էլ այս հարցը չունի պատասխան։



-Սերժ Սարգսյանն էլ օրերս Բեռլին կատարած այցի ժամանակ, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ հայկական կողմը կռվել է հիմնականում անցյալ դարի 80-ականների զենքով։ Անցած օրերի ընթացքում բացահայտվեց նաեւ, թե մեր բանակը ինչ ռազմական տեխնիկայով է դիմակայում հակառակորդին, այն դեպքում, երբ ամպագոռգոռ հայտարարություններ են արվել եւ արվում բանակն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու, ամեն ինչ բանակին ուղղելու մասին։



-Ընդհանրապես այդ քառօրյա պատերազմը քանդեց բազմաթիվ առասպելներ։ Վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ հնարավոր չէ առաջնորդվել պատերազմի մասին 1994թ. պատկերացումներով։ Պետք է հասկանալ, թե ինչ է այսօր շփման գիծը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Այդ շփման գիծը դարձել է խաբկանքի բուն։ Կան զինատեսակներ, որոնք այսօր արդեն անիմաստ են, օրինակ՝ տանկերը։ Թե՛ շփման գիծը, թե՛ որոշ զինատեսակներ այսօր արդեն կորցրել են իրենց էությունը։ Պետք է վերանայվի բանակի, առհասարակ՝ ռազմական քաղաքականությունը։ Այս օրերին Ադրբեջանը պետք է օգտագործեր ուրիշ զենքեր։ Եվ եթե չի օգտագործել այդ զենքերը, նշանակում է, որ նա ի վիճակի չի, վախենում է։



-Ի վերջո, ի՞նչ հետեւություններ պետք է անենք այս պատերազմից։ Կան կարծիքներ, որ ազգային համախմբում տեղի ունեցավ, մեր ժողովուրդը ցույց տվեց իր լավագույն որակներն ու միասնականությունը, ձեռք բերեցինք միջազգային հարգանք։



-Այդ ամենը հարցի բարոյական կողմն են։ Պատերազմը մենք չենք սկսել, մեր բանակը լուծել է իր առջեւ դրված խնդիրները։



-Նախօրեին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարները եւ ձեռք բերել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, որն, ըստ տեղեկությունների, փաստաթղթավորված չէ։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը։ Որքանո՞վ կարող է լինել այն արդյունավետ։



-Դա ընդամենը պայմանավորվածություն է, որը դժվար է ասել, թե որքան կտեւի։ Ամեն ինչ պետք է տեսնել համաշխարհային գործընթացների համապատկերում։ Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեր, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, եւ մենք դրա վրա ազդել չենք կարող։ Եվ այդ ամենը նա հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ երկրում։ Մենք պետք է հետեւենք ընթացիկ քաղաքական գործընթացներին եւ տեսնենք, թե ինչ քաղաքական փոփոխություններ են լինելու թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում։ Կոնֆլիկտները առիթ են միջազգային քաղաքականության մեջ շատ հարցեր լուծելու համար։ Տեսեք՝ 2008թ. Վրաստան-Ռուսաստան պատերազմը տեւեց հինգ օր, բայց որքան լրջագույն փոփոխություններ եղան դրանից հետո։ Ցանկացած պատերազմից հետո հետագայում ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն այս պատերազմը մեր երկրի համար բացել է նոր հնարավորություններ, որոնցից օգտվել է պետք։ Պետք է փաստաթուղթ ստորագրվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Իլհամ Ալիեւն իրեն փոսի մեջ է գցել։ Եվ եթե մենք չօգտվենք այդ հնարավորություններից, դա պետական հանցագործություն է։ 



Թագուհի Հակոբյան