Կցանկանայի հաջորդ ընտրություններում դրսից ուժեր չխառնվեին. Տիգրան Հարությունյան

Կցանկանայի հաջորդ ընտրություններում դրսից ուժեր չխառնվեին. Տիգրան Հարությունյան

Թալինում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Հարությունյանը հավաքել էր 1036 ձայն և պարտվել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանին, ում օգտին քվեարկել էին 1993 թալինցիներ: Ինչևէ, Տիգրան Հարությունյանն արդեն հասցրել է շնորհավորել իր մրցակցին:



Hraparak.am-ը հետաքրքրվեց Տիգրան Հարությունյանից, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունները, իրենց շտաբն ընտրակեղծիքներ գրանցե՞լ է. «Արձանագրություններ կազմվել են, որ խոշոր չափի ընտրակեղծիքներ չեն արձանագրվել: Ես փաստեր չունեմ ինչ-որ փող բաժանելու, ճնշումներն էլ չեմ կարող ասել: Ուղղակի կարող եմ ասել, որ կցանկանայի հաջորդ ընտրություններում դրսից ուժեր չխառնվեն, թողնեն մեր բնակչությունն ինքը որոշի ով կկանգնի, ում կուզենա տեսնել որպես քաղաքապետ: Իսկ դրսի ուժերը, երբ խառնվում են, ես կցանկանայի, որ դրանից հետո գոնե մի անգամ տարվա մեջ ամեն մեկն իր փոքր լուման ներդներ քաղաքի զարգացման հարցում: Ընդամենը սա».- նշեց Տիգրան Հարությունյանը, ով նկատի ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը Թալին:«Մեծ թվով մարդկանց հետ են եղել, որոնք ընդհանրապես երևի առաջին ու վերջին անգամ են եղել Թալինում և հարց է կլինե՞ն, թե՞ ոչ»: 



Երեկ մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հիմնականում ընտրվեցին նույն ղեկավարներըը, մեր հասարակությունը փոփոխություններ չի՞ սիրում. «Այդ հարցը երևի մարդկանց տաք: Գործող քաղաքապետի հետ միշտ էլ դժվար է պայքարել, որովհետև հասկանալի պատճառներով քաղաքապետարանի աշխատողներ և այլն և այլն, բնականաբար մարդիկ կցանկանան նորից նույն կազմով աշխատել, դա արդեն ինքնին ռեսուրս է ներկայացնում: Սիրել, չսիրելու պարագան չեմ կարող ասել, ուղղակի երևի թե ավելի շատ բարեկամ-ընկեր մի տեղ աշխատում են, ավելի շատ կարծես դրանով են առաջնորդվում: Ոչ թե հակված են քաղաքում դրական փոփոխություններ լինեն, այլ հակված են, որ իրենց բարեկամը, կամ ընկերը մնա, շարունակի աշխատելը, անկախ նրանից իրենք ինչ կունենան դրանից, կամ չեն ունենա»: Տիգրան Հարությունյանի խոսքերով պարտությունն ինքը ծանր չի տարել. «Ես ընդհանրապես ծանր չեմ տարել, ընտրողներին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, ով որ վստահել է ինձ, իր քվեն տվել է ինձ: Հուսանք, որ գործող քաղաքապետն ավելի արդյունավետ կփորձի աշխատել և դրական տեղաշարժեր կնկատենք»:



Հիշեցնենք նաև, որ ընտրություններին մասնակցում էր ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» վերակազմավորված կուսակցության ներկայացուցիչ գուրգեն Գրիգորյանը, ով հավաքել էր 168 ձայն: Տեղեկացնենք, որ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը Արծվիկ Մինասյանի բաջանաղն է



Լուսանկարը՝ yerkir.am-ի:



Սիրան Հունանյան