Սասունի լեռներից չե՞նք իջնելու…

Սասունի լեռներից չե՞նք իջնելու…

Դիվանագիտության շկոլա չունենք: Էթնիկ հայ դիվանագետներ եղել են, բայց՝ օտար արքունիքներում, կառավարություններում: Նրանք իրենց երկրի շահն են պաշտպանել: Մերը, ինչպես Լեոն է բնութագրել՝ «կղերական դիվանագիտություն» էր: Ամենայն հայոց կաթողիկոսի նամակը Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին… 88-ի խորհրդանիշներից ամենապատկառելին երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսն էր: Ժողովուրդը նրանից գրեթե հրաշագործություն էր ակնկալում՝ որ Վեհափառը կգնա, Գորբաչովին ամոթանք կտա, կհամոզի, եւ Ղարաբաղի հարցը կլուծվի: Նույն կամ նվազ, կամ ավելի պատրանքներ կապվում էին Վիկտոր Համբարձումյանի հետ: Այնքան, որ համոզեցին՝ 80-ամյա գիտնականին հացադուլի նստեցրին Մոսկվայում: Եվ մի քանի օրում մսխեցին նրա պատկառելի հեղինակությունը: Հետո եկավ հիասթափությունների եւ տոտալ անվստահության ժամանակը: «Պետք է զինվել»: Իսկ զենքի գործը, անշուշտ, մեծ գաղտնիություն է պահանջում: Այդպե՜ս… Եվ մարդիկ հիմա ամենայն լրջությամբ ասում են, որ անձնական միջոցներով զենք-զինամթերք են գնել, ուղղաթիռ վարձակալել՝ հասցրել Արցախ: Խորհրդային էին զինանոցները, խորհրդային էր ավիացիան, խորհրդային ՊԱԿ-ի աչալուրջ հսկողության տակ էր «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ Արցախ առաքվող ալյուրի տոպրակներն ու օճառի արկղերը «շոմպոլ»-ներով ծակծկում՝ ստուգում էին, բայց մարդիկ, ուրեմն, կարողացել են դեռեւս 88-ի ամռանը «Կալաշնիկով» հասցնել Արցախ:



Գրեթե երեք տասնամյակ է անցել: Բայց դեռ կենդանի է համազգային հանգանակության գումարները մի քանի վստահելի մարդու տնօրինությամբ սպառազինությունների վրա ծախսելու, մեր պաշտպանունակությունն ամրապնդելու գաղափարը: Ինչպես Խրիմյան կաթողիկոսի օրերում, երբ այստեղից-այնտեղից հանգանակած կամ էքսպրոպրիացիայի իրավունքով բռնագրաված գումարներով Եվրոպայում կամ Ռուսաստանում մի երկու տասնյակ մարտական հրացան, մի երկու հազար փամփուշտ էին գնում եւ ձեռքը կրակն ընկնում՝ ինչպե՞ս հասցնել Սասուն…Եվ հարկ էր լինում կազմավորել «շալակտար» խմբեր, որ ռուս-թուրքական սահմանի վրա հաճախ գնդակահարվում էին եւ ճակատից, եւ թիկունքից՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի «ջենթլմենական» պայմանավորվածությամբ: Ապրել 21-րդ դարում, ունենալ պետություն, որը դիվանագիտական, առեւտրատնտեսական հարաբերություններ ունի տասնյակ, հարյուրավոր երկրների հետ, եւ մտածել, որ համազգային դրամահավաք պիտի անել, գումարը վստահել մի երեք ազնիվ մարդու, որպեսզի սպառազինություններ գնեն, բերեն-նվիրեն բանակին՝ առնվազն նաիվություն է: Քանի որ աշխարհում սպառազինությունների «քրջի շուկա» գոյություն չունի, եւ ոչ մի պետություն մասնավոր անձի, որքան էլ նա ազնիվ եւ կատարելապես վճարունակ լինի, սպառազինություն չի վաճառում: Սպառազինությունների առքուվաճառքը բացառապես միջպետական պայմանագրի առարկա է: Եվ բոլոր պետությունները տարեկան հաշվետվություն են ներկայացնում՝ ինչքան գումարի սպառազինություն եւ որ երկրներին են վաճառել: «Մենք դեռ Սասունի լեռներից չենք իջել»,- մի հարցազրույցում բանաձեւել է Հրանտ Մաթեւոսյանը: Հարկավոր է ուշքի գալ եւ իջնել, Չարենցի ասած, «այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում»: Իրականությունն այստեղ չափից դուրս ակնառու է: Մանավանդ Երեւան-Երասխ՝ դեպի Արցախ տանող ճանապարհին, երբ տեսանելի են Հայրենիքի եւ թշնամի պետության միջեւ այլ երկրի սահմանապահ զորքի դիտաշտարակները: Խորհրդային ժամանակներից մնացած…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ