Հայաստանում բեզոարյան այծ որսում են 15.900, իսկ մուֆլոն` 18,900 դոլարով

Հայաստանում բեզոարյան այծ որսում են 15.900, իսկ մուֆլոն` 18,900 դոլարով

«Մարտի սկզբին գնացել եմ որսի Հայաստանում, որսացել ենք հայկական մուֆլոն, որն ինչպես գիտեք ապրում է երկու երկներում՝ Հայաստանում և Իրանում: Սակայն ինչպես գիտեք, Իրանում կասեցրել են մուֆլոնի որսը, և հայտնի չէ, թե որքան կտևի: Նախկին սովետական հանրապետությունն այս պահին միակ հասանելի վայրն է որսի համար».-որսի սիրահար Սերգեյ Յաստրժեմբսկու գրառումն ու լուսանկարը սպանված մուֆլոնի հետ մեծ աժիոտաժ է բարձրացրել: Նշենք, որ հայկական մուֆլոնը համարվում է խոցելի տեսակ, այն նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:





Հետագայում պարզվեց, որ մարտ ամսին դա միակ «ավարը» չի եղել, մեկ այլ որսի սիրահար Էդուարդ Բենդերսկին նույնպես ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր, թե ինչպես է որսացել բեզոարյան այծին Եղեգնաձորում, կրկին մարտ ամսին: Սակայն քիչ առաջ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ որսն օրինական է եղել:





««Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն ըստ կարգի վերոհիշյալ տարիների ընթացքում լրացրել է կենդանիների հաշվառման ամենամյա մատյանները, ինչը պարբերաբար ստուգվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մոնիթորինգների ժամանակ: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ ընկերության հաշվետվության, տարածքում առկա է մի քանի տասնյակ երկրորդ սերնդի բեզոարյան այծ և մուֆլոն, ինչը թույլ է տալիս ընկերությանը իրականացնել երկրորդ սերնդի կենսունակ առանձնյակների որս: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ –ի ներկայացրած հաշվետվության համաձայն 2016թ. մարտ ամսին որսացվել է մեկական բեզոարյան այծ և մուֆլոն».-գրված  է հայտարարության մեջ:



Բնապահպան Սիլվա Ադամյանը թեև նշում է, որ թույլտվություն տրվում է կենդանիների որսի համար, եթե կա համապատասխան քանակ, սակայն հարց է բարձրացնում՝ ի՞նչ տարիքի կենդանիներ են եղել, արդյո՞ք այդ կենդանիները ենթակա են եղել որսի. «Եղեգնաձորում բոլորդ գիտեք, այդ տարածում մասնավոր մարդիկ բազմացմամբ են զբաղվում: Իրավիճակն այդպիսին է, գալիս է մի քանակ, պետք է օբյեկտիվ լինենք, գալիս է կենդանիների մի վիճակ ու տարիք, երբ ինքը վերարտադրության արդեն հնարավորություն չունի, և այդ կենդանիների համար տրվում է թույլտվություն որս կատարելու առնչությամբ: Ես հասկանում եմ, որ և հայկական մուֆլոնները, և բեզոարյան այծերը մեզ համար կարմիր գրքային տեսակ են, բայց տվյալ տարածքը փակ տարածք է, որտեղ բազմացնում են, և վերարտադրվելու տարիքը լրիվ անցնում է և քանակը շատանում է կենդանիների, նրանք ուրեմն ենթարկվում են որսի: Չեմ ուզում ասել օրինական, բայց ոչ պատժելի գործողություններ են»:



Տեղեկացնենք, որ այս կենդանիների որսը բավականին թանկ հաճույք է Հայաստանում, այսպիսով բեզոարյան այծի որսն «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը գնահատել է 15.900 դոլար, իսկ հայկական մուֆլոնը՝ 18.900 դոլար: