«Արմենիայի» վաղվա չվերթը կկայանա

«Արմենիայի» վաղվա չվերթը կկայանա

Նորաստեղծ «Արմենիա» հայ-վրացական ավիաընկերությունը, որը հայտարարում էր, որ ապրիլից թռիչքներ է իրականացնելու տարբեր ուղղություններով՝ շատ էժան գներով, ապրիլի 21-ին ծրագրել է իր առաջին չվերթը։ 21։00-ին «Արմենիայի» օդանավը մեկնելու է Իսրայել, Թելավիվ։ Քաղավիացիայի վարչությունն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ տոմսերն արդեն վաճառվում են։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնումների եւ ժամանումների ցանկում նման չվերթ նախատեսված չէ։ Տպավորություն էր, թե ինչ-որ բան խանգարել է «Արմենիային» կանոնավոր չվերթներ իրականացնել կամ տեղավորվել ժամկետների մեջ։ Մինչեւ վերջին պահը ավիացիայի ոլորտը կարգավորող պետական մարմինները չգիտեին, թե արդյոք թռիչքը կայանալո՞ւ է։ Հնարավո՞ր է, որ ընկերությունը չի հասցրել փաստաթղթեր ձեւակերպել։



Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ «Արմենիան» կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունի։ «Սկզբում որոշ փաստաթղթեր պակաս էին, բայց հետո նրանք լրացրեցին անհրաժեշտ փաստաթղթերը, մենք բոլոր թույլտվությունները տվել ենք։ Նրանք առնվազն երկու տարի իրավունք ունեն ռեգուլյար չվերթներ իրականացնել՝ հետագայում երկարաձգելու իրավունքով», - հայտնեց էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնի պետ Անահիտ Խեչոյանը։ Թե ինչու այսօրվա թռիչքը չվացուցակում նշված չէ, ոչ այնտեղ, ոչ քաղավիացիայի վարչությունում, ոչ էլ «Զվարթնոցում» չգիտեին։ Ըստ ավիաընկերության մամուլի խոսնակ Գեւորգ Խաչատրյանի, դա ընդամենը տեխնիկական հարց է։ «Տոմսերը վաճառված են, եւ թռիչքը կայանալու է նշանակված ժամին։ Կարող եք գալ եւ համոզվել ինքներդ։ Վաղն էլ, հետագայում էլ, ինչպես հայտարարել ենք, շաբաթը երկու անգամ մեր թռիչքները կայանալու են»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, «Արմենիա» ընկերությունը դեռ չի ստացել «Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի» նիշը, այսպես կոչված՝ ИАТА-ի կոդը, որը ճանաչելի է դարձնում հայկական ընկերությանն էլեկտրոնային տվյալների բազաներում եւ հեշտացնում է նրա գոյությունն ավիաշուկայում։ «Արդյոք ստացե՞լ եք բոլոր միջազգային կոդերը»։ Այս հարցին ավիաընկերությունում խոստացան պատասխանել այսօր։ «Արմենիայի» մամուլի խոսնակը հայտնեց նաեւ, որ առայժմ տոմսերի վաճառքն իրականացվում է միայն առցանց՝ էլեկտրոնային տարբերակով, քանի որ ընկերությունը դեռ չի հասցրել պայմանագրեր կնքել ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունների հետ։ Սակայն սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք պետք է որ լուծվեն ժամանակի հետ։ «Armenia» ավիաընկերությունն օգտագործելու է վրացական «Airzena» ընկերության ինքնաթիռները, իսկ այս ընկերության հիմնադիրն է «Արմենիայի» 25 տոկոսի բաժնետոմսերի տեր Թամազ Գայիաշվիլին։ Նրա նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանին պատկանում է «Արմենիայի» բաժնետոմսերի 24 տոկոսը։ Ըստ մամուլում շրջանառվող, չճշտված տվյալների, «Արմենիա» ընկերության հետ կապ ունի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք նաեւ, որ այս ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրենց չվերթները չափազանց էժան են լինելու՝ տոմսերի արժեքն սկսվելու է 90 եվրոյից։



Սյուզան Սիմոնյան