ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետեւանքները. Արման Խաչատուրյանին պաշտնանկ են արել

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետեւանքները. Արման Խաչատուրյանին պաշտնանկ են արել

Hraparak.am-ի տեղեկություններով Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանին ազատել են աշխատանքից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանը: ՀՅԴ կուսակցության անդամի նշանակումն այստեղ պատահական չէ, չէ՞ որ զարգացման հիմնադրամը գտնվում է էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ: Դե քանի որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում էկոնոմիկայի նախարարությունը նվիրեցին ՀՅԴ-ին, նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն էլ աշխատանքի է տեղավորում կուսակիցներին: 



Լուրերի իսկությունը պարզելու հմար Hraparak.am-ը դիմեց Արման Խաչատուրյանին, նա ոչ հերքեց մեր տեղեկությունը, ոչ էլ հաստատեց. «Որ մի փոքր սպասեք, ամեն ինչ շատ հստակ կլինի»: Ձեր աշխատանքից դժգո՞հ էին, պարոն Խաչատուրյան. «Առանց մեկնաբանության, մի փոքր սպասեք և հստակ կլինի».- պատասխանեց Արման Խաչատուրյանը:



Ինչ վերաբերում է Կարեն Մկրտչյանին, ապա ՀՅԴ գրասենյակից նրա մասին տեղեկություններ չտրամադրեցին, չէին ճանաչում: Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նոր տնօրենը սփյուռքից է, Հայաստան է եկել Կանադայից, ասում են՝ դրսում կրթություն է ստացել, ներկայանալի կենսագրություն ունի, եւ ՀՅԴ-ականները հպարտ են, որ նման կադր են բերել Հայաստան:



Հիշեցնենք, որ 2014թ կառավարությունը Արդյունաբերության զարգացման հիմնադրամը միաձուլել է Ազգային մրցունակության հիմնադրամին, լուծարել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ: Ժամանակին Զարգացման հայկական գործակալության տնօրենը Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին էր՝ Ռոբերտ Հարությունյանը: 



Ի դեպ, երեկ մենք տեղեկություններ ստացանք, որ կադրային փոփոխություններ են կատարվում նաեւ կրթության եւ գիտության նախարարությունում՝ Լեւոն Մկրտչյանը նույնպես դաշնակցականներով է համալրում նախարարությունը։