«Ինքնասպանների» զենքին մատնահետք չեն թողնում

«Ինքնասպանների» զենքին մատնահետք չեն թողնում

Բանակային հանցագործություններով զբաղվող իրավապաշտպաններն ու փաստաբանները վաղուց են նկատել, որ այն գործերում, որոնք զինդատախազությունը «փակում» է ինքնասպանություն վարկածով, «ինքնասպաններին» ամրակցված զենքը մաքրված է լինում, նրանց մատնահետքերը չեն հայտնաբերվում, բացակայում են դատարան ներկայացվող իրեղեն ապացույցների ցանկից։ Ասում են՝ այս մասին մի անգամ նույնիսկ զեկուցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բայց նա չի կարողացել ոչինչ անել։ Բացառություն չէ նաեւ Սպիտակի Արեւաշող գյուղից զորակոչված Հարություն Համբարյանի գործը։ Մենք կրկին անդրադառնում ենք բանակային հանցագործությունների եւ դրանց շուրջ իրականացվող կասկածելի վարույթների թեմային, որովհետեւ գտնում ենք, որ ռազմական վերջին գործողություններից հետո զինդատախազությունը պետք է վերանայի իր սովորական գործելաոճը, ավելի արդյունավետ եւ արդար քննություններ իրականացնի։



Մահը թշնամու գնդակից «դարձավ» ինքնասպանություն



Տղան մահացավ անցյալ տարի՝ մայիսի 8-ին։ Երբ ԼՂՀ ՊԲ-ն տարածեց այս մասին առաջին տեղեկությունը, տպավորություն կար, թե զինծառայողը զոհվել է թշնամու գնդակից։ «Մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը»,- գրված էր ՊԲ հաղորդագրության մեջ։ Տղայի ազգանունը սխալ էր նշված, եւ նրա հարազատները, որոնք կարդացել են այն «Արմենիա» հեռուստաընկերության վազող տողում, գլխի չեն ընկել, թե ում մասին է խոսքը, մինչեւ որ նրանց չեն զանգել զինկոմիսարիատից, հայտնել ողբերգական լուրը եւ ասել, որ Հարությունին տեղափոխում են Երեւան։ Հաջորդ օրը տղայի ազգանվան սխալը լուրերի ժապավեններում շտկվեց, իսկ նրա մահը ներկայացվեց որպես ինքնասպանություն։ Կայազորային քննչական բաժինը նախնական տվյալներ հայտնեց, որ Համբարյանն ինքն իր գլխին է կրակել եւ «ճակատային հատվածում արձակված կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է»:



«Զոհին» սխալ էին ընտրել



Ինքնասպանության վարկածը հենց սկզբից կասկածելի էր թվացել ծնողներին, եւ նրանք դիմեցին Վանաձորի Հելսինկյան գրասենյակի իրավական օգնությանը։ Նախաքննության ընթացքում նրանց կասկածներն ամրապնդվեցին։ Ահա, այս գործից մի քանի անհեթեթ դրվագներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ անլրջության են մատնվում բանակայինների գործերով քննությունները ԼՂՀ կայազորային քննչական մարմնում։ Բավական է նշել, որ նախաքննության սկզբնական փուլում Հարություն Համբարյանին ինքնասպանության հասցնելու համար փորձեցին մեղադրել նրա ծառայակից, ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունյանին։ Սակայն չհաջողվեց։ Նախ, քննիչները չէին կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել մեղադրանքը հիմնավորելու համար, եւ երկրորդը՝ տղան «անտերներից» չէր եւ, մեր տեղեկություններով, լուրջ կապեր ուներ դատական համակարգում եւ պաշտոնյաների շրջանում։ Նա Ավանի եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի ազգականն է, իսկ վերջինս էլ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին է։ Բացի դա, զինծառայողը Ստեփանակերտում հեղինակավոր հարազատներ ունի։ Այսպիսով, նախաքննության մարմինը ճիշտ չէր ընտրել «զոհին»։



Գլխավոր դատախազությունն ու Հարությունյանների գերդաստանն այս գործով իրար բախվեցին, եւ դատարանը մերժեց Դավիթին կալանավորելու որոշումը՝ որպես անհիմն։ Երիտասարդի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը, որը նախկինում քննիչ է եղել, ավելի բարդացրեց նախաքննական մարմնի վիճակը՝ հայտարարելով, որ, իր համոզմամբ, Հարություն Համբարյանին սպանել են։ «Ես իմ կասկածներն այս առումով ներկայացրել եմ նախաքննության մարմնին, թող քննեն»,- ասում է Ռաֆայել Ամիրխանյանը։ Հարցին, թե չի՞ կարծում, որ նախաքննությունն ինչ-որ շատ ձգձգվեց, նա պատասխանում է․ «Նախաքննական տվյալներ չասեմ, բայց խառը գործ է»։ Իր պաշտպանյալի եւ դատարանի նախագահի հետ հարազատական կապերից նա տեղյակ չէ։ Դավիթ Հարությունյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքը փոխվել է։ Այժմ նա մեղադրվում է ոչ թե ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողների միջեւ կանոնադրային հարաբերությունների խախտման համար։ Ի դեպ, Դավիթ Հարությունյանը հիմա մարտական դիրքերում իր զինվորական պարտքն է կատարում։



Ես կարծում եմ, որ եղբորս սպանել են



Կանոնադրային հարաբերությունների խախտման հոդվածով մի քանի զինվորի մեղադրանք է առաջադրվել, բայց ինքնասպանության հասցնելու համար մեղադրյալ չկա, չնայած քննիչն ապացուցված է համարում, որ Հարությունին ինքնասպանության են հասցրել։ ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական հանձնաժողովին, որը հետմահու դատահոգեբանական փորձաքննություն է կատարել, ԼՂՀ քննիչը «ստեղծագործական» հարցադրում է արել՝ ի՞նչ հոգեվիճակում է եղել Հարություն Համբարյանը ինքնասպանություն գործելու ժամանակ։ Ոչ թե՝ կարո՞ղ էր արդյոք հանգուցյալն ինքնասպանություն գործել, հարց, որը սովորաբար տալիս է վարույթ իրականացնող մարմինը։ Այս գործում քննիչն ամեն ինչ որոշել է փորձագետի փոխարեն․ կատարվածն ինքնասպանություն էր, եւ վերջ։ Իսկ փորձագետները զուտ «պիսարի» դեր են կատարել։ Այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս չկա գլխավոր մեղադրյալը։ Համբարյանի հարազատներին փորձաքննությունները կասկածելի են թվում։



«Մենք երեք անգամ պահանջել ենք, որ եղբորս հագուստը դատահետքաբանական փորձաքննության ենթարկեն, որ տեսնենք, թե ինչ հետքեր կան վրան։ Երեք անգամ էլ մերժել են։ Դատակենսաբանական փորձաքննությամբ արձանագրվել են գլխի շրջանում ստացված հարվածի հետեւանքներ, որոնք նման են ուղեղի ցնցման նշանների։ Մեկ այլ փորձագետ էլ արձանագրել է, որ կրակոցը, որից մահացել է զինվորը, «ընդհուպ կրակոց» չի եղել, այսինքն՝ կատարվել է 20 սմ-ից մինչեւ 1 մետր հեռավորությունից, եւ սա բացառում է ինքնասպանության վարկածը։ Ես համոզված եմ, որ եղբորս սպանել են»,- ասում է Իսկուհին։



Կատուն կտրող-ծակող գործիքով ճանկռել է ականատես վկայի ձեռքը



Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, յուրաքանչյուր փորձագետ կատարված փորձաքննության եզրակացության իր հատվածի տակ է ստորագրում, մինչդեռ այս գործով հանձնաժողովի բոլոր անդամներն ստորագրել են դատահոգեբանական-դատահոգեբուժական ողջ եզրակացության տակ։ Այս մասին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։ «Մենք պահանջելու ենք, որ այս փաստաթուղթը դատախազությունը ճանաչի անթույլատրելի ապացույց»։ Իրավապաշտպանը 5-6 անգամ բացարկ է հայտնել նախաքննության մարմնին եւ 5-6 անգամ էլ մերժվել է։ Նա ասաց, որ գործով անցնում է ականատես վկա, ոմն Սմբատ, որն իբր տեսել է, թե ինչպես է Հարությունն ինքնասպան լինում։ «Ըստ Դավիթ Հարությունյանի ցուցմունքների, դեպքից առաջ այդ երիտասարդը կռվել է Հարութի հետ։ Հարութը մենակ է եղել 7 տղաների դեմ, բայց քանի որ ֆիզիկապես ուժեղ էր, բոլոր 7-ին էլ ծեծել է, իսկ Սմբատին դանակահարել է, եւ, ըստ փորձաքննության, Սմբատի ձեռքին կան դանակի հետքեր,- ասում է Մարտիրոսյանը։- Գործում կա եզրակացություն, որ սուր ծակող-կտրող գործիքով հասցված վնասվածքներ են Սմբատի ձեռքին, բայց քննիչը Սմբատից ցուցմունք է վերցնում, որ նա խոտ քաղելու եւ կատվին շոյելու ժամանակ է դրանք ստացել։ Մենք պահանջեցինք, որ դատաբժշկին հարցաքննեն, հարցնեն, թե արդյոք Սմբատը կարո՞ղ էր կատվին շոյելուց նման վնասվածքներ ստանալ, բայց այս հարցը քննիչը չի տվել, որովհետեւ ոչ մի դատաբժիշկ այնքան էշ չէ, որ նման բան գրի»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ