Այս անմոռուկը խորհրդանշում է ոչ թե սուգ, այլ վերածնունդ, մենք այլեւս վերածնված ենք. Շարմազանով

Այս անմոռուկը խորհրդանշում է ոչ թե սուգ, այլ վերածնունդ, մենք այլեւս վերածնված ենք. Շարմազանով

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ այցելեց Աժ պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահների, մի շարք պատգամավորների մասնակցությամբ: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:



ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հարցերի հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Հայաստանի Հանրապետությունը` որպես ԼՂ ժողովրդի եւ հանրապետության անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի ժողովուրդը ապրի ազատ, անկախ եւ հայկական Արցախում, սա է մեր գերխնդիրը, եւ սա ոչ միայն ՀՀ-ի, ոչ միայն Արցախի, այլեւ համայն հայության իղձն է: Մնացյալ հարցերը ածանցյալ հարցեր են, որի մասին կխոսենք ապագայում: Այսօր թիվ մեկ խնդիրը դա Արցախի կարգավիճակն է, եւ Հանրապետության նախագահը իր այսօրվա ուղերձում հստակ ասաց, որ այլեւս երբեք մենք թույլ չեն տա ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ` լինի դա ՀՀ-ում, թե Արցախի Հանրապետությունում, եւ գրավականը դրա ՀՀ եւ ԼՂՀ գոյությունն է, գրավականը մեր վերածնունդն է, այս անմոռուկը խորհրդանշում է ոչ թե սուգ, այլ վերածնունդ, մենք այլեւս վերածնված ենք նաեւ այն հերոս տղաների շնորհիվ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ազատագրության եւ ովքեր գնացին վարդանանց ճանապարհով հանուն հայրենիքի դեպի անմահություն: Ես կարծում եմ` գոնե այսօր նման բաների մասին կարող ենք խոսել»:



Hraparak.am-ի այն հարցին` կարո՞ղ ենք ասել, որ ճանաչման գործընթացը մի փոքր հետ մղվեց արցախյան իրադարձությունների ֆոնին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ճանաչման գործընթացը երկրորդ պլան չի մղվել, որովհետեւ թե՛ ճանաչման գործընթացը, թե՛ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, թե՛  Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը, մեր արտաքին քաղաքական օրակարգի ամենակարեւորագույն եւ առանցքային հարցերն են, այո, մենք պետք է անցյալի ցեղասպանությունները դատապարտելով սերունդների համար ապահովենք անվտանգ ապագա: Թուրքիան շարունակում է իր լկտի քաղաքականությունը եւ շարունակում է լինել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը օժանդակող տերությունը»: