Հայ զինվորն Արցախում ողջ առաջադեմ մարդկության պաշտպանն է

Հայ զինվորն Արցախում ողջ առաջադեմ մարդկության պաշտպանն է

Այն, որ ԱՄՆ-ը և մյուս երկրները, որոնք դատապարտում են Հայոց մեծ եղեռնը, բայց ինչ-ինչ նկատառումներով չեն կարողանում այն որակել Հայոց ցեղասպանություն, արդեն իսկ մեծ ամոթ է: Սակայն, հիշողությունը վերջ չունի, իսկ դա նշանակում է, նրանք ժամանակ ունեն ի վերջո տալու ճիշտ գնահատականը և վերջ դնելու հետագա ցեղասպանություններին ու ցեղասպանության փորձերին:



Ամոթ է նաև, երբ ԱՄՆ-ը և նրա հետ կոալիցիայում գտնվող մյուս երկրները, որոնք, դատապարտելով հանդերձ 20-րդ դարի առաջին ոճրագործությունը՝ Մեծ եղեռնը, 21-րդ դարի սկզբին խուսափում են բռնել նորօրյա ոճրագործի ձեռքը, որ կրկին բարձրացել է, այս անգամ Օսմանյան կայսրության երկվորյակ եղբայր համարվող Ադրբեջանում, մի երկրում, որն ինչպես Օսմանյան կայսրությունը, ստեղծվեց ու կազմավորվեց բազմաթիվ ժողովուրդների հայրենիքների վրա:



Ամոթ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելով և իր երկրի նախագահի՝ Մեծ եղեռնը դատապարտելու հանձնառությունը վկայելով հանդերձ, վախենում է անձամբ այցելել Արցախ և ի լուր աշխարհի հայտարարել, թե ինչ ոճիրներ այստեղ գործեցին Ալիևի հորդաները ապրիլի 1-2-ին:



Եթե Օբաման դեռ հավատում է այն ցնդաբանությանը, թե Օսմանյան կայսրության պատմությունը դեռևս լավ ուսումնասիրված չէ, որպեսզի ինքը կարողանա օգտագործել «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը, ապա ադրբեջանի ահաբեկչական իշխանությունների գործողությունները, որոնք տեղի ունեցան ապրիլի 1-2-ին, տակավին պատմություն չեն, այլ ներկա, գործողություններ, որ դեռ այսօր էլ շարունակում են՝ ի հեճուկս Մեծ եղեռնի տարելիցի օրվան: Եվ եթե ԱՄՆ նախագահը կամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սա չեն համարում վիրավորական ապտակ հենց իրենց ու իրենց պետությանը, ապա էլ ի՞նչ են ակնկալում հայ ժողովրդից ապրիլքսանչորսյան իրենց ելույթներն ընթերցելիս կամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելիս:



Սիրիայի դեպքերի հետ կապված ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած Օբամայից, քանիցս արտահայտվել են այն մասին, որ Բաշար ալ Ասադը չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Իսկ ինչո՞վ է Ասադից առավել Ալիևը, որն արհամարհելով միջազգային բոլոր օրենքներն ու փաստաթղթերը, զանգվածային ոչնչացման զենք է կիրառում Բաքվի տխրահռչակ ռեժիմների տիրապետությունից գլուխն ազատած Արցախի ժողովրդի դեմ:



Ո՞ւմ են սպասում, ինչի՞ են սպասում Օբաման և մյուսները: Մի՞թե սպասում են որ հերթական ոճրագործությունն էլ դառնա պատմություն, և հեշտանա պատասխանատվությունից խուսափելը:



Հիշողությունը վերջ չունի: Տարիներ անց, խոսելով ապրիլի 1-2-ի իրադարձությունների մասին սերունդները նույնն են ասելու՝ աշխարհի առաջադեմ երկրները, առաջնորդվելով սեփական շահերով, չբռնեցին 21-րդ դարի թուրք հրեշի ձեռքը, որ ծեր ու երեխա էր սպանում Արցախում:



Հայտարարել, որ ԼՂՀ հարցը ռազմական լուծում չոնի, որ մենք կողմ ենք խաղաղ կարգավորման, որ փոխզիջումային ճանապարհով պետք է առաջ գնալ և այլն, լոլոներ են, որոնցից հայ ժողովուրդն արդեն կուշտ է մինչև կոկորդը: Դրանք բառեր են, որոնք գուցե կազդեն Ֆրանսիայի և Գերմանիայի վրա, եթե մի գեղեցիկ օր կրկին տարածքային վեճ առաջանա նրանց միջև: Բայց ի՞նչ խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել Ալիև-Էրդողան ահաբեկիչ զույգի հետ, որի երազանքը Հայաստանն իրենց միջև չտեսնելն է:



Պուտին, Օբամա, Լավրով, Քերրի, Օլանդ, Մերկել, այս լռությամբ ու ապուշի վարքագծով մի նմանվեք ձեր նախնիներին ու մի փորձեք  կոտրել հայ զինվորին, ով առաջնագծում այսօր պաշտպանում է ոչ միայն իր հայրենիքը, այլ նաև ձեր պատիվն ու խիղճը:



Էդիկ Անդրեասյան