Ճգնաժա՞մ, թե՞ աժիոտաժ

Ճգնաժա՞մ, թե՞ աժիոտաժ

Նոր Սահմանադրության համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Իշխող ՀՀԿ-ականները վերջերս հաճախ են տագնապ հնչեցնում, թե պետք է անպայման հասցնել։ Աստված չանի՝ չընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Այդ դեպքում մեզ սպառնում է «սահմանադրական ճգնաժամ»։ Իսկ ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, ինչո՞ւ է այն այդքան սարսափելի, եւ ինչպե՞ս կարելի է այն հաղթահարել։ ԱԺ իրավաբան-պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեր լրագրողին ասել է, որ նման հասկացություն չկա. «Եթե չընդունվի, ընդամենը կխախտվի Սահմանադրությունը։ Բայց դա ոչ մի հետեւանք չի առաջացնի, կարող են 5 օր հետո ընդունել»։ Պատգամավորը նկատել է, որ ՀՀԿ-ն այնքան հակասահմանադրական գործողություններ է արել, որոնք չեն հանգեցրել սահմանադրական ճգնաժամի։ «Որ մարդկանց սեփականազրկում են՝ ճգնաժամ չի առաջանում, ԸՕ-ն մի քանի օր այս կողմ, այն կողմ ընդունելո՞ւց պիտի առաջանա»,- հռետորական հարցադրում է արել նա։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ բացատրել է. «Եթե Սահմանադրության որեւէ նորմ չի կատարվում, դա կոչվում է սահմանադրական ճգնաժամ։ Էդ ճգնաժամից երկիրը չի ճաքում, ճգնաժամն այն է, որ խնդիրը չի կարգավորվում մինչեւ սահմանված ժամկետը»։ Սահակյանը վստահ պնդել է, որ մենք սահմանադրական ճգնաժամի ականատեսը չենք լինի. «Առավել քան վստահ եմ, որ մինչեւ հունիսի 1-ը մենք կունենանք նոր Ընտրական օրենսգիրք»։ Իսկ եթե ԸՕ-ն, այնուամենայնիվ, չընդունվի մինչեւ հունիսի 1-ը, արագ՝ մի քանի օրում նոր քվեարկությո՞ւն կկազմակերպեն։ «Հետեւանքները ոչ թե իրավական են լինելու, այլ՝ քաղաքական»,- լրագրողի հարցին պատասխանել է ՀՀԿ-ականը։ Եթե այդ ճգնաժամի արդյունքում ՀՀԿ-ն չի հեռանալու, ապա այդ բառախաղն ինչի՞ համար է։