Թուրքական արտաքին հետախուզությունը՝ «Գայլի հանգույց» վեպում

Թուրքական արտաքին հետախուզությունը՝ «Գայլի հանգույց» վեպում

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքագետ, գրող Գուրգեն Եղիազարյանը նոր վեպ է գրել, որը շուտով կհայտնվի քաղաքի գրախանութներում։ Այն կոչվում է «Գայլի հանգույց»։ Գեղարվեստական վեպի թեման թուրքական արտաքին հետախուզությունն է՝ ՄԻՏ-ը, նրա ծավալած գործունեությունը Հայաստանում։ Գրքի վրա Գուրգեն Եղիազարյանն աշխատել է մեկ տարի եւ ցանկացել է հասարակությանը ներկայացնել, թե ինչ արհավիրքի առջեւ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս թուրքական արտաքին հետախուզության, ինչպես է Թուրքիայի հատուկ ծառայությունը քայքայիչ գործունեություն ծավալում մեր երկրում։



«Դրա վառ ապացույցը եղավ ապրիլյան այդ 4 օրերի պատերազմը։ Թուրքական էմիսարները, որոնք միանշանակ հատուկ ծառայության սպաներ էին, իրենց ծրագրերն էին իրագործում Նախիջեւանում եւ Արցախի սահմանին կից»,-ասում է Եղիազարյանն ու հավելում, որ թեեւ ապրիլյան պատերազմից ոչ մի տող չկա գրքում, բայց ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ խոսեց այն մասին, թե ինչպես են տրամադրված թուրքերը եւ թուրքական հատուկ ծառայությունները մեր երկրի նկատմամբ։ Եղիազարյանի կարծիքով, Ադրբեջանն իրենից, որպես այդպիսին, միավոր չի ներկայացնում, պետք է միշտ աչալուրջ լինել Թուրքիայից եկող վտանգներին, որոնց հրահանգներով ու անմիջական միջամտությամբ էլ եղավ այս քառօրյա պատերազմը։



Թեպետ գիրքը գեղարվեստական է, բայց այն գրելու ընթացքում Գուրգեն Եղիազարյանը հենվել է կոնկրետ փաստերի վրա. «Քանզի այսօր խնդիրը գնում է մեծ Թուրանի մասին, եւ դրա իրագործմանը լծված է հենց թուրքական հետախուզությունը, որը հանդիսանում է այդ գաղափարախոսությունն իրականություն դարձնելու առաջնամարտիկներից մեկը։ Ի վերջո, նրանք երազում են Ադրիատիկ ծովից մինչեւ Ալթայ թուրքալեզուներին հավաքել մեկ դրոշի տակ, այն է՝ մեծ Թուրանի։ Իսկ Հայաստանն ու Արցախն այսօր ուղղակի նրանց կոկորդում են կանգնած՝ փոքր կիսալուսին ստեղծելու ճանապարհին»։ Թե ինչ նկատի ունի փոքր կիսալուսին ասելով, քաղաքագետն ընդգծում է՝ Բաքու, Հենզելի, Թավրիզ, Սպահան, Անկարա առանցքը։ «Իսկ այդ առանցքի մեջքի վրա նստած է անկախ, հզոր մեր գեղեցիկ Արցախը»։



Գուրգեն Եղիազարյանն իր խոսքում նշում է, որ «Գայլի հանգույց» վեպն առնչվում է նաեւ Հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ «Իմ կարծիքով, կազմակերպիչը կրկին ու կրկին ՄԻՏ-ն է, Հոկտեմբերի 27-ը կազմակերպել եւ իրագործել է թուրքական արտաքին հետախուզությունը»,-ասում է Եղիազարյանն ու նկատում, որ Հոկտեմբերի 27-ը կարմիր թելով անցնում է ամբողջ վեպի միջով, եւ նման դեպքերը բացառելու համար պետք է ուշի ուշով հետեւել, աչալուրջ լինել, որովհետեւ թուրքերը ձեռքերը ծալած նստած չեն։ Այդ ամեն ինչից բացի, գրքում շոշափվում է նաեւ քրդական հարցը, իսկ գլխավոր հերոսներից երկուսն ազգությամբ քուրդ եւ եզդի են, հերոսների մեջ կան նաեւ հայեր, թուրքեր։



Հեղինակն ասում է, որ գիրքը նախատեսված է լայն շերտերի համար, ու կցանկանա, որ այն բոլորը կարդան, քանի որ միայն օգուտ կտա մեզ՝ հայերիս, որովհետեւ գրքում այնպիսի հարցեր են շոշափված, որոնց հետ առօրյայում էլ շփվում ենք։
Գուրգեն Եղիազարյանն այս վեպին զուգահեռ եւս 2 գործ է գրել, դրանցից մեկը, որը լույս կտեսնի մայիս-հունիս ամիսներին, անդրադառնում է արդեն Երեւանի պետական բանկի գողությանը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ