Չկորցնենք մեր ողջամտությունը

Չկորցնենք մեր ողջամտությունը

Խելացի միտք էր հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը․ հասարակությունն այժմ թույլ օղակ է ման գալիս, որպեսզի ապրիլյան պատերազմի արդյունքում իր մեջ կուտակված բացասական էմոցիաները դատարկի: Մեկ թիրախում հայտնվում է Հերմինե Նաղդալյանը, մեկ՝ Ռադիկ Մարտիրոսյանը, հիմա էլ ոմանց համար թիրախ է դարձել Ժիրայր Սեֆիլյանը։ Եվ բանը հասել է նրան, որ 92-94 թվերին կռված, Շուշիի ազատագրման գործում դերակատարում ունեցած մարդուն հարցնում են՝ որտե՞ղ էիր ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին։ Հիշել են, որ մեկ տարի առաջ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» լոզունգը հեղինակած Սեֆիլյանը ճանապարհ էր ընկել դեպի Արցախ, եւ եթե «ազգային-հայրենասիրական» ուժերը սահմանի վրա նրան «չդիմավորեին», հայտնի չէ, թե ինչ կարող էր լինել։ Ամբողջ բանն այն է, որ Սեֆիլյանը համարձակվել է հայտարարել, որ մենք դիրքեր ենք կորցրել, եւ անգամ այդ կորուստների հետ կապված տեսանյութ է ներկայացրել, կորսված մետրերի քանակը նշել։ Նրանք, ովքեր կողմնակից են ճշմարտությունը թաքցնելուն եւ երջանիկ անտեղյակությանը, հայտարարում են, որ պատերազմական փուլում նման հայտարարությունները վտանգավոր են։ Դա նաեւ կապում են Սեֆիլյանի եւ «Նոր Հայաստանի» քաղաքական ծրագրերի հետ։ Իբրեւ թե միջոցների մեջ խտրություն չդնող ընդդիմությունը փորձում է այս ճանապարհով իշխանության գալ՝ վտանգելով անգամ հող հայրենին ու թշնամուն ուրախացնելով։ Չեմ կարծում, թե այս հայտարարությունների տակ ճշմարտության հատիկ կա․ Ժիրայր Սեֆիլյանի ազնվության եւ անկեղծության վրա կասկածելու առիթներ չենք ունեցել։ Առավել եւս՝ սեփական ճշմարտությունը ներկայացնելու համար չարժե նսեմացնել ու անվանարկել բոլորին ու ամեն ինչ։ Անգամ պատերազմի ժամանակ պետք է ընդունել, որ կարող են լինել մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում։