25 միլիոն և ավելի դրամ՝ «Երևանյան ամառի» միջոցառումներին

25 միլիոն և ավելի դրամ՝ «Երևանյան ամառի» միջոցառումներին

«54 միջոցառում անցկացնելու համար, իհարկե միջոցառումների քանակն էլ ավելի շատ է, բայց բուկլետում նշված են 54 հիմնական միջոցառումները, այդ միջոցառումներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը տարվա սկզբից հայտարարած մրցույթով արդեն իսկ ծրագրի շրջանակներում ծախսելու է 25 միլիոն դրամ».- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը, հավելելով, որ անցյալ տարվա համեմատ միջոցները կրճատվել են 30 տոկոսով:



Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումները, երեք ամիս անընդմեջ քաղաքի տարբեր մասերում տոնախմբություններ, ցուցահանդեսներ, շոու-ծրագրեր, սպորտային առաջնություններ, մարզական և մշակութային միջոցառումներ են տեղի ունենալու:



Ի դեպ, նշված 25 միլիոն դրամին գումարվելու է նաև քաղաքապետարանի գործընկերների ներդրած գումարները. «Այս պահին հստակ թիվը նշված չէ: Արդեն տեղյակ եք, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի իմաստը մշակութային միջոցառումների հաշվին Արցախյան պատերազմի հետ կապված տարբեր խնդիրների լուծմանն ուղղված օգնությունն է Երևան քաղաքի կողմից: Մշակութային միջոցառումների բյուջեն ընդհանուր առմամբ Երևան քաղաքում իրոք կրճատվեց, ինչպես գիտեք առյուծի բաժինը հասավ Էրեբունի-Երևան միջոցառումներին, բայց զերծ չեն մնացել նաև տարվա ընթացքում մնացած բոլոր միջոցառումները, որոնց բյուջեները նույնպես այս տարի կրճատվել են».- ասաց Արազ Բաղդասարյանը: