Բանակում խոզի միս են վայելում, նաեւ սուրճ ու մուրաբա

Բանակում խոզի միս են վայելում, նաեւ սուրճ ու մուրաբա

«Սնունդը զինվորի երկրորդ զենքն է, իսկ ով չի կերակրում իր բանակը, զինում է այլոց բանակներին»,- հուշում է ժողովրդական իմաստնությունը: Բանակային սնունդը ու դրա որակը հայկական զինված ուժերի խնդրահարույց ոլորտներից է: Ովքեր բանակում ծառայող կամ ծառայած հարազատ կամ մտերիմ ունեն, հավանաբար, դժգոհություններ լսած կլինեն բանակային ճաշացանկի ոչ բազմազան լինելու եւ վատ որակի մասին:



Նույնիսկ անհավատալի պատմություններ են պատմում այն մասին, թե առաջնագծում զինվորները սովահար են լինում եւ ստիպված քաղցը հագեցնում են շան ու օձի միս ուտելով: Տարբեր զինվորների ծնողներ էլ պնդում են, թե ամեն շաբաթ գումար են ուղարկում իրենց ծառայող երեխաներին, որպեսզի մոտակա խանութ-կրպակներից սնունդ գնեն, քանի որ բանակային ճաշերից ստամոքսի խանգարումներ են ունենում:



«Հրապարակ»-ը բանակային սննդի վերաբերյալ մի շարք հարցեր էր հղել ՀՀ ՊՆ-ին, որտեղից մեզ պատասխանել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Ն. Յոլչյանը: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե որքան է կազմում ՀՀ ԶՈՒ-ում ծառայող յուրաքանչյուր զինծառայողի համար նախատեսված օրաբաժին սննդի գումարը: Այն, ըստ ՊՆ պատասխանի, ստացիոնար պայմաններում կազմում է միջինը 1.140, իսկ առաջնագծում՝ 1.725 դրամ (ներառյալ 20% ամորտիզացիոն ծախսերը): Իսկ քանի՞ կալորիա է կազմում ՀՀ ԶՈՒ-ում ծառայողի օրական մթերաբաժինը, եւ ի՞նչ սկզբունքով են հաշվվում այդ կալորիաները: Ստացիոնար պայմաններում սնվող անձնակազմին, պարզվում է, օրական հատկացվում է 3.824 կկալ, իսկ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին՝ 4.121 կկալ սննդամթերք: «Ստացիոնար պայմաններում անձնակազմի կալորիականության ծախսը տեղի է ունենում հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ մարտական պատրաստության արդյունքում, որի վերականգնման համար չափաքանակում պլանավորված են անհրաժեշտ քանակի ճարպեր, սպիտակուցներ եւ ածխաջրեր: Առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կալորիականության ծախսը տեղի է ունենում հիմնականում հոգեբանական սթրեսի եւ ծանրաբեռնվածության արդյունքում, որի վերականգնման համար չափաքանակում պլանավորված են անհրաժեշտ քանակի ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, քաղցրավենիք եւ զգոնությունը բարձրացնելու համար՝ սուրճ»,-ասված է ՊՆ պատասխանում: ՊՆ-ից ասում են նաեւ, որ զինծառայողներին մատուցվող սննդի որակն ստուգվում է ամեն օր, օրը երեք անգամ՝ նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին:



Համեմատության համար նշենք, որ, minval.az կայքի տվյալներով, ադրբեջանական բանակում ծառայող զինվորների մթերաբաժնի էներգետիկ արժեքը 3.900-4000 կկալ է: ՌԴ-ում այն ավելի քան 4.300 կկալ է, ԱՄՆ-ում՝ 4.200, Մեծ Բրիտանիայում` 4.020: Քանի որ հաճախ ենք լսում բողոքներ այն մասին, թե զինվորներն ամեն օր նույն ճաշն են ուտում, ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ սննդատեսակներով են սնվում զինծառայողները, եւ արդյո՞ք դրանք կրկնվում են ամեն օր: Ստացիոնար պայմաններում, Յոլչյանի հավաստմամբ, զինծառայողի սննդում ներառված է 8 տեսակի ձավարեղեն, մակարոնեղեն, 5 տեսակի բանջարեղեն, 3 տեսակի միս (խոզ, հավ, տավար), կարագ, պանիր, մուրաբա եւ համեմունքներ: Անձնակազմի կերակրումն իրականացվում է օրական 3- անգամյա տաք ճաշով, վերը նշված սննդատեսակներով պատրաստվում են ընդհանուր 13 տեսակի սառը խորտիկներ, 30 տեսակի 1-ին եւ 27 տեսակի 2-րդ ճաշատեսակներ, որոնց պլանավորումն իրականացվում է այնպես, որպեսզի նույն ճաշատեսակը շաբաթվա ընթացքում երկու անգամից ավել չկրկնվի՝ հավաստիացնում են ՊՆ-ից: Առաջնագծում ծառայող անձնակազմի սնունդն ավելի հարուստ է՝ «14 տեսակի պահածոյացված մսաբուսականներ, մսի պահածոներ եւ բանջարեղենային ռագուներ, 5 տեսակի արագ պատրաստվող կիսաֆաբրիկատներ, ջեմ, թխվածքաբլիթ, կոնֆետ-կարամել, մուրաբա, մարինադ, խավիար, կարմիր լոլիկ՝ սեփական հյութում, սուրճ, հյութ, թեյ, կիսաապխտած երշիկ եւ այլն»: Անձնակազմի կերակրումը նույնպես իրականացվում է օրական 3-անգամյա տաք ճաշով: Իսկ հրամանատարական կազմն է՞լ է օգտվում նույն սննդից, ինչից որ զինվորները, թե՞ նրանց քիմքին այլ սնունդ է հաճելի: Պարոն Յոլչյանի պատասխանից հետեւում է, որ բանակում զինծառայողների մեջ խտրականություն չի դրվում, եւ նրանք բոլորն էլ օգտվում են նույն սննդից:



Հադրութի զորամասերից մեկի զինծառայողներից լուր էինք ստացել, որ ամբողջ օրը բրինձ կամ խաշած ցորեն են ուտում: Ինչպես արդեն վերը նշվեց, ցորենաձավարն ու բրինձը եւս ներառված են զինվորների սննդակարգում, որոնցով, ըստ ՊՆ-ի, պատրաստվում են հարիսա եւ տարբեր տեսակի փլավներ ու շիլաներ, «ինչն անձնակազմի կողմից յուրացվում է բավականին ախորժելի»: Մնում է, որ մեր զինվորները կիսեն ՊՆ պաշտոնական տեսակետը:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ