Ամուլսարի ոսկու շահագործողը 600 դրամի համար «բազար» է անում գյուղացու հետ

Ամուլսարի ոսկու շահագործողը 600 դրամի համար «բազար» է անում գյուղացու հետ

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ՓԲԸ-ն 2 շաբաթ առաջ կառավարությունից աջակցություն ստացավ՝ որոշում, որի համաձայն, Ջերմուկ քաղաքին հարակից տարածքները՝ Գնդեվազ համայնքին պատկանող, հանրային շահ ճանաչվեցին, եւ հիմա գյուղացիները՝ ուզած թե չուզած, պետք է հեռանան իրենց հողից։ Ըստ էության, այս որոշումը 3 ընտանիքի հարց է լուծում, որոնցից ընդամենը մեկը՝ Սասուն Հարությունյանը, չի ցանկանում հեռանալ պապենական այգուց։ Մյուսները զուտ տեխնիկական եւ իրավական պատճառներով չեն կարող գործարք կատարել, թեեւ դեմ չեն իրենց հողերը վաճառելուն։ Մենք զանգահարեցինք Սասուն Հարությունյանին՝ պարզելու, թե ինչ է մտածում իր դեմ ձեռնարկված այս անհավասար գրոհի մասին։ Պարզվեց, որ նա իր 4.750 քմ հողի համար մեծ գումար չի ուզել՝ մեկ քմ-ի դիմաց ընդամենը 1000 դրամ, սակայն ոսկու հանքավայրի շահագործողը համաձայն չի եղել մի երկու կոպեկ ավել վճարել հայ գյուղացուն եւ իր գինն է նշանակել՝ քմ-ի դիմաց ընդամենը 400 դրամ։



Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը, սակայն, վստահեցնում է, որ հանքշահագործողը լավ էլ գին է տալիս Հայրապետյանի հողին՝ ոչ թե 400, այլ մոտ 1000 դրամ։ ««Գեոթիմ»-ը 400 դրամ չի էլ առաջարկել։ Նվազագույն գինը եղել է 500 դրամ քմ-ի դիմաց։ Տարբեր կատեգորիայի հողեր կան, որոնց կադաստրային արժեքը տարբեր է։ Ամենաթանկը ծիրանի ծառերի տակ գտնվող հողերն են, որոնց քմ-ի համար տրվել է 1000 դրամ։ Սասուն Հարությունյանի հողը ջրովի, այգիով եւ երրորդ կարգի է, քմ-ն մոտ 900 դրամից ավելի է ստացվում։ Իրեն լավ գին են առաջարկել։ Հիմա, երբ հանրային շահ են ճանաչել, այն, ինչ «Գեոթիմը» որոշել էր տալ, պատրաստ է տալու։ Իսկ եթե Սասունը չհամաձայնի, դատարանն է որոշելու, իսկ այդ դեպքում 1000 դրամը դառնալու է 500 դրամ»,- ասում է գյուղապետը։ Իսկ Սասուն Հարությունյանը վստահեցնում է, որ գյւողապետը ճիշտ չի ասում․ «Եթե ինձ 900 դրամ տային, ես հիմա վաղուց վաճառել էի», - ասում է նար։ ,Հիշեցնենք, որ «Գեոթիմը» խոշոր ներդրող է համարվում, ՀԲ-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն են դրա բաժնետերերը, եւ նրա մուտքը հայկական հող մեր կառավարությունն օրհնում է։ «Մարդ կա՝ 200 դրամով է վաճառել։ Նրանք այդ գումարով տուն են նորոգել, ավտո են առել, տենց ամեն մեկին խաբել են, ես էլ ցանկություն չունեի էդ կոպեկներով վաճառել, նրանք էլ մտան, հանրային շահ ճանաչեցին», - վրդովվում է Սասուն Հարույթյունյանը։



Որոշումից հետո Հարությունյանի «դուխը» մի քիչ ընկել է։ Նա իրեն պատկանող հողակտորներից մեկն անմիջապես վաճառել է արտասահմանցիների առաջարկած գնով, բայց երկրորդ հողակտորը չի ուզում վաճառել։ «Ես չուզեցի երկու կտորը տուժվեմ, մեկը տվեցի։ Թող ինձ հող տան դրա փոխարեն։ Ես տեղը հող եմ ուզում։ Ես հետաքրքրվել եմ, իմացել եմ, որ ոնց էլ հաշվեն, գերակա շահ ճանաչելուց հետո պետք է այդ գումարը տան»։ Սասուն Հարությունյանի պահանջած գումարն ընդամենը 1,5 մլն. դրամով էր ավելի ընկերության առաջարկածից։ Եվ այս 3 հազար դոլարը չտալու համար «Գեոթիմ»-ը դիմել է վարչապետին, վերջինս էլ բավարարել է նրան։ Հարցին, թե ինչու Սասունը չի գնում կառավարություն, չի դիմում վարչապետին, ասաց․ «Չգիտեմ, թե ում միջոցով դիմեմ։ Ես կուզեի, որ ամբողջ աշխարհը լսեր, թե ինչ են անում իրենք, ոնց են մեզ քշում, ստիպում, որ արտագաղթենք մեր պապենական հողերից»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ