Պարոն Օսկանյան, ծանրաձողը սպասում է ձեզ

Պարոն Օսկանյան, ծանրաձողը սպասում է ձեզ

Կուսակցությունն ու ծանրամարտիկը, եթե երկուսն էլ լուրջ են, ելույթներն սկսում են իրենց հնարավորությունների համեմատ: Միայն անլուրջ ծանրամարտիկը կարող է հենց առաջին մոտեցման համար ռեկորդային քաշ պատվիրել, եւ միայն անլուրջ քաղաքական ուժը կարող է, դեռ ծննդատնից դուրս չգրված, հայտարարել, թե «հեսա տեսեք ինչ ենք անելու»: Իսկ երբ ծննդատնից դուրսգրվածներն էլ զառամյալ ծերունիներ են, ամեն ինչ իսկույն իր տեղն է ընկնում, եւ նրանց լսողը հասկանում է, որ հերթական անհաջող ծնունդի հետ գործ ունի:



Եթե «Համախմբումի» հիմնադիր անդամներն իրենց ելույթներում դույզն-ինչ համեստ գտնվեին, դեռ կարելի կլիներ որոշակի հույսեր կապել նրանց հետ: Այլապես մի բուռ ժողովուրդ են, բայց արդեն խոսում են սարեր շուռ տալուց: Իսկ դա ապագա ձախորդությունների ռեալ նախանշան է:



Ահավասիկ՝ նշել են, որ իրենք եկել են իշխանափոխություն անելու, իշխանությանն այլընտրանք լինելու: Այսինքն` ռեկորդային քաշ են պատվիրել հենց առաջին մոտեցման ժամանակ եւ ընկել …ը: «Մենք խնդիր ենք դրել հասնել իշխանափոխության։ Մեր նպատակը շատ պարզ է եւ հստակ՝ լինել այլընտրանք այսօր իրեն սպառած իշխող քաղաքական ուժին։ Այսօր դա ժողովրդի պահանջն է։ Երկրի առաջ կանգնած գլխավոր հրամայականը՝ ժողովրդին ներկայացնել այլընտրանք, եւ ես համոզված եմ, որ մենք դա կարողանալու ենք անել»,- ընդգծել է Օսկանյանը՝ հավելելով, որ ««Համախմբում» կուսակցությունը, որպես շարժում, լինելու է բաց, թափանցիկ եւ հաշվետու ժողովրդի առաջ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը։



Երբ փոքրիկը գազիկ է բաց թողնում, շփոթված նայում է կողքերը` թե այս ի՞նչ եղավ: Օսկանյանը փոքր չէ, իհարկե, շատերից էլ լավ է հասկանում, որ արտաբերել է ոչ վաղ անցյալի իր հարթակային ելույթների անփոփոխ հատվածը: ԲՀԿ-ի հեղափոխական ժամանակների հանրահավաքներում նա քանիցս կրկնել է այս նույն միտքը` վախենալով արտաբերել «իշխանափոխություն» բառը, եւ հիմա կողքերն է նայում, որ տեսնի, թե ինչ տպավորություն թողեց` այդպիսի մի մեծ խոստում տալով:



Մեր արձագանքը ժպիտն է, պարոն Օսկանյան, բարով եք եկել, ծանրաձողն սպասում է Ձեզ:



Իսկ մինչ պարոն Օսկանյանը երկար-բարակ կպտտվի ծանրաձողի շուրջ ու կորոշի, թե որ կողմից մոտենա, մենք մեկ-երկու դիտարկում անենք:



Այլընտրանք լինել իշխանությանը՝ դեռ չի նշանակում իշխանությունից ավելի լավը լինել: Ավելի վատն էլ այլընտրանք է, եթե հարցին մոտենանք լեզվամտածողության տեսանկյունից: Մեր ժողովուրդն իշխանության այլընտրանքների պակաս երբեք չի ունեցել, բայց եւ հաջողության չի հասել, որովհետեւ ստիպված է եղել ամեն անգամ ընտրություն կատարել վատի եւ ավելի վատի միջեւ: Ուստի կարիք չկա բառապաշարի սնանկության պատճառով «այլընտրանք» բառն այդպես ծածանել եւ մի հատ էլ հպարտանալ այդ ոչինչ չասող բառով ու ընդգծել, որ դա «երկրի առաջ կանգնած գլխավոր հրամայականն է»:
Եվ, առհասարակ, նոր եկողն իր ետ նոր բան պետք է բերի եւ ոչ թե կրկնի մեկ անգամ արդեն պարտված «հեղափոխության» դատարկաբանությունները: Սա «Համախմբումում» կարող են ընդունել որպես խորհուրդ, եթե, իհարկե, ի վիճակի են լսել:



Երբ իշխանությունն իրեն սպառել է, իսկ քաղաքական դաշտն էլ աղճատված է, իսկ ժողովուրդը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, ինչպես ասում է Օսկանյանը, ապա որքանո՞վ է արդարացված հերթական քաղաքական ուժը գրանցելն ու հերթական խաբեությունն օդում բաց թողնելը: Իսկ գուցե պետք էր սկսել ժողովրդի մեջ քաղաքական ուժի հանդեպ հավատը վերկանգնելո՞ւց: Ինչպե՞ս` չեմ կարող ասել: Գիտեմ միայն, որ դա դժվարին աշխատանք է, որի հաջողությունը մեծապես կախված է նաեւ թիմի թարմությունից: «Համախմբումի» մեջ, սակայն, ամենաթարմը Վարդան Օսկանյանն է` իր ունեցած քաղաքական անցյալով` ինչ-որ տեղ նույնիսկ հետաքրքիր: Բայց ժողովրդի մեջ ի՞նչ հավատ կարող են արթնացնել նրա թիմակիցները` հիմնականում պոռոտախոս, «աբիժնիկ», մեծամիտ, ինքնահավան մարդիկ, որոնք ոգեւորվել են իրենց տակ ինչ-որ ալիքներ զգալով: Կարդում ես նրանց հրատարակած կայքերն ու թերթերը եւ զզվանք ես ապրում: Ի՞նչ համախմբման մասին է խոսքն այս դեպքում: Այդ խմբակում ճանաչում եմ մարդու, որը հավասարապես տրվել է բոլոր նախագահներին, բայց այսօր ասում է` եկել եմ այլընտրանք լինելու: Սրա ինչի՞ն հավատաս:



Ասում են` այս ամենի հետեւում Քոչարյանն է կանգնած: Եթե այդպես է, ապա անկեղծորեն խղճում եմ նրան…



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ