Ադրբեջանական քարոզչամեքենան կորցնում է իր ինքնավերահսկողությունը. մաս երկրորդ

Ադրբեջանական քարոզչամեքենան կորցնում է իր ինքնավերահսկողությունը. մաս երկրորդ

Ինչպես հայտնի է, Թեհրանում տեղի ունեցավ Իրան-Սիրիա-Ռուսաստան ՊՆ մակարդակով եռակողմ հանդիպում, որի հիմնական օրակարգը ահաբեկչության դեմ պայքարն էր: Այս մասին հաղորդում է АПА գործակալությունը: Հանդիպումից հետո Իրանի Պնախարար Հյոսեին Դեխգանը հայտարարել է, որ Իրանը տեսնում է Սիրիական, Եմենյան եւ Իրաքյան հակամարտությունների լուծումը՝ ահաբեկիչների դեմ անողոք պայքարի մեջ՝ ներառյալ նաեւ քաղաքական եւ նյութական աջակցության դադարեցումը, ինչը կբերի ահաբեկչության արմատախիլ լինելուն, որի մեջ ներքաշված է նաեւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան:



Եվ այժմ, երբ Իրանը բացահայտ կերպով սկսել է ցույց տալ իրեն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, Բաքուն սկսել է հայտարարել, որ իբրեւ թե Հայաստանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նկատի ունի պայքարն Ադրբեջանի դեմ: Երբ դեռ նոր- նոր էր ադրբեջանական մամուլում հայտնվել տեղեկությունն այն մասին, որ նախապատրաստվում է Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը նախագահների մակարդակով, որի ընթացքում քննության էր առնվելու Հյուսիս-հարավ տրանսպորտային հաղորդակցության նախագիծը, Բաքվի քաղաքագետները հայտարարեցին, որ ստեղծվում է նոր ուժային կենտրոն` Իրան-Ռուսաստան-Ադրբեջան առանցք, որը կարող է նոր լուծումներ բերել ԼՂ հակամարտության հարցում:



Դրանից ավելի վաղ, երբ դեռեւս նորմալ էին ռուս-թուրքական հարաբերությունները, Բաքուն հույս ուներ, որ Բաքու-Անկարա-Մոսկվա եռանկյունու մեջ կունենար առավելություններ եւ հնարավորություններ ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ի նպաստ իրեն լուծելու համար եւ այդ ընթացքում ակտիվորեն շահարկում էր հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները: Այժմ էլ ադրբեջանական լրատվական դաշտում բավական ակտիվացել են քննարկումներն ու հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանին պետք է վազանց կատարել եւ դուրս գալ աշխարհաքաղաքական նոր հարթություն եւ ձգտել դեպի ՆԱՏՕ, ինչը ավելի միասնական օժանդակություն կգտնի ադրբեջական հասարակության կողմից, քան այլ հարցեր՝ լինեն դրանք արտաքին կամ ներքին քաղաքական:



Այս համատեքստում հասկանալի է, որ խաղարկվելու է Ադրբեջանի էներգետիկ հնարավորությունները, քանի որ իր էներգետիկ ռազմավարությունը Բաքուն կառուցել է «էստի համեցեք»-ի տրամաբանությամբ՝ փորձելով գրավել Արեւմուտքին եւ ներկայանալ որպես Ռուսաստանին այլընտրանք: Իսկ թե հետագայում ինչ տեղեկատվական նոր հոսքեր կնետի ասպարեզ Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան, դեռ հայտնի չէ:



Ստանիսլավ Տարասով
ИА REGNUM.



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի