Զոհված զինծառայողի շրթունքը պատռված է, քիթը՝ քերծված, իսկ մարմնի վրա կապտուկներ կան

Զոհված զինծառայողի շրթունքը պատռված է, քիթը՝ քերծված, իսկ մարմնի վրա կապտուկներ կան

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ Մարտունիում զոհված զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի չէ, նրա մարմինը դեռեւս դիահերձարանում է: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանը: Զինծառայողի ազգականներից մեկն էլ՝ Զարզանդ Ավագյանը հայտնեց, որ զինվորի հայրը տեսել է զոհված որդու մարմինը ու ասել, որ մարմնի վրա տարբեր հետքեր կային, մասնավորապես՝ կապտուկներ ոտքերի եւ թեւերի վրա, քիթը քերծված էր, շրթունքը պատռված, կրակած՝ բերանի մեջ: Նրա պատմելով՝ զորավարժությունների գնալու ճանապարհին Գրիգորյանն իրեն վատ է զգացել, եւ դեռեւս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել մահը: «Ինքնասպանությունը ընդամենը վարկած է»,-ասաց Զարզանդ Ավագյանը:



Նա նշեց, որ զինծառայողի ընտանիքը երկար տարիներ է՝ վարձով բնակվում է Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում, բայց զինծառայողը ծնունդով Մրգավան գյուղից է: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ իրենից մեծ քույր: «Խելացի երեխա էր, ավարտել էր Արտաշատի ուսումնարանի ատամատեխնիկական բաժինը, մտադիր էր ուսումը շարունակել, դառնալ ատամնաբույժ: Ամսի 20-ին պիտի լրանար 11 ամիսը, ինչ ծառայում էր»,-ասաց զինծառայողի ազգականը՝ տատիկի եղբորորդին: Հ. Գրիգորյանի մայրը՝  Լիանուշը, մասնագիտությամբ ուսուցչուհի է, սակայն կրճատվել է ու այժմ չի աշխատում: Իսկ հայրը՝ Գարուշ Գրիգորյանը, Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր մեկնել եւ որդու մահվան հետ կապված վերադարձել է Հայաստան: Զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում, այս մասին մեզ փոխանցեց Մրգավանի գյուղապետը:



Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ Հ. Գրիգորյանը մահացել է մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում: Նա մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից նա տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»։