«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը.

«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը.

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:



Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնևմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն: «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա:



ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով և ե՞րբ է վերականգնվելու՝ ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»:



Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում