Ադրբեջանի պարտությունը

Ադրբեջանի պարտությունը

Օրերս Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հոդված է հրապարակել եւ «գաղտնազերծել», որ Պուտին-Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպմանը ՌԴ նախագահն առաջարկել է Հայաստանի ապաշրջափակման դիմաց «երկու շրջան վերադարձնել Ադրբեջանին»:



Եթե Սարգսյան-Ալիեւ հանդիպում տեղի ունեցած լիներ Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, Բրայզայի «բացահայտումը», գուցե, հավատ ներշնչեր: Մոսկվայում եռակողմ բանակցություններից ամերիկացի նախկին համանախագահը հազիվ թե տեղեկացված լինի: Մնում է մեկ ենթադրություն անել՝ նրան ուղղորդել են Բաքվից:
Տեւական ժամանակ Բրայզան Ադրբեջանի իշխող ռեժիմի սիրելին էր: Հայտնի են նաեւ նրա կապերը Թուրքիայի քաղաքական շրջանակների հետ: Եւ բացառված չէ, որ «երկու շրջանների վերադարձի» գաղափարը նրան մատուցվել է Ալիեւի աշխատակազմից: Նպատակը երկուսն է: Նախ, այսպես ասած, բորբոք պահել ՌԴ նախագահի կողմից «Հայաստանի վրա ճնշումների» թեման, երկրորդ՝ ըստ հնարավորի լարվածություն սադրել հայ հասարակության ներսում:



Իսկ դա մի բան է նշանակում՝ հետապրիլյան բանակցային փուլում, որն, ըստ երեւույթին, փակվում է, Ադրբեջանը դիվանագիտական պարտություն է կրում: Պատերազմի սպառնալիքը չի աշխատում, հայկական կողմն ամրապնդում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, սպառազինությունների հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է, իսկ դիվանագիտական մրցակցության մեջ միջնորդները պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը՝ նախ վստահության մթնոլորտ, պատերազմի բացառում, ապա՝ քաղաքական քննարկումներ:



Ընդ որում, այդ քննարկումների առանցքը ոչ թե «տարածքների վերադարձն» է, այլ՝ ԼՂ ժողովրդի իքնորոշման իրավունքի իրացումը: Միջնորդները բազմիցս են հայտարարել, որ կարգավորման հայեցակարգը եւ կից տարրերը միասնական են, դրանցից որեւէ մեկին նախապատվություն չի տրվելու: «Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»,- այսպես են ասում նման դեպքերում:



Ինչպես երեւում է, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ «կապող օղակ» դառնալու Ալիեւի ջանքերը նույնպես որեւէ գործնական արդյունքի չեն բերելու: Նախ Իրանը Ռուսաստանին փաստացի «արտաքսեց» Համադանի ռազմաբազայից՝ հասկացնելով, որ չարժեր ժամանակից շուտ տարփողել թեման: Երկրորդ՝ Իրանը սեփական խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, որոնք թույլ չեն տալիս Բաքու- Թեհրան ռազմավարական համագործակցության մասին նույնիսկ երազել:



Իսկ Թուրքիայում զինված խռովությունից հետո Բաքվի օրակարգում բոլորովին նոր խնդիրներ են առաջացել: Էրդողանը համառորեն պահանջում է արմատախիլ անել Գյուլենի հետեւորդներին: Ալիեւի ռեժիմը փորձում է Գյուլենի հետ կապերը բարդել ընդդիմության վրա, բայց Անկարան հարցը դնում է արմատապես: Հնարավոր է՝ Թուրքիան պահանջի ադրբեջանական զինված ուժերում անցկացնել զտումներ: Ալիեւի ռեժիմը երկյուղ ունի, որ իրավիճակը կարող է բերել բանակի դժգոհությանը:



Վերջին քայլերի ֆոնին վերստին սրվել են Ադրբեջանի եւ արեւմտյան ընկերակացության հարաբերությունները: Բաքվում շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր գործիչ եւ լրագրողներ են ձերբակալվել՝ որպես «արեւմտյան ազդեցության գործակալներ»: Արեւմուտքը նրանց համարում է խղճի կալանավոր, քաղբանտարկյալ:



Եւ, վերջապես, անցած տասնամյակում Ադրբեջանից հեռացած եւ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում ապաստան գտած գործիչները փորձ են անում համախմբվել եւ քաղաքական շարժում սկսել: Նրանք արդեն ստեղծել են MeydanTV ինտերնետային հեռուստատեսությունը, որը, չնայած ռեժիմի հարուցած խոչընդոտներին, հասանելի է նաեւ Ադրբեջանում:



Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Արդյունքների հանդեպ ոչ ոք կասկած չունի: Այդ փոփոխություններով Ադրբեջանը վերջնականապես քաղաքակրթական ընտրություն կկատարի հօգուտ ավտորիտարիզմի:



Ալիեւի ռեժիմը 2017-18թ.թ.-ին կունենա մեկ գերխնդիր՝ ապահովել իշխանության, այսպես ասած, հաջորդայնությունը: Այդ նախագծում նա արեւմտյան հանրությունից աջակցություն չի ունենա: Ադրբեջանին մնում է ֆորմալ կամ փաստացի ինտերգրվել եվրասիական միջավայրում: Ըստ երեւույթին, միջազգային հանրությանը դրանից հետո այլ բան չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ