Ադմիրալ Սամվելի բուժման կուրսը կարող է կիսատ մնալ անհրաժեշտ գումար չունենալու պատճառով

Ադմիրալ Սամվելի բուժման կուրսը կարող է կիսատ մնալ անհրաժեշտ գումար չունենալու պատճառով

«Հրապարակ» օրաթերթը արդեն տեղեկացրել է, որ ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։ Պարզվում է՝ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։



Սամվել Հովսեփյանի մարտական ընկեր, Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի նախագահ, «Գոյամարտ» ՀԲԸ եւ նույնանուն կուսակցության հիմնադիր նախագահ Սերժիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տասն օր առաջ իրենց հրապարակած բաց նամակից հետո անհրաժեշտ գումարը դեռեւս չի հավաքվել: Նա հիշեցրեց, որ իրենք դիմել էին «Տաշիր գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանին, «Տաշիր» բարեգործական հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին, սակայն նրանք մինչ օրս չեն արձագանքել:



«Առանձին անհատ քաղաքացիներ հետաքրքրվել են, դիմել, բարեգործական հիմունքներով իրենց օգնությունն առաջարկել»,- ասաց Սերժիկ Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել լուծել Գերմանիայում հյուրանոցում մնալու խնդիրը, քանի որ այնտեղ հյուրանոցները բավական թանկ արժեն: Այժմ Սամվել Հովսեփյանը գտնվում է Գերմանիայում, ընդունել է ճառագայթման մեկ կուրս, երկու ամիս տասն օր եւս պետք է բուժվի Գերմանիայում, ընդունի ճառագայթման կուրսեր: Եթե չկարողանան գտնել անհրաժեշտ գումարը, ապա Ադմիրալ Սամվելը պետք է կիսատ թողնի բուժման կուրսը եւ վերադառնա Հայաստան: