Կարեն Կարապետյանի նման անցյալով, փորձով, ունակություններով հայ մարդ մենք շատ չունենք

Կարեն Կարապետյանի նման անցյալով, փորձով, ունակություններով հայ մարդ մենք շատ չունենք

Հովիկ Աբրահամյանն իր «հրաժեշտի գազելում» չխոսեց հրաժարականի պատճառների մասին, միայն ակնարկեց, որ նոր մոտեցումների, հետեւաբար՝ նոր դեմքերի անհրաժեշտության պատճառով է լքում պաշտոնը։ «Մենք դեռեւս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ․․․ Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն ընձեռել նախագահին»։ Զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ։



- Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մնաց չպատճառաբանված։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հրաժարականը։
- Պատճառների մասին արդեն իսկ ասված է, եթե ասվում է նոր իրողություն, նոր դեմքերի փոփոխություն, ի վերջո, դա հանրության պահանջն է, իսկ այդ պահանջը ձեւավորվել է բավականին վաղ։ Օգոստոսի 1-ին նախագահն իր ելույթում ասաց, որ փոփոխությունները պետք է արագացվեն, չեմ կարծում, որ այս արմատական փոփոխությունն անակնկալ էր։ Վարչապետ, գիտեք նաեւ, որ գլխավոր դատախազ պիտի ընտրենք, կարծում եմ, որ այս արմատական փոփոխությունները կլինեն շարունակական այն իմաստով, որ, ի վերջո, քաղաքացին պետք է զգա փոփոխության դրական ազդեցությունն իր վրա։



- Ենթադրվում էր, որ փոփոխությունների մեկնարկը կտրվի եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներից, ԱԺ ընտրություններից հետո։ Ինչո՞վ է պայմանավորված այս հապճեպությունը, սպասելու ռեսո՞ւրս չկա, իրավիճակն այդքան վա՞տ է։
- Երբ օգոստոսի 1-ին նախագահն իր ելույթում անդրադարձավ այս փոփոխությունների անհրաժեշտությանը, մինչ այդ մենք ասում էինք, որ մենք, այո, կշտապենք, բայց դանդաղ կշտապենք։ Բայց հիմա այդ «դանդաղ շտապելը» եւ այն, ինչ քաղաքացին ուզում է տեսնել, իրար հետ հակասության մեջ էին։ Մենք եւ առհասարակ ցանկացած իշխանություն նրա համար է, որ քաղաքացին պատվեր իջեցնի, նա ուղղակի պիտի կատարի։ Սա իրականում պետք է ընդունել որպես ՀՀ քաղաքացու իջեցրած պատվերի կատարում, որովհետեւ անհրաժեշտ են նոր դեմքեր, փոփոխություններ։ Տա Աստված, որ արդյունքում լինի այնպես, ինչը մենք ենք ցանկանում, մենք, այսինքն տարբերություն չկա՝ իշխանությո՞ւնը, թե՞ ՀՀ շարքային քաղաքացին։ Մենք էլ՝ իշխանության կրողներս, շարքային քաղաքացու նման ենք, տարբերվում ենք միայն պատասխանատվության զգացողությամբ։ Կարծում եմ՝ այդ զգացողությունը գերակայող կլինի այն մարդկանց մոտ, որոնք կգան փոխարինելու ներկայումս գործող, առաջիկայում պաշտոնաթող պաշտոնյաներին։



- Իսկ ինչի՞ հիման վրա եք ասում, որ ժողովուրդը պատվեր է իջեցրել։
- Կարծում եմ՝ Ձեզ մոտ էլ չկա թերահավատություն, որ իրականում այդ պահանջը դրված է։



- ՀՀ քաղաքացիների զգալի մասն ընդհանրապես իշխանության հեռացման պահանջ-պատվեր ունի։
- Իշխանությունը կփոխվի, թե չի փոխվի, առաջիկա 6 ամսվա ընթացքում նոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ այս 6 ամսվա ընթացքում համոզի ՀՀ քաղաքացիներին, որ ինքն այն կառավարությունն է, որն ի վիճակի է ամենաարդիական խնդիրները լուծելու, եթե կարողացավ ապացուցել, ապա քաղաքացին իր համապատասխան վերաբերմունքը կարտահայտի, եթե ոչ՝ էլի իր ընտրության հարցն է։



- Հաճախակի վարչապետ ու կառավարություն փոխելով՝ դուք չե՞ք ընդունում, որ ի զորու չեք փոփոխություն կատարել ու պետք է հեռանաք։
- Նախ, կառավարությունն այդքան էլ հաճախ չի փոխվում, 2008-ից հետո սա երկրորդ կառավարության հրաժարականն է, չեմ կարծում, որ սա շատ հաճախ է։ Տրվում է ժամանակ, այդ ժամանակի ընթացքում՝ որոշակի խնդիրներ, անկախ ամեն ինչից՝ խնդիրները միշտ էլ լինելու են, ուղղակի պիտի կարողանաս արդյունավետ լուծումներ առաջարկել։



- Հաջորդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, կարծում եք նո՞ր դեմք է եւ կարող է նոր սկի՞զբ դնել։
- Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի նման անցյալով, փորձով, ունակություններով, կարողություններով հայ մարդ մենք, համենայնդեպս, այդքան շատ չունենք։ Այո, ինքը կարող է, եւ այս պահին իր կողմից շատ համարձակ, միգուցե գերհամարձակ քայլ է ընդունել կառավարության ղեկավարի պաշտոնը, որովհետեւ ժամկետը շատ կարճ է՝ 6 ամիս։ Հիմա մինչեւ ձեւավորվի կառավարություն, կառավարությունը 20-օրյա ժամկետում ներկայացնի իր ծրագիրը, Ազգային ժողովն էլ հնգօրյա ժամկետում անդրադառնա այդ ծրագրին, դրանից հետո՝ բյուջետային քննարկումների փուլ, ուստի իմ նախանշած 6 ամիս ժամկետը մի փոքր էլ շատ եմ ասում՝ մինչեւ համապետական ընտրություններ, եւ այս 6 ամիսների ընթացքում պիտի կատարվեն քայլեր, որ դա զգա ՀՀ քաղաքացին։ Սա գերհամարձակ քայլ է, հասկանալով, թե ինչ պատասխանատվություն է, եւ Կարեն Կարապետյանը, զուտ ստանձնելով այդ պատասխանատվությունը, կարծում եմ՝ միայն մեկ հավակնություն ունի՝ ամեն ինչ անել Հայաստանի Հանրապետության համար։



- Իսկ ի՞նչ երաշխիք, որ նա վարչապետ աշխատելու տարիներին ավելի բարձր աշխատավարձով առաջարկ ստանալու դեպքում կիսատ չի թողնի իր գործը, ինչը եղավ քաղաքապետի պաշտոնում։
- Երաշխիքն այն է, որ, ինչպես հին հունական փիլիսոփաներն են ասել, մի գետը երկու անգամ մտնելն անհնար է, չեմ կարծում, որ ավելի գայթակղիչ առաջարկության դեպքում նորից կգնա։ Ըստ էության, գայթակղիչ առաջարկություն ասածն էլ երեւի թե քաղաքական պատասխան էր այն ժամանակ իր հրաժարականին։ Բայց ընդունենք պատասխանն այնպես, ինչպես եղել է։ Հիմա հաշված ամիսների ընթացքում ուղղակի պետք է արվեն քայլեր, որոնք տեսանելի կլինեն, հաշվի առնելով Կարապետյանի շատ հավասարակշռված լինելը, որպես մաթեմատիկական գիտությունների թեկնածու, վստահ եմ, որ իր քայլը պետք է որ խիստ հաշվարկված քայլ լինի։ Մեզ նաեւ ապագայում են պետք այդպիսի հավակնություններով պետական ու քաղաքական գործիչներ, որ իրենց վրա այդ բեռը, ծանրությունը ոչ միայն վերցնեն, այլեւ հավուր պատշաճի տանեն մինչեւ վերջ։ Ամպագոռգոռ ու բարձրագոչ բառեր պետք չեն, պարզապես եկեք մենք ապագա կառավարությանն ու նրա ղեկավարին եւ բոլոր այն պաշտոնյաներին, որոնք համարձակություն կունենան մտնել այդ բեռի տակ, հաջողություն ցանկանանք ու յուրաքանչյուրս մեր տեղում մեր գործն անենք, որպեսզի այդ հաջողությանն ինչ-որ չափով նպաստ բերենք։



- Երբ Հովիկ Աբրահամյանն էր նշանակվում վարչապետ, թիմակիցները չէին խնայում գովեստի խոսքեր, համոզված էին, որ հենց նա է տնտեսությունը վատ վիճակից հանելու։ Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, նրան չհաջողվեց արդարացնել հույսերը։
- Ես չէի ասի, թե ինքը չի հաջողել, եկեք այդ բառերից զերծ մնանք։ Համոզվածներից մեկն էլ ես եմ եղել, այսօր էլ իմ համոզմունքն ինձ չի դավաճանել։ Այլ բան է, երբ որ քո սպասումներն ավելին են, քան արդյունքները։ Մեր բոլոր վարչապետերն էլ բարդագույն ժամանակահատվածում են ստանձնում այդ բեռը։ Այսօր եթե գնահատելու լինենք, եկեք ուղղակի ձեռքբերումները նայենք, թե ինչ ենք ունեցել, եթե ապահովվել է կայունությունը, սոցիալական որեւէ ծախսեր, էական կրճատումներ չեն եղել։ Հիմա անընդհատ բերում ենք դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի ցուցանիշներ, բյուջեի ցուցանիշներ, բայց մոռանում ենք, որ ՀՀ-ում ենք ապրում, եւ մեր դրամական միավորը դրամն է, եւ այս առումով, ի տարբերություն ԵԱՏՄ-ի հայտնի պատճառներին, թե ինչ դժվարություններ կան, սանկցիաներ մեր գլխավոր գործընկերոջ նկատմամբ, այս ամեն ինչի առկայության պարագայում հաջողվել է նույնիսկ ոչ մեր ուզած չափով, բայց որոշակի տնտեսական աճ ապահովել։ Այն, ինչ որ արվել է, եւ իր խոսքում Հովիկ Աբրահամյանը շեշտադրումներ արեց, եկեք այդ դրական ձեռքբերումները գնահատենք։ Բնական է, որ եթե ձեռքբերումները լինեին այնպիսին, որ մեծամասնության սպասումներին համահունչ լիներ, ապա որեւէ խնդիր չկա։ Բայց, անկախ ամեն ինչից, մեզ մեղադրում են, որ որեւէ փոփոխություն չկա, այս ամենը տանում է լճացման, ճահճացման։ Ավելի լավ պատկերացում, քան հանրապետության նախագահի մոտ է, որեւէ մեկի մոտ չկա՝ այն իրավիճակի, թե երբ է հատկապես անհրաժեշտ փոփոխություն կատարել, եւ ով կարող է իրականացնել այդ առաքելությունը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ