Կատարվածը ես համարում եմ դավադրություն

Կատարվածը ես համարում եմ դավադրություն

Մենք անդրադարձել էինք Մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես նրան, որ համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում, աշխատանքից ազատվել է 3 դասախոս, մի քանիսի ծանրաբեռնվածությունն իջեցվել է: Իրավիճակն առավել բարդ է դասավորվել հեռուստալրագրության ամբիոնում, որտեղ կրճատվել են հատկապես երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը։ Այս տեղեկությունը ժամեր անց համալսարանի լրատվականը փորձեց «հերքել», բայց ըստ էության ավելի շատ հաստատեց։



Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ նշված էր, որ Մանկավարժական համալսարանում վերջին տարիների ընթացքում ընդունվող ուսանողների թիվն ընդհանուր առմամբ չի նվազել, բայց կան բացառություններ. «Հեռուստալրագրության բաժնում այս տարի ընդունվել է նախատեսվածից պակաս ուսանող: Դրանով պայմանավորված՝ նվազել է նաեւ դասաժամերի քանակը, հետեւաբար՝ դասախոսների ծանրաբեռնվածությունը՝ դրանից բխող հետեւանքներով: Դասաժամերի քանակը պայմանավորված է ուսանողների թվով:



Այդ իրավիճակում որոշ դասախոսների դասաժամերի նվազման պատճառով նրանց առաջարկվել է դրույքաչափի փոփոխություն: Սակայն որեւէ դասախոս հեռուստալրագրության ամբիոնում չի կրճատվել: Դեռ ընթացքում է մագիստրատուրայի եւ հեռակա բաժնում ընդունելության գործընթացը, եւ մենք հույս ունենք, որ, դիմորդներով պայմանավորված, դասաժամերի աճ կունենանք, եւ այդ պարագայում հնարավոր կլինի երկրորդ քննաշրջանից ավելացնել դասախոսների դասաժամերը»: 



Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին։



- Տիկին Մկրտչյան, մեր տեղեկություններով, Մանկավարժական համալսարանում եւ, մասնավորապես, կուլտուրայի ֆակուլտետում լայնածավալ կրճատումներ են, ո՞րն է պատճառը։
- Մանկավարժականում ուսանողների նվազման թվի հետ կապված՝ իրավիճակն իրոք բարդ է: Բուհերում ամենուր է բարդ: Սակայն ես հակված չեմ այդ թվի կրճատումը բացատրել միայն արտագաղթի ծավալների աճով: Կրթության ոլորտում ներհասարակական ընդվզում է տեղի ունենում, ուսանողների մի մասը միայն դիպլոմ է ուզում ամեն գնով, մյուս մասը՝ ե՛ւ դիպլոմ, ե՛ւ ուսման որակ, եւ բոլորն աշխատանք են ուզում ըստ մասնագիտության: Եվ որովհետեւ հիմա այս ամենն ապահովելուն ուղղված քայլեր չեն արվում, ծնողներն ու նրանց զավակները չեն ցանկանում վճարել, քանի որ ո՛չ ուսման որակին են վստահում, ո՛չ էլ, առավել եւս՝ աշխատաշուկային: Բուհերի ղեկավարներն այդ խնդրին պիտի ուշադրություն դարձնեն: Ի՞նչ պատահեց, որ այժմ բարձրագույն ուսման հանդեպ հետաքրքրությունը մարեց: Չնայած այստեղ կա նաեւ դրական երեւույթ. ես դեմ եմ բուհական կրթության այսքան արժեզրկմանը եւ այն զանգվածային դարձնելուն: Մյուս խնդիրն այն է, որ ինքնաֆինանսավորվող բուհերը դարձել են ուսման վարձերի գերին: Եվ եթե մեկն անբավարար է ստանում քո առարկայից, ապա սկսվում է՝ քո աշխատավարձից են կրճատում: Կրթությունը բիզնեսի չի կարելի վերածել: Բացի այդ, Հայաստանում ես չգիտեմ որեւէ խմբագրի, որ լրագրողին աշխատանքի ընդունի դիպլոմին կամ դրա գնահատականներին նայելով: Իսկ եթե մարդը կարող է աշխատանքի ընդունվել առանց դիպլոմի, ինչո՞ւ վճարի դրա համար:
Եվ այժմ դիմորդների թվի կրճատումն առաջ է բերել ֆինանսական խնդիրներ: Համենայնդեպս, ամբիոնի վարիչն ինձ այդպես ներկայացրեց դասաժամերի կրճատման պատճառը: Ինձ դիմել են իմ դասախոս գործընկերները ֆակուլտետից, ինչպես նաեւ մյուս ֆակուլտետներից էլ կան մարդիկ, որոնք ուզում են բողոքել: Նրանք ուզում էին ե՛ւ մամլո ասուլիս Մամուլի ազգային ակումբում, ե՛ւ դրանից հետո հանդիպում նախարարի հետ, որ ես կազմակերպեմ: Ես ձեռնպահ մնացի դրանից, քանի որ կյանքը ցույց է տվել, որ վերջում մենակ եմ մնում իմ խնդիրների հետ, մարդիկ իրենց հարցերը լուծում են ու հեռանում, կարծես ինձ չեն էլ ճանաչել:



- Հեռուստալրագրության ամբիոնում կոնկրետ ի՞նչ իրավիճակ է տիրում։ Մենք տեղեկություններ ունենք, որ դասաբաշխումն անհամաչափ է արվում, այդպե՞ս է։ Ձեր դասաժամերը կրճատվե՞լ են։
- Ինձ առաջարկել են 0.25 դրույք, այն դեպքում, երբ արձակուրդ մեկնելուց առաջ ճշտեցինք, որ 0.5 դրույքը պահպանվում է, անգամ դասացուցակը ճշտեցինք, ու մեկնեցի Հայաստանից: Եվ հիմա կատարվածը ես համարում եմ դավադրություն: Ես մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետում դասավանդում եմ 2004 թ.-ից: Ընդհանրապես, դասախոսում եմ 1998 թ.-ից: Ավելի քան 10 տարիների ընթացքում 1.25 դրույքից ծանրաբեռնվածությունս իջել է 0.25-ի: Սկզբում վերցրեցին առարկաներից PR-ը, հետո՝ մեդիա իրավունքը, հիմա՝ դիպլոմայինների եւ պրակտիկայի ժամերը: Դասախոսներից մեկը որոշել է, օրինակ, որ ինքը պիտի ամբողջ կուրսի՝ 20 դիպլոմային ղեկավարի կամ ինքը պիտի որոշի, թե ով ղեկավարի, քանի որ ինքն է կուրսի ղեկավարը: Եվ այժմ խնդիրը դասաբաշխումների իրականացման անարդարացիությունն է, դրա մեխանիզմների արատավորությունը: Ես դա ասել եմ ամբիոնի վարիչին, ասել եմ ռեկտորին: Հեռախոսազրույցում ամբիոնի վարիչն ինձ ասում է, որ 0.25-ով պակասեցրել է նաեւ իր մոտ ընկերոջ ծանրաբեռնվածությունը՝ 1 դրույքից իջեցնելով 0.75-ի: Բավական է կրթական հաստատությունը դիտել որպես սեփական տնամերձ՝ մտել ես ու ընկերոջդ, ընտանիքի անդամներիդ, ծանոթներիդ պիտի աշխատանքի տեղավորես: Այս տարվա մարտին ամբիոնի վարիչը՝ Լեւոն Գալստյանը, ինձ անձամբ եւ հատուկ շնորհակալություն էր հայտնում Մամուլի ազգային ակումբում ուսանողների լրագրության պրակտիկան փայլուն անցկացնելու համար, քանի որ ուսանողները շատ գոհ էին մնացել: Հիանում են իմ դիպլոմնիկների պաշտպանությամբ: Ես լսարան անգամ կես րոպե ուշացումով չեմ մտնում, անգամ մի րոպե չեմ վատնում դասս, սա ինձ համար զբաղմունք չէ, սա աշխատանք է, որը ես շատ եմ սիրում եւ անչափ կարեւորում: Սակայն այս ամենը գրոշի դատարկ զրնգոց է նրանց համար: Տարիներ շարունակ ես մերժել եւ մերժում եմ հայկական արատավոր մեթոդներով գնահատական նշանակելու բոլոր միջնորդությունները, կա գնահատվելու մեկ ձեւ՝ սովորել եւ պատասխանել կիսամյակի ընթացքում սեմինարներին եւ քննության ժամանակ: Այդ մերժումները, հավանաբար, կուտակվել՝ հետք են թողել: Կա՛մ ես իրենց խանգարում եմ, կա՛մ իմ հասարակական-լրագրային գործունեությունն է խոչընդոտ դարձել, կա՛մ էլ պարզապես եղած ժամերն իրենց անձամբ են պետք: Ես չգիտեմ՝ հրահա՞նգ է, թե՞ ինքնագործունեություն: Բայց սա կրթություն է, մենք գործ ունենք Հայաստանի ապագայի հետ: Եվ եթե ուսանողը տեսնում է, որ իր դասախոսը չի դասավանդում, որին ինքը գնահատում է, սիրում, տխուր հետեւություններ է անում: Մենք չենք կարող այսպես սերունդ կրթել: Ես ուզում եմ, որ կրթությունից հեռու մնան այստեղ հայտնված պատահական մարդիկ, որոնք ուսանողներին տալու ոչինչ չունեն, որոնք կարող են արատավորել կրթական միջավայրը: Բայց հենց նրանք են աստիճանաբար դուրս մղում մեզ:



Չեն կարող հերքել, բառացիորեն ջարդ է իրականացվում եվ նպատակային
Մանկավարժական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Նազելի Մարգարյանն այն դասախոսներից է, որ կրճատման տակ է ընկել, բայց դա արվել է միանգամայն օրենքի շրջանակներում, այնպես, որ դա դիտվում է ոչ թե կրճատում կամ աշխատանքից ազատում, այլ պայմանագրի չերկարացում։ Նա ասում է, որ եթե ՀՀ բոլոր բուհերում դոցենտի հետ պայմանագիրը կնքվում է 5 տարով, ապա Մանկավարժական համալսարանն այն դարձրել է 3 տարի, եւ միայն ամբիոնի վարիչն ու դեկանն իրավունք ունեն երկարացնելու այդ պայմանագիրը, իսկ դա, ըստ նրա, արվել է այն պատճառով, որ կարողանան իրենց ուզած մարդկանց բերել համալսարան։ «Ասում են՝ չենք ուզում պայմանագիրը երկարացնել եւ վերջ». հիմնավորումը սա է եղել թե՛ իր եւ թե՛ մյուսների դեպքում։



Նազելի Մարգարյանն ասում է, որ ինքը կրճատված 3 դասախոսներից ոչ թե մեկն է, այլ 4-րդը կամ 6-րդը, նմանատիպ իրավիճակ է մի շարք ամբիոններում՝ ռուսական, արտասահմանյան գրականության ամբիոններում. «Իմ կոլեգաների հետ, որոնց հանիրավի աշխատանքից ազատել են, կարող ենք միասին մտնել նախարարի մոտ։ Ի վերջո, ո՞վ պետք է որոշի իմ մասնագիտական կարողությունները, պե՞տք եմ, թե՞ պետք չեմ, ո՞վ է պատասխան տալու այս կամային վերաբերմունքի համար։ Ի՞նչ իրավունքով են պետական մանկավարժական համալսարանը հիմնադրամի կարգավիճակով տվել մեկի սեփականություն եւ ինչ օրենք ուզում՝ ընդունում են»։



Անդրադառնալով համալսարանի տարածած հաղորդագրությանը, որտեղ հերքված էր կրճատումների մասին լուրը, Նազելի Մարգարյանը նշեց. «Չեն կարող հերքել, որովհետեւ բառացիորեն ջարդ է իրականացվում եւ՝ նպատակային, օրինակ, իմ պարագայում համալսարանի պրոռեկտոր Մելիք-Բախշյան Մհերը Պետհամալսարանից նախկին դասախոսի է հրավիրել՝ Մատինյան Կառլենին, որը 2 տեղ լրիվ դրույք ունի, կաշառակերության մեջ բռնել են, եւ իմ դրույքը վերցրել է, իսկ իմ պայմանագիրը համաձայնեցված չի երկարացնում թե՛ դեկանը, թե՛ ամբիոնի վարիչը»։ Դեռ անցած տարի դեկանն ու ամբիոնի վարիչն իրեն կանչել են եւ ասել, որ իր ժամերը պետք է տա Մատինյանին, ավելորդ առճակատման չգնալու համար սպասել են այս մեկ տարին էլ, որպեսզի պայմանագիրն ավարտվի։ «Ու ես հիմա նույնիսկ չեմ կարող դատի տալ, որովհետեւ կասեն՝ մեր օրենքն այդպես է, պայմանագիրը լրացել է։ Բայց եթե ես ձեզ դուր չեմ եկել, ու հանիրավի հանել եք, ապա ինչո՞վ է ձեզ դուր եկել այն դասախոսը, որը կաշառակերության համար նստել է 4 տարի։ Արդյոք դա կանխամտածված գործարք չէ՞, ինչո՞ւ նա 3-4 տեղ պետք է զբաղված լինի եւ գա իմ ամբողջ դրույքը վերցնի, որն իմ միակ աշխատանքն է։ Սա ի՞նչ գործարք է, եւ ո՞ւր է տանում այս միտումը»,-իր խոսքում նշեց Նազելի Մարգարյանը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ