Ցանկացած հաջողված բան վերագրում են ընդդիմությանը, ձախողված բաները՝ իշխանությանը

Ցանկացած հաջողված բան վերագրում են ընդդիմությանը, ձախողված բաները՝ իշխանությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին երեկ հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ տապալվեց «4+4+4» ձեւաչափով կոնսենսուսը։ Հիշեցնենք, որ ընդդիմության, քաղհասարակության եւ իշխանության միջեւ ընթացող երկարատեւ քննարկումների արդյունքում որոշվեց ՀՀ նոր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել, մասնավորապես՝ ID քարտերի տպագրում, 10 մատի մատնահետքով էլեկտրոնային գրանցում, ինչի համար գտնվել էր նաեւ անհրաժեշտ գումարը։ Բայց օրերս պարզ դարձավ, որ լեհական ընկերությունը, որը պետք է կատարեր այդ պատվերը, չի հասցնի սահմանված ժամկետում իրականացնել։ Արդյունքում ընդդիմությունը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ։ Հիմա իշխանությունները Լեւոն Զուրաբյանի հետ քննարկում են, որպես ընդդիմադիր սրտի մխիթարանք եւ տապալմանն այլընտրանք, ստորագրված ցուցակների հրապարակման հարցը, ինչին մինչ այդ սկբունքորեն դեմ էին։ Վաղը պատրաստ կլինի այդ փաստաթուղթը։



«Չէ, Ձեր ինֆորմացիան լիարժեք չէ, բանակցությունները լիարժեք ձեւով գնում են դեպի եզրահանգման, համագործակցությունը շարունակվում է, եւ կա նախնական համաձայնություն, որ վաղն արդեն (այսօր) այդ համաձայնեցված դաշտում կհրապարակվի այդ փաստաթուղթը։ Կարող է «4+4+4» ուժի մեջ մեկ քաղաքական ուժ անհամաձայնություն ունենա, բայց դա չի նշանակում, թե տապալվել է։ Ամենակարեւորն այն է, որ այն բոլոր խնդիրները, որոնք որ բարձրացվում էին քաղհասարակության եւ ընդդիմադիր ուժերի կողմից, ստացան իրենց եզրահանգումը, եւ այժմ գալիս են համաձայնության»,-ասաց Բաղդասարյանը։



- Նկատենք, որ այն կետերը, որոնք ամրագրված էին որպես առաջարկություն այդ «կոնսենսուսային» փաստաթղթում՝ ID քարտերի տպագրություն, մատնահետքերով գրանցում եւ այլն, դրանք չեն լինելու, լեհական ընկերությունը «քաշեց» ձեզ, թե ինչպես ստացվեց, փաստն այն է, որ չի լինի դա։



- Դա հասկանալի է արդեն, էդտեղ չի կարելի մեղքը բարդել «4+4+4»-ի վրա, որովհետեւ միջազգային կառույցների հետ ինտենսիվ ընթացել են բանակցությունները. վերջին պահին նրանք տեխնիկական որոշ պատճառաբանություններ բերելով՝ ասել են, որ դա հնարավոր չէ, եւ մենք, պարզապես այլընտրանք չունենալով, գնացել ենք այն տարբերակներին, որոնք ի սկզբանե պնդում էին մեր ընդդիմադիր գործընկերները։ Դա ցուցակների հրապարակումն է, որին ես այսօր էլ դեմ եմ, որովհետեւ ես մտածում եմ, որ դրանք ավելի ցիվիլ, տեխնիկապես զարգացած պայմաններով կարելի է դրան փոխարինողներ գտնել, որը, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, մենք գնացինք այդ համաձայնությանը, որը գոհացնում է մեր ընդդիմադիր գործընկերներին եւ քաղհասարակությանը։



- Չէի՞ք կարող այնպես բանակցել միջազգային կառույցների, մասնավորապես լեհական ընկերության հետ, որ վերջում ձեզ փաստի առաջ չկանգնեցներ, քանզի քննադատության սլաքն ուղղվում է ձեր կողմ։



- Հետաքրքիրն այն է, որ ցանկացած հաջողված բան վերագրում են ընդդիմությանը, ձախողված բաները՝ իշխանությանը։ Այդ բանակցությունները վարել են «4+4+4»-ի բոլոր ներկայացուցիչները, եւ պետք է ասենք, որ միջազգային կառույցներն առաջին հերթին բանակցում են ընդդիմության, հետո նոր՝ իշխանության հետ։



- Իշխանությունն սկզբունքորեն դեմ էր ցուցակների հրապարակմանը, Վենետիկի հանձնաժողովն էիք վկայակոչում, օրերս էլ ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ դեմ է։ Հիմա դուք ինչո՞ւ եք ձեր սկզբունքներին դեմ գնում, հանուն ինչի՞։



- Մենք ունենք հասարակության վստահության բարձրացման խնդիր ընտրությունների նկատմամբ, որն ամենակարեւորն է։



- Հասարակության վստահության բարձրացման համար պետք է դավաճանե՞լ սկզբունքներին եւ տարիներ շարունակ պնդած տեսակետից հրաժարվե՞լ։



- Դուք խոսակցությունը մի փոքր տանում եք տղայական դաշտ, քաղաքական դաշտում ենք մենք խոսում։ Եվ մենք ասում ենք, որ կան ավելի լավագույն տարբերակներ։ Ցուցակների հրապարակումն ունի իր բոլոր բացասական հետեւանքները, որին դեմ էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը, եւ մենք տալիս էինք այդ միջոցներն ու դետալները, որոնք կարող են փոխարինել ցուցակների հրապարակմանը։ Բայց եթե վերջին պահին կանգնում ենք փաստի առաջ, որ դա տեխնիկապես հնարավոր չէ, մենք գնում ենք այն ճանապարհով, որը որ կունենա իր պրոբլեմները, բայց նաեւ ճշտում ենք այն մեխանիզմները, որոնք կարող են բացառել այդ պրոբլեմները, եւ գնում ենք ցուցակների հրապարակմանը, որպեսզի ընտրությունների ժամանակ ունենանք վստահության բարձրացում։



- Ամեն դեպքում, քաղաքականության մեջ եւս սկզբունքները կարեւոր են։



- Եթե մենք սկզբունքը տանում ենք եւ ասում ենք՝ դեմ ենք, ուրեմն մնում ենք հին տարբերակին։ Իսկ հին տարբերակին մնալու դեպքում արդեն իսկ կարծիք է ձեւավորվում, որ այս իշխանությունն արեց այնպես, որ նորից հին ընտրություններով իր գործը տանի առաջ։ Իսկ մենք դրա կարիքը չունենք, մենք ունենք մաքուր եւ արդար ընտրություններ անցկացնելու կարիք, եւ դրա ականատեսը կլինեք։ Եվ մենք պետք է գնանք բոլոր այն հնարավոր զիջումներին, որ հասարակությունն ունենա այն վստահությունը, որ ընտրություններն անցնեն բարձր մակարդակով։ Իսկ այնտեղ ոչ թե թղթի վրա գրված օրենքները պետք է գործեն, այլ պետք է հիմնականում գործի քաղաքական կամք։



- Բայց դուք կարող էիք ի սկզբանե գնալ այդ զիջմանն ու հենց սկզբից համաձայնել ցուցակների հրապարակմանը, այսքան ռեսուրս ու ժամանակ էլ չվատնել։



- Եթե համոզված լինեինք, որ այս փոփոխությունները կյանքի չէին կոչվելու, մենք կգնայինք այդ ճանապարհով։ Մենք առավել քան համոզված էինք, որովհետեւ այդ նույն միջազգային կառույցները մեզ վստահեցնում էին, որ իրենք ժողովրդավարության զարգացման եւ առողջ ընտրությունների համար պատրաստ են ամեն ինչ հատկացնելու, եւ մենք գնացինք այդ ճանապարհով եւ դրեցինք այն պահանջները, թե որ դեպքում մենք կարող ենք ձեռնպահ մնալ այդ ցուցակների հրապարակումից։ Որեւէ խոչընդոտ չկար սկզբնական շրջանում, բայց վերջին պահին լեհական կողմը հայտարարեց, որ 10 մատնահետքերը չեն կարող հասցնել 6 ամսվա ընթացքում, 2 մատնահետքերով են կարող, ինչին էլ դեմ եղավ ընդդիմությունը։



- Այլ ընկերությունների հետ բանակցություն հնարավո՞ր չէր, որ չմնայիք միայն լեհական ընկերության հույսին։



- Փորձը կատարվել է, մենք առաջարկել ենք նաեւ մեր ընդդիմադիր գործընկերներին, միջազգային կառույցներին, որ դուք տվեք ցանկացած կազմակերպության անուն, որի հետ կարող ենք այդ բանակցությունները վարել։ Միանշանակ՝ բոլորը կանգնել էին այդ լեհական ընկերության վրա։



- Լավ, եթե ասում եք՝ քաղաքական կամքն է կարեւոր, ինչո՞ւ եք ընկել մատնահետքերի, ցուցակների հրապարակման հետեւից։ Ի վերջո, եթե քաղաքական կամքն է կարեւոր, մատներն ի՞նչ կապ ունեն այստեղ։



- Քաղաքական կամքով կարո՞ղ ես հանրությանը կերակրել, որ ասես՝ մենք ունենք քաղաքական կամք։ Հանրությունն ասում է՝ մենք չենք հավատում ձեր քաղաքական կամքին, մենք փաստն ենք ուզում տեսնել։ Եվ մենք ստեղծում ենք այդ փաստերը, որպեսզի հավատն ընտրությունների նկատմամբ ավելացնենք։



- Ձեր կարծիքով՝ հասարակությունը ձեզ ավելի՞ կվստահի, երբ տեսնում է, որ իշխող քաղաքական ուժն իր վճռական սկզբունքներից հետ է կանգնում։



- Նորից գալիս ենք նույն թեմային՝ մենք զիջումների ենք գնում, ոչ թե հետ ենք կանգնում մեր քաղաքական սկզբունքներից։ Այլընտրանք չկա։ Բնականաբար, դա կարող է նաեւ բացասաբար էլ անդրադառնալ, բայց մեզ համար ամենակարեւորը վստահության բարձրացման խնդիրն է։ Դուք բազմիցս եք նշում, որ հասարակ ժողովուրդն ունի սոցիալական պրոբլեմներ, եւ նրան չեն հետաքրքրում այդ օրենքները, եւ մարդկանց օրենքներով կերակրողը մեր ընդդիմադիր դաշտն ու քաղհասարակությունն է։ Եվ եթե նրանք արդեն միաձայն համաձայնում են այս տարբերակին ու պետք է նաեւ հասարակությանը դիմեն, որ այս տարբերակն է, որ ձեր ակտիվության պայմաններում կարող ենք ունենալ մաքուր ընտրություններ, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վստահության բարձրացման։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ