Աշտարակցին տեսել է իմ ամենօրյա աշխատանքը խանութում, հանգստի գոտում. քաղաքապետի թեկնածու

Աշտարակցին տեսել է իմ ամենօրյա աշխատանքը խանութում, հանգստի գոտում. քաղաքապետի թեկնածու

Աշտարակի ավագանու անդամ, 27-ամյա գործարար Թովմաս Շահվերդյանը մտադիր է սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքապետի ընտրություններով քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնել։ Շատ խոսել չի սիրում, ասում է՝ ինքը գործի մարդ է։ Հարցին, թե ինչ գործ է կատարել այս չոր տարիներին՝ որպես ավագանու անդամ, ասաց, որ ավելի շատ կողքից է հետևել։



Թ. Շահվերդյանը 13 տարեկանից բիզնեսով է զբաղվում, նրա հայրը քաղաքում հայտնի գործարար է, «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու տերն է, տարբեր բիզնեսներ է հիմնել, և որդին այսօր իրենց ընտանեկան բիզնեսներից մեկի տնօրենն է։ Այժմ էլ հավակնում է բիզնեսներից բացի նաև քաղաքը կառավարելուն։



Քաղաքապետ դառնալու իր ցանկությունը Թովմաս Շահվերդյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Ինձ համար քաղաքապետ դառնալը սկզբունք չի, լինելով երիտասարդ՝ տեսա, որ հնարավորություն ունեմ իմ քաղաքի համար անձամբ աշխատել, դա է պատճառը, որ որոշեցի մասնակցել այս ընտրություններին»։



-Այս երիտասարդ տարիքում՝ ի՞նչ եք հասցրել անել Աշտարակ քաղաքի համար՝ որպես քաղաքացի կամ ավագանու անդամ, որ հիմա ուզում եք որպես քաղաքապետ անել։



-Ներկայում ես ավագանու անդամ եմ, այս ընթացքում տիրապետեցի քաղաքի բոլոր խնդիրներին, գործունեության մեջ եմ, որոշեցի երիտասարդ տարիներս նվիրեմ իմ քաղաքին, աշխատեմ իմ քաղաքի համար։



-Դուք 27 տարեկան եք։ Աշտարակցին այս տարիների ընթացքում Ձեզ ինչպե՞ս է հասցրել ճանաչել։



-Հնարավոր է՝ ես օբյեկտիվ չպատասխանեմ էդ հարցին, կուզենայի իմ քաղաքացիները պատասխանեին։



-Ի՞նչ եք կարծում, որպես ավագանու անդամ՝ հասցրե՞լ եք այս չորս տարիներին կայանալ այնքան, որ այլևս ավագանու անդամի կարգավիճակը չի բավարարում, պետք է քաղաքապետի դիրքերից ինչ-որ բան անեք։



- Լինելով ավագանու անդամ՝ տեսա, որ քաղաքում փոփոխություններ կատարելու հնարավորությունները ավագանու համար սահմանափակ են։ Չէի մասնակցի ընտրություններին, եթե հաստատ համոզված չլինեի, որ իմ մոտ կստացվի։



-Ավագանու ինստիտուտի մասին ի՞նչ պատկերացում ունեք, ի՞նչ կարող եք ասել։



-Մեծ դեր ունի քաղաքի կյանքում։



-Տեղյա՞կ եք, որ ավագանու անդամն իր լիազորություններով շատ ավելի կարևոր օղակ է, քան քաղաքապետը, այն առումով, որ քաղաքապետն է ենթակա ավագանու անդամներին, և, ըստ էության, ավագանու անդմաները կարող են շատ ավելի մեծ գործ անել՝ իր որոշումները պարտադրելով։



-Տեղյակ եմ, իհարկե տեղյակ եմ, բայց աշխատողը քաղաքապետն է, ավագանին չի աշխատի։ Ավագանին որոշումը կկայացնի, մնացածը քաղաքապետի աշխատելու խնդիրն է։ Օրենքով այդպես է, բայց պրակտիկայում ավագանին ընդամենը հանդիսանում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացվող ծրագրերի ու աշխատանքների հաստատողը:



-Այս ընթացքում՝ որպես ավագանու անդամ, ի՞նչ կարևոր նախագծեր եք ներկայացրել, որ աշտարակցին կարող է տեսնել դրանք ու գնահատել։



-Կողքից հետևել եմ, լուրջ դերակատարություն... փորձել եմ ավելի շատ կողքից հետևել՝ ինչ է կատարվում։



-Ես ձեր նիստերին մի քանի անգամ մասնակցել եմ, բայց Ձեզ այնտեղ չեմ նկատել։ Հիմա Դուք կողքից հետևելով՝ որքանո՞վ եք ակտիվ անդամ եղել:



-Տեղյակ եմ եղել քաղաքապետարանի, ավագանու բոլոր որոշումներին, բոլոր գործերին։



-Միայն տեղյակ լինելը բավարա՞ր է, թե՞ պետք է առաջարկություններ ներկայացնել, ընդդիմանալ կամ կողմ լինել ինչ-որ հարցերում։



-Ես էն մարդկանցից եմ, որ սիրում եմ ավելի շատ աշխատել, քան ընդդիմանալ։



-Պարտադիր չէ ընդդիմանալ, կարող եք նաև առաջարկություններով հանդես գալ։ Ըստ էության՝ ավագանին ամենաաշխատող մարմինն է, և եթե ճիշտ կայացնեք այս ինստիտուտը, ավագանու անդամը թերևս ավելի շատ գործ պետք է անի, քան քաղաքապետը։



-Ավագանու անդամներից ամեն մեկն իր աշխատանքն ունի, ոչ մի ավագանու անդամ, ինձ թվում է, չի գա քաղաքի համար աշխատի։ Կողքից դիտելը ավելի հեշտ է, քան տեղում մեջը լինելը։



-Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ավագանու անդամ դառնալ, եթե պետք է կողքից դիտեք։



-Իմաստը մեծ է, ավագանու խորհրդով քաղաքապետը փորձում է ճիշտ ներկայացնել ավագանուն քաղաքի առջև ծանրացած բոլոր խնդիրները։



-Դուք՝ որպես ավագանու անդամ, ի՞նչ խորհուրդներ եք տվել քաղաքապետին, ով էլ Ձեր խորհրդով ինչ-որ դրական գործ է արել քաղաքի համար։



-Խորհուրդ չեմ տվել, ես միայն կողքից հետևել եմ քաղաքի գործերին։



-Հիմա աշտարակցին, տեսնելով Ձեր՝ որպես ավագանու անդամի, այդ կողքից հետևելը, կարո՞ղ է Ձեզ վստահել ու Ձեզ ձայն տալ։



-Էդ հարցին էլ կցանկանայի քաղաքացիները պատասխանեին։



-Սովորաբար մարդիկ, երբ համայնքի ղեկավարի թեկնածություն են առաջադրում, փորձում են իրենց ընտրողներին ներկայացնել մինչ այդ իրենց կատարած աշխատանքը, թե ինչով են աչքի ընկել, ինչ դրական գործեր են արել, որով կարող են ընտրողների վստահությունը շահել։ Այս մասով Դուք ի՞նչ կասեք։



-Աշտարակը մեծ քաղաք չի, բնակիչները տեսնում են բոլորի անցուդարձը, տեսել են նաև իմ աշխատանքը, իմ գործունեությունը քաղաքում։



-Ձեր ո՞ր աշխատանքը։



-Խանութում, հանգստի գոտում իմ ամենօրյա աշխատանքը։ Ես «Ավգոռ» ՍՊԸ-ի տնօրենն եմ։



-Սեփական բիզնեսը ղեկավարելը կարո՞ղ է վստահության լուրջ հիմք հանդիսանալ, որ կկարողանաք նաև քաղաքը ղեկավարել։



-Իմ՝ կողքից հետևելու իմաստը հենց դա է եղել, որ ինքս իմ մեջ հաստատ համոզվեմ՝ ես կարո՞ղ եմ իմ քաղաքի համար աշխատել, թե՞ ոչ։ Նոր եմ մտել էս ծանր բեռի տակ... իհարկե կարող եմ։



-Չորս առաջադրված թեկնածու եք, երկու երիտասարդ թեկնածու, որոնցից մեկը Դուք եք, և երկու տարիքով ավելի ավագ և փորձառու թեկնածուներ, այդ թվում՝ նախկին քաղաքապետը։ Նախ ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցներին, և ինչպե՞ս եք համոզելու աշտարակցիներին, որ ամենալավը Դուք եք։



-Շատ նորմալ եմ գնահատում, երեքին էլ համարում եմ ինձ մրցակից... գնահատականը ժողովուրդը կտա ամսի 18-ին։



-Իշխանությունները Աշտարակում դաշտը ազատ են թողել և ոչ մեկին չեն աջակցում։ Սրան ինչպե՞ս եք վերաբերվում և այս պարագայում ինչպիսի՞ պայքար եք տեսնում։



-Դրական եմ վերաբերվում շատ, շնորհակալ եմ... թող աշտարակցին որոշի՝ ում է ցանկանում, որ լինի իր համայնքապետը։



-Իշխանությունների հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, հատկապես, որ գործադիրում աշխատանքի փորձ չունեք, իսկ քաղաքային կառավարումն իրենից ենթադրում է ինչպես կառավարության, իշխանության տարբեր օղակների, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցություն։



-Շատ լավ, կաշխատենք, գործով կտեսնեք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ