Հովիկ Աբրահամյանն «ընկել» է, «դանակավորները»՝ շատացել

Հովիկ Աբրահամյանն «ընկել» է, «դանակավորները»՝ շատացել

ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորվեց ՀՀ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ։ ՀՀԿ-ականներին այլ բան չէր մնում, քան դիֆերամբներ ձոնել «պրագմատիկ» Կարապետյանի հասցեին եւ անգամ քննադատել Հովիկ Աբրահամյանին՝ «դանդաղկոտության» համար։ Ովքեր Աբրահամյանի նշանակման ժամանակ ձոներ էին հյուսում «ժողովրդի ծոցից ելած» վարչապետացուի մասին, այսօր դարձել են նրա քննադատները։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին նյարդայնացրին անգամ Աբրահամյանի մասին լրագրողների հարցերը։



«Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չէր բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել։ Ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Եվ բացթողումների ու թերությունների պատասխանատուն Հանրապետականն է: 1999 թվականից սկսած մենք ե՛ւ բացասականի, ե՛ւ դրականի տերն ենք: Իսկ այսօր երկրում բարեփոխումների շրջան է մեկնարկել»,- հոխորտաց նա։ 



Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը բավարարվեց Կարապետյանի գովքն անելով։ «Շատ լավ եմ վերաբերվում նրան, շատ բարձր: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերվում, որ չթողեք ամեն մեկն ամբախ-զամբախ ինչ ասես խոսա, ցեխ շպրտի նրա վրա: Սաղս պետք ա պադդերժկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք էր, ժամանակ էր, գործ էր, էն ժամանակ գնաց-էկավ, էլի:



Ինքը Հայաստանի հետ միշտ էլ կապը պահել ա, այնպես ա, որ Կարեն Կարապետյանը Հայաստանից երբեք չի գնացել»,- ասաց պատգամավորը: Երեկ լսվեց անգամ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի ձայնը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարին ուղեկցող Յուվեցի Կարոն չդիմացավ ու ինքն էլ միացավ նոր վարչապետին գովերգելու «սուրբ գործին»։ «Շատ հոյակապ անձնավորություն ա»,- ասաց նա: Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի վարչապետից, նախընտրեց չասել:



Հովիկ Աբրահամյանի թիմակիցը համարվող ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը վստահ է, որ հրաժարականը եղել է Արգամիչի որոշումը, իսկ Հովիկ Աբրահամյանը, ըստ նրա, լավ է աշխատել. «Ծրագրեր են իրականացվել, ամեն ինչ նորմալ է»։ Պատգամավորը հիշեցրեց թե նախկին վարչապետի, թե Սերժ Սարգսյանի ելույթները՝ եզրահանգելով. «Միշտ պետք է առաջ շարժվենք ու արագ շարժվենք։ Կառավարությունը կենդանի օրգանիզմ է, եւ ամեն պահի էլ պետք է սպասել փոփոխությունների»։ Իսկ ինքը պատրա՞ստ է տեղը զիջել նոր կադրերին, նոր սկզբունքներով, որպեսզի ողջ համակարգն արագ առաջ շարժվի։ «Եթե ես եմ դանդաղման պատճառը, հանուն ազգի եւ հանուն ձեզ, կարելի է զիջել»,- խոստացավ Մնացականյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում:



«Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն է, հրամայական, որ մեր բարեփոխումների գործընթացին մեծ տեմպ հաղորդվի: Մենք ունենք հեռակա խնդիրներ` կապված խորհրդարանական նոր համակարգի անցման հետ: Հույս ունենք, որ մարդիկ լավատեսական սպասումներ եւս կունենան, ու կփոխվի այս վատատեսական մթնոլորտը»,- ասաց Ռուստամյանը: Ըստ նրա` կառավարության գործունեությանը նոր շունչ հաղորդելու խնդիր կա, որովհետեւ հասարակության մեջ կուտակվում էր դժգոհություն: Ռուստամյանի խոսքով` կախարդական փայտիկներ չկան, եւ չպետք է ակնկալել, որ մի քանի ամիսների ընթացքում հրաշքներ են լինելու, անհրաժեշտ են լինելու կոնկրետ քայլեր, որովհետեւ խոստումներով այլեւս անհնար է սպասելիքներ ձեւավորել:



Փոխարենը ԲՀԿ-ն էր խուճապի մեջ, պատգամավորներն իրենց այս ու այն կողմ էին գցում, որպեսզի կարծիք չհայտնեն ԲՀԿ-ի մեկենասը համարվող, նաեւ իրենց ջանքերով վարչապետի աթոռին բազմած Հովիկ Աբրահամյանի գահընկեցության մասին։ Միայն Արայիկ Աղաբաբյանն էր, որը մի քանի հարցի պատասխանեց։



- Պարոն Աղաբաբյան, սրտի կսկիծո՞վ ընդունեցիք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։
- Էս պահին սիրտս կարող է ցավել միայն մեկ բանի համար։ Գյուղմթերման խնդիր կա, գյուղացին պրոբլեմի առաջ է կանգնած, ես կցանկանայի, որ նորանշանակ կառավարությունն ավելի շատ ջանքեր գործադրեր՝ այս խնդիրները լուծեր։



- Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ այդ խնդիրը կար։
- Այո, անցած տարի էլ այս խնդիրը կար, բայց հնարավորինս լուծվեց, հիմա բազմապատկվել է խնդիրը։ Կառավարությունն էլ պարտավոր է լուծել։



- Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին պարտադրեցին հրաժարվել։
- Ես չգիտեմ, ինքը ներկայացրեց հրաժարականի պատճառները, ես ասելիք չունեմ։



- Դուք է՞լ եք կարծում, որ ինքը ձախողել է, որ հին դեմք էր, մեզ նոր սկզբունքներ են հարկավոր։
- Ինքն ինչ պետք էր, արեց, ես չեմ մտածում, թե հին դեմք էր, նա աշխատասեր, ժողովրդին մոտ կանգնած, ժողովրդի ակունքներից ելած մարդ էր, ժողովրդի դարդուցավին էլ՝ լավ ծանոթ։



- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Կարապետյանի կառավարությունից։
- Ակնկալիքներ չգիտեմ, բայց կարծում եմ՝ ամեն նոր կառավարություն պետք է հնի ստեղծածը փորձի ավելի զարգացնել։



Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որ կարծես հանգրվանել է ԲՀԿ-ում, ասաց, թե չի կարծում, որ այս հրաժարականը պայմանավորված էր Աբրահամյանի լավ կամ վատ աշխատանքով։ Այն ավելի շատ ներքաղաքական վերադասավորումների արդյունք է. «Երբ հուլիսյան դեպքերից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին, որպեսզի կարողանան հասարակության կրքերը մեղմել եւ մասամբ գոհացնել որոշ ակնկալիքներ, արդեն իսկ հասկանալի էր, որ իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումներ պիտի տեղի ունենան:



Եվ քանի որ խոսքն ազգային համաձայնության կառավարության մասին էր, կարելի էր ենթադրել այս սցենարը: Բայց ինքս տրամաբանություն չէի տեսնում այս փուլում կառավարության փոփոխության, քանի որ առջեւում ընտրություններ են: Չեմ կարծում, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը կարող է շատ արագ եւ արմատական փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսության մեջ, որոնք կարող են բարձրացնել իշխանության վարկանիշը»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակադարձում է Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հայտարարությանը․ «Այն ձեւով, ինչպես իշխանություններն են դրա մասին խոսում, դա մենք համարում ենք լրիվ կեղծ գաղափար, որովհետեւ ազգային համաձայնության կառավարությունը քաղաքագիտական պրակտիկայում նշանակում է հետեւյալը, որ ինչ-որ մի ծանր ճգնաժամային իրավիճակում, քանի որ այլ ելք չկա, եւ մեծ անջրպետ կա իշխանության եւ հասարակության, ժողովրդի միջեւ, իշխանությունը գնում է բանակցությունների ընդդիմության հետ եւ ստեղծում է ժամանակավոր կառավարություն՝ իշխանության եւ ընդդիմության մասնակցությամբ, եւ նախապատրաստում է այդ ճգնաժամի լուծման ուղիները:



Օրինակի համար անցկացնում է ազատ եւ արդար ընտրություններ, նախապատրաստում է այդ ընտրությունները, որի հետեւանքով գործում է արդեն սովորական ռեժիմը»։ Լեւոն Զուրաբյանը նշում է, որ ընդդիմության հետ ոչ ոք չի բանակցել, ճգնաժամն իշխանությունը չի ընդունում․ «Հիշում եք, որ մերժեց մեր հակաճգնաժամային հարցապնդումը: Այնպես որ, սա ուղղակի ազգային համաձայնության իմիտացիա է, եւ իրենց ուզած կառավարության անունը դնում են ազգային համաձայնության կառավարություն»: Զուրաբյանի կարծիքով, վարչապետերի փոփոխությամբ հարց չի լուծվում. «Հիսուս Քրիստոսն էլ նշանակվի վարչապետ, այս համակարգում ոչինչ չի կարողանալու փոխել»։



ԲՀԿ-ն լքած Արագած Ախոյանը չի կարծում, թե Աբրահամյանի հրաժարականով մենք ինչ-որ բան ենք շահել. «Բայց լավ ճանաչելով պարոն Կարապետյանին, համոզված եմ, որ ստեղծածը կզարգացնի, գոյություն ունեցող խնդիրները կլուծի»։ Նա ասում է՝ չպետք է մոռանալ, որ Հովիկ Աբրահամյանին հաջողվեց «գինուն ջուր խառնել». «Այսինքն՝ կարողացավ սուր տեղերը հարթեցնել, մարդկանց իրար կողքի նստեցնել։ Շատ հաճախ էինք կառավարության մասին սուր քննադատություն լսում, բայց նրա ժամանակ ամեն ինչ հարթվեց»։ Մեր դիտարկմանը, որ վարչապետն «անհնազանդներին» սպառնում էր «բամփել», Ախոյանն արձագանքեց. «Էդ էլ է մեթոդ»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ