Ֆեյքուֆեյսբուքի հույսին մնաս, Բալասանյան

Ֆեյքուֆեյսբուքի հույսին մնաս, Բալասանյան

Չեմ կարծում, որ Գյումրու գործող, գուցե նաև ապագա քաղաքապետ Սամվել Բալասանյանն այնքան կորած մարդ է, որ նույնիսկ մի լրագրողի չի կարողանում հարկ եղած պատասխանը տալ կամ մարդավարի բացատրել, որ տվյալ լրագրողն իր ու իր շտաբի հարցում սխալվում է, որ իրականությունն այլ է: Բայց ահա, «Բալասանյան դաշինքի» խելքը բավականացրել է լրագրողի վրա «ֆեյք» բերելուն միայն:



Լրագրողի կին, տղամարդ, փորձառու, անփորձ լինելը կապ չունի արդեն: Կատարված փաստն է այլևս կարևոր՝ Բալասանյանի շտաբից մի «ֆեյք»՝ «Դանիել Համբարյան» վերտառությամբ, լրագրողի հասցեին սպառնալիքներ է թույլ տվել, «հրամայել», որ լրագրողը հեռացնի իր ֆեյսբուքյան գրառումը: Այլապես, սպառնացել է, ծխախոտ հանգցնել նրա մարմնի վրա:



Մենք հասկանում ենք, որ Գյումրիում ընտրություններ են, որ Բալասանյանի դիրքերը թույլ են, ինչպես երբեք, որ դրանից նրա կողմնակիցները նյարդայնացած են, բայց դա պատճառ չէ լրագրողին լռեցնելու, առավել ևս վախեցնելու փորձ անելու համար:



Գյումրին Սամվելովկա չպետք է դառնա: Սա հասկանում են թե գյումրեցիները, թե Հայաստանի երկրորդ քաղաքի ճակատագրով փոքր-ինչ մտահոգ մարդիկ, թե ՀՀ իշխանությունները, որոնք լուրջ փոփոխությունների ճանապարհն են բռնել: Մնում է, որ այս մտքի հետ հաշտվի նաև Սամվել Բալասանյանը և, օգտվելով հրաշալի առիթից, փորձի հասկանալ, թե իրականում ինչ են իր մասին մտածում գյումրեցիները: Ինչքա՞ն կարելի է ծուռ հայելու մեջ զմայլվել սեփական անձով ու չնկատել հայելու հետևում ձեռից գնացող քաղաքն իր մարդկանցով, իր սոցիալական ծանր վիճակով: Ի զորու չես բան փոխել՝ հեռացիր վերջապես: Վստահաբար, Գյումրիում կան մարդիկ, ովքեր երկու էշի գարի ջոկել գիտեն ու կկարողանան շարժել տարիների անշարժությունը:



ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին գրած ահասարսուռ պատասխանում, դաշինքականները Բալասանյանին «վերջին հայրենասեր» են ներկայացրել՝ նա եկավ, Գյումրու ձեռնարկությունները փրկեց թալանից, աշխատատեղ բացեց, ժամանակին աշխատավարձ է վճարում… Իսկ գուցե նաև արժե՞ր գրել այն մասին, թե այդ ի՞նչ հրաշքով Սամվել Բալասանյանը կարողացավ սեփականաշնորհել ու տեր դառնալ Գյումրու գարեջրի ու անուշեղենի գործարաններին: Այս հարցը Հայաստանում ընդհանրապես չի շոշափվել, և իրոք հետաքրքիր է, արդյոք, ժողովրդական հարստությունը ժամանակին կոպեկներով յուրացրած «հայրենասերները» մասնակիցը չե՞ն համատարած թալանի:



Պարզվում է՝ Սամվել Բալասանյանին իր շտաբում լավ գովերգել գիտեն, բայց երբ մի լրագրող նրան բան է ասում՝ իջնում են գյադայության մակարդակի և սպառնում՝ ծխախոտ հանգցնել նրա մարմնին: Չգիտեմ՝ ինչ ասել: Եթե այդպես եք հասկանում քաղաքական պայքարը, ընդունեք բարեմաղթանքս՝ ֆեյքուֆեյսբուքի հույսին մնաս, Բալասանյան:



Էդիկ Անդրեասյան