Ունենք մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստատեսություններ

Ունենք մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստատեսություններ

Նորանկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում երկար ու փորձություններով լի ճանապարհ անցավ նաեւ հայկական հեռուստատեսությունը, թե ինչ կատարվեց 25 տարիների ընթացքում հայկական հեռուստաեթերի ու հեռուստալսարանի հետ, ինչ տրանսֆորմացիաներ ապրեց խոսքի ազատությունը եթերում, հայկական հեռուստատեսությունն այսօր ինչ ազդեցություն ունի եւ ինչ արագությամբ է արձագանքում երկրի սոցիալ-մշակութային, քաղաքական կյանքին, զրուցեցինք հեռուստատեսությունը ներսից եւ ոչ վաղ անցյալից իմացող մտավորականների հետ։



Ես, իհարկե, հեռուստատեսություն չեմ նայում



Գրող, հրապարակախոս, մեդիափորձագետ Վահրամ Մարտիրոսյանը տարբեր ժամանակներում հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում հիմնել եւ վարել է բազմաթիվ լրատվական, քաղաքական, մշակութային ծրագրեր։ Անդրադառնալով մեր հեռուստատեսության վերջին 25 տարիների ընթացքին՝ նա այսպես գնահատեց. «Վերելքի փուլ՝ մինչեւ 2000-2002թթ. եւ հետո՝ անկման փուլ։ Հասկանալի է, որ սովետական հեռուստատեսությունը միայն քարոզչություն էր, որտեղ սարսափելի մեծ գրաքննություն կար, բայց հետո փորձ արվեց ոչ նոմենկլատուրային, մարդկային լեզվով խոսելու, ինչպես նաեւ ոչ դասատուական հայերենի ավանդույթներով դաստիարակված հաղորդավարներ բերել եթեր։ Այդ ընթացքում լրատվամիջոցներում քարոզչությունը շարունակել է մնալ եւ միշտ իր դերը խաղալու է, երբեմն՝ նաեւ չափազանցություններով։ Այդպիսի չափազանցություն համարում եմ նաեւ 95թ.-ին նախընտրական շրջանում մեկ ամիս եթեր հեռարձակված իմ «Քաղաքական փասիանս» հաղորդաշարը։ Կարծում եմ, որ 1997-2000 թթ.-ին «Ա1+», «ԱՐ», ինչպես նաեւ «Շանթ» հեռուստաընկերությունները, ըստ էության, ազատ հեռուստատեսության եւ նոր ժողովրդավարական պետության մեդիայի դեր էին կատարում։ Ճիշտ է՝ այն ժամանակվանից արդեն կային հեռուստաընկերություններ, օրինակ՝ «Արմենիան», որը զուտ կոմերցիոն էր, քաղաքական առումով կոնյունկտուրային եւ այդպես էլ մնաց մինչեւ այսօր։ 2000-ականներից հետո «ԱՐ» հեռուստաընկերության ազատությունն աստիճանաբար սահմանափակվեց, «Ա1+»-ն ընդհանրապես փակվեց, այսինքն՝ տարբեր ժամանակաշրջաններում վերահսկողությունը Բաղրամյան 26-ից այնքան ուժեղացավ, որ ըստ էության այսօր մենք գործ ունենք տարբեր մասնաճյուղերով մեկ հեռուստատեսության հետ։ Իհարկե, կան հաղորդաշարեր, որոնց ազատության լիմիտը բավականին մեծ է, ինչպես, օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարն է։1-2 այդպիսի հաղորդաշարեր էլ կան, բայց դրանք, այնուամենայնիվ, մնում են մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստատեսություններ։ Եվ դրա արժանի գնահատականն ու հիմնական միտումն այն է, որ ինտելեկտուալ շրջանակներում, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, մտավորականների շրջանակում մարդն ասում է՝ ես, իհարկե, հեռուստատեսություն չեմ նայում։ Ես էլ այդ մարդկանց թվին եմ պատկանում՝ հեռուստատեսություն չեմ նայում։ Ինձ համար Ֆեյսբուքը, իր բոլոր թերություններով հանդերձ, հիմնական ինֆորմացիայի աղբյուրն է, հիմնական մեդիան՝ իր տարածվածությամբ ու հեռուստատեսության հետ համեմատելի»։



Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով, հեռուստատեսությունն իր սահմանափակումներով դատապարտել է իրեն՝ լինելու միայն տարեցների հեռուստատեսությունը կամ էլ նրանց, ովքեր ինտերնետ չունեն, ֆեյսբուքյան ֆորումներում ընդգրկված չեն։ Իսկ այն, որ հեռուստատեսությունը վերջին տարիներին դադարեց լինել տեղեկատվության առաջին աղբյուրը, նախեւառաջ պայմանավորված է մարդկանց վստահության կորստով, ոչ թե նոր տեխնոլոգիաների առաջ գալով։ Մարտիրոսյանը վստահ է, որ մեծ հաշվով տեխնոլոգիաները վճռորոշ դեր չունեն Հայաստանում. «Որպես մեդիափորձագետ, ժամանակ առ ժամանակ նայում եմ հեռուստաեթերը, բայց տեսնում եմ, որ մեր հեռուստաընկերությունները, որ տարիներ շարունակ Կրեմլի քաղաքականությունն են առաջ տարել Հայաստանում, մեկ էլ մի 3 օր սկսում են խոսել այնպիսի բաներ, որ անգամ ամենաարմատական արեւմտամետը չէր խոսի, ու 3-4 օր հետո դա վերանում է, վերադառնում են նախկին հուն, ու հասկանում ես, որ դիրիժորական փայտիկի օգնությամբ է դա արվում»։



Ինչ վերաբերում է նրան, որ առանձնապես մրցակցություն էլ չկա հեռուստաընկերությունների միջեւ, Մարտիրոսյանի գնահատմամբ, երբ մի հոլդինգի մեջ մի քանի հեռուստաընկերություն է մտնում, ապա կատարվում է գովազդի ներքին բաժանում, ոչ թե շուկայի օրենքներով։ «Հեռուստատեսություններ կան, որոնք ակնհայտորեն դոտացիոն են, եւ իշխանությունը դրանք ձեռքից բաց չի թողնում, որ հանկարծ չկառավարվող ընդդիմադիր ուժերի ձեռքը չընկնեն»։



Մշակույթի լուսաբանումը հեռուստաեթերում, ըստ Մարտիրոսյանի, զրոյական մակարդակի է. «Նորելուկ լրագրողները, որ գալիս են հեռուստատեսություն, ասում են՝ մուրացկանների մասին ենք ուզում գրել, մեկ էլ՝ մշակույթի։ Մշակութային իրադարձությունների լուսաբանումը, որոնք իրադարձություն են երկրի կյանքում, խայտառակ վատ վիճակում է»։ Ինչ վերաբերում է քաղաքական հաղորդումների տրանսֆորմացիային՝ նաեւ խոսքի ազատության սահմանափակումների առումով, ապա քանակի իմաստով առանձնապես չի պակասել դրանց թիվը. «Օրինակ, կան հեռուստատեսություններ, որոնք բավականին շատ քաղաքական հաղորդումներ ունեն՝ «Երկիր մեդիան» կամ «Արարատ» հեռուստաընկերությունը, բայց ընդդիմադիր տրամադրությունների այն հսկայական աճի պայմաններում, որ այսօր կա որպես «Սասնա ծռերի» գործողությունների արձագանք, այդ հեռուստատեսությունները շատ փոքր վարկանիշ ունեն։ Ուրեմն ինչ-որ գլխավոր պահանջներ կան... միգուցե մեկում հաղորդավարն է շատ արհեստավարժ, մի դեպքում թեմաներն են լավ ընտրվում, բայց գլխավոր բաղադրիչը, որ շոշափվեն այն հարցերը եւ այն ազատությունը, ինչ որ ակնկալում է լսարանը, չկա։ Այսինքն՝ նրանք պետք է արդեն հսկայական լսարան ունենային, եթե այդ պահանջին բավարարեին»։



Հեռուստաընկերությունների համար պարզ չէ, թե ինչ է հեռուստատեսությունը



Գրող, հեռուստալրագրող Մհեր Արշակյանի կարծիքով, հեռուստատեսությունը դերակատարում է ունեցել մինչեւ այն ժամանակները, երբ ինտերնետը դերակատարում չուներ։ Դա նաեւ այն ժամանակ էր, երբ կար «Ա1+»-ը, որն առանձին դերակատարում ուներ՝ ի տարբերություն բոլոր հեռուստատեսությունների։ Ավելին. «Այդ բոլորը, այսպես ասած, խաղում էին «Ա1+»-ի լադի վրա։ Իրենք եւ աշխատում էին, եւ փորձում էին «երակից» հեռու չմնալ, որովհետեւ մյուս կողմից էլ թույլատրվում էր լինել ազատ։ Երբ «Ա1+»-ն ասպարեզից հեռացավ որպես հեռուստատեսություն, դա արդեն ազդակ էր, որ հեռուստատեսություններն այլեւս չեն կարող խաղալ իշխանության դաշտից դուրս։ Իշխանությունը որոշեց, որ եթե «Ա1+»-ը եղանակ է ստեղծում, ուրեմն հեռուստատեսությունը եղանակ է ստեղծում։ Իրեն բացարձակապես հետաքրքիր չէր, որ «Ա1+»-ից հետո հեռուստատեսություններն այլեւս պետք չեն։ Իսկ «Ա1+»-ի փակումը համընկավ ինտերնետի բումի հետ, եւ նրանք, ովքեր եկան ինտերնետ դաշտ, ցույց տվեցին, որ հեռուստատեսությանը վստահելու կարիք չկա։ Հեռուստատեսությունն այսօր ծույլ, աշխատանք չունեցող, աշխատանք չփնտրող մարդու համար է, որովհետեւ, ի տարբերություն հեռուստատեսության, ինտերնետը փող է»։



Մհեր Արշակյանը, այնուամենայնիվ, սիրում է նայել հեռուստացույց, բայց միայն կենդանիների մասին հաղորդումները. «Մարդիկ իմ համար հեռուստատեսությամբ չկան, ինձ համար կան կենդանիներ, ես միշտ ծարավ եմ իրենց խոսքն ինձ տեղ հասցնել չկարողացող, այսպես ասած, «հասարակության» պատկերին»։ Ինչ վերաբերում է հեռուստաարտադրանքին, ապա ամբողջ հայկական հեռուստատեսությունն իր համար հետաքրքիր է Հ1-ի կիրակնօրյա լրատվականի մեկ առանձին լրագրողի ռեպորտաժով՝ այդքանը։



Հեռուստատեսությունը, լինելով ծույլ մարդկանց աշխարհը, այնուամենայնիվ, ըստ Մհերի, դեր ունի բոլոր այդ ծույլ մարդկանց վրա. «Ամենայն անկեղծությամբ՝ չգիտեմ, թե ինչ հաղորդումներ կան հայկական հեռուստատեսությունում... իրականում գիտեմ, շատ լավ գիտեմ, բայց խոսել այդ հաղորդումների սոցիալական նշանակության մասին, ճիշտ չէ, որովհետեւ բոլոր հաղորդումներն արվում են սերիալի՝ զբաղեցնելու տրամաբանությամբ։ Երբ հեռուստատեսությունը գնում է կրթելու հետեւից, ինքը լսարանի խնդիր է ունենում, հեռուստատեսությունը պետք է զբաղեցնի, այսինքն՝ ինտելեկտուալ հեռուստատեսությունը հասարակության վրա «ստավկա» չի կարող անել, որովհետեւ հասարակությունը չափազանց շատ խնդիրներ ունի, որպեսզի մեկ առանձին հաղորդման պրոբլեմները դարձնի ամբողջությամբ իրենը»։



Մհերի դիտարկմամբ՝ զվարճանքից, ժամանցից դուրս մնացած հաղորդումներն զբաղեցնում են եթերը, բայց ոչ իրեն, որպես հեռուստադիտողի. «Իրենք եթերն են զբաղեցնում, ոչ թե ինձ։ Ինձ զբաղեցնելու համար գոյություն ունեն զվարճալի հաղորդումներ՝ երգիծական, կամ թե ինչ-որ մեկը մահացավ, ինչ-որ մեկի ողբերգությունը, այնուամենայնիվ, տեղավորվում է զվարճանքի մեջ, որովհետեւ ինքը ցնցում է ինձ, իսկ, օրինակ, քաղաքական թոք շոուն ինձ զբաղեցնելու համար չէ, այլ՝ եթերն զբաղեցնելու, որպեսզի հանկարծ մեկ այլ բան չլինի այդ եթերում՝ ավելի ազատ, չվերահսկվող խոսք։ Մեր հեռուստաընկերությունների համար պարզ չէ, թե ինչ է հեռուստատեսությունը։ Ավելին՝ մեր հեռուստատեսությունը չի կարող որոշել, թե ով է իր հեռուստադիտողը, միայն հեռուստադիտողը կարող է որոշել, որ ինքը հեռուստատեսություն չէ։ Հայաստանում հեռուստաընկերություններ ուղղակի չկան»։



Թե ինչու այս տարիների ընթացքում հեռուստատեսությունն արտաքին կոսմետիկ շտկումներից բացի չնորացավ ներսից՝ թե մարդկային ռեսուրսի, թե բովանդակային առումով, ապա դա, ըստ Մհեր Արշակյանի, շատ տրամաբանական է, նույնիսկ՝ ճիշտ. «Որովհետեւ նախ պետք է ճշտես քո առջեւ դրված նպատակը՝ դու նպատակ ես դրել հեռուստատեսությո՞ւն դառնալ, թե՞ հաճախականություն զբաղեցնել։ Հայաստանում կա միայն մի խնդիր՝ զբաղեցնել հաճախականությունը, եթերը եւ ոչ թե հեռուստադիտողին, որովհետեւ, եթե խնդիրդ հեռուստադիտողին զբաղեցնելն է, դու այդ հաճախականությունն զբաղեցնում ես մրցույթով։ Պետությունը պետք է մրցակցություն անցկացնի մարտահրավերների, տեսլականների միջեւ»։



Նշելու համար, թե որն է եղել նորանկախ Հայաստանի պատմության ամենափակ շրջանը հեռուստաեթերում, Մհեր Արշակյանն ասում է, որ այստեղ պետք է մի հանգամանք հաշվի առնել՝ մինչեւ 1997-ն ունեցել ենք ընդամենը 2 հեռուստաընկերություն, իսկ դրանց գոյության առաջին չորս տարիներին էլ էլեկտրաէներգիա չի եղել, ըստ այդմ. «Մինչեւ 97-ը մոռանում ենք՝ հեռուստատեսություն ունեցել ենք, թե ոչ, սկսում ենք 97-ից, երբ ասպարեզ մտան «ԱՐ», «Ա1+» հեռուստաընկերությունները եւ հեռուստաեթեր մտան շատ ազատ։ Դա հեռուստատեսությունների համեմատաբար լավ ժամանակաշրջանն էր, երբ մարդիկ եւ ընտրություն ունեին, եւ խոսք էին լսում, եւ քաղաքական տարակարծություն կար եթերում։ Այդ ամեն ինչը փակվեց 2002-ին, եւ 2002-ից առայսօր նույն բանն է»։