Փոստանջյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին

Փոստանջյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակմանը, ասաց, որ նա որևիցե դրական ակնկալիք այս նշանակումից չունի, ոչ էլ հանրությունն ունի։



«Որովհետև նույնայդ անձը ներկայացնում է մի ձեռնարկություն, որը տարիներ շարունակ Հայաստանում չի գործել որպես օրինական կազմակերպություն, խոսքը «Գազպրոմի» մասին է, դուք գիտեք, թե այնտեղ ինչպիսի մեքենայություններ են տեղի ունեցել, որի հետևանքով պարտք էր կուտակվել, ինչի դիմաց մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնեմասը»,-ասաց նա՝ նշելով, որ ավտորիտար և քրեաօլիգարխիկ բնույթի համակարգի ներկայացուցիչները, նշանակվելով բարձր պաշտոնների, կաշկանդված են իրենց անցյալով։



Փոստանջյանը նկատեց նաև, որ Կարեն Կարապետյանը ՀՀ-ում վարչապետ է նշանակվել Ռուսաստանի Դաշնությունից, ինչը մտահոգիչ է մեր պետության համար։



Hraparak.am-ը հիշեցրեց, որ պատգամավորը սրանից առաջ Հովիկ Աբրահամյանին էր դեմ՝ որպես վարչապետ, դրանից առաջ՝ Տիգրան Սարգսյանին, հիմա էլ Կարեն Կարապետյանին։ Այս դեպքում ու՞մ կցանկանար այսօր տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում։



«Կուզենայի տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում այն անձին, ով կհրապարակեր համակարգային փոփոխության ծրագիր և կգար իրապես ընտրությունների միջոցով, ոչ թե այսպիսի նշանակման և ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Բոլոր այն անձինք, ովքեր կսպասարկեն մեր ազգային քաղաքականությունը, մեր հայ ժողովրդի շահը, ես կցանկանայի տեսնել այդպիսի մի անձնավորության»,-ասաց Փոստանջյանը։



Իսկ ինքն այսօր տեսնու՞մ է իր շրջապատում նման մեկի, «Ժառանգության» անդամն ասաց․ «Իհարկե, մեր բոլորիս շրջապատում կան նման մարդիկ, ովքեր և՛ իրենց կրթական ցենզով, և՛ կյանքի փորձով, աշխատանքային փորձով և բարոյական կերպարով կարող են հավակնել այդպիսի պաշտոնի»։



Փոստանջյանը, սակայն, չցանկացավ անուններ նշել։ Մեր հարցին, թե ինքը՝ որպես քաղաքական գործիչ, կարո՞ղ է իրեն պատկերացնել վարչապետի պաշտոնում, տիկին Փոստանջյանն ասաց․ «Ոչ, ես դրան պատրաստ չեմ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ