Մրցանակները գտան տերերին

Մրցանակները գտան տերերին

Սեպտեմբերի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Անդին» ամսագրի երկրորդ մրցանակաբաշխությունը: Ի տարբերություն նախորդի, որտեղ ամեն անվանակարգում 2 հոգի էր ներկայացված, այս տարի յուրաքանչյուր անվանակարգ ուներ մեկ հաղթող, բացի այդ՝ անվանակարգերն այս տարի անվանակոչված էին եւ կրում էին որեւէ մշակութային գործչի, գրողի անուն։ «Անդինի» մրցանակաբաշխության հանձնախումբն ավելացրել էր նաեւ «Տարվա մշակութային իրադարձություն» մրցանակը, որն այսուհետ կրելու է Լեւոն Ներսիսյանի անունը եւ տրվեց Հակոբ Սիմոնյանին: Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա հրապարակախոսության մրցանակը, որն այսուհետ կրելու է Վարդգես Պետրոսյանի անունը, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը հանձնեց Արմեն Դավթյանին, ձեւակերպելով այսպես. «Հայաստանի ներքին կյանքին եւ միջազգային առնչություններին նվիրված դիպուկ ու արդիական հրապարակումների եւ ժամանակի շնչառությունը հաղորդելու կարողության համար»։ Կոստան Զարյանի անունը կրող արձակի մրցանակը շնորհվեց բոլորովին վերջերս մեզնից հեռացած Մհեր Դավոյանին՝ «անկրկնելի տաղանդով գրված եւ մարդու հանդեպ աներեւակայելի սիրով լի ստեղծագործությունների ու նաեւ մարդկային եւ գրողական անսահման արիության համար»: «Անդինի» գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մրցանակը հաձնեց Մհեր Դավոյանի որդուն՝ Ռազմիկին:



Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը լավագույն պոեզիայի մրցանակը՝ «Իր ստեղծագործություններում նրբագույն բանաստեղծականության եւ քաղաքացիական պաթոսի բացառիկ համադրման ու ժանրային պայմանականություններից վեր լինելու համար», հանձնեց բանաստեղծ Հուսիկ Արային: Ի դեպ, մրցանակը կրում է հրաշալի պոետ Հրաչյա Սարուխանի անունը, որն անցած տարի հենց այդ նույն բեմից ստացավ «Անդինի» լավագույն պոեզիայի մրցանակը: «Անդինի» «Հայտնություն» մրցանակը, որն այսուհետ կրելու է Սլավիկ Չիլոյանի անունը, ամսագրի պոեզիայի եւ երիտասարդության բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը հանձնեց երիտասարդ գրող Արամ Ավետիսին՝ «Լռությունն ու Բառի Երազը ճանաչելու եւ միայնակ ոգեշնչվելու համար»: «Տարվա հերոս» մրցանակն «Անդինն» անվանակոչել էր ապրիլյան մարտերում հերոսաբար ընկած կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվամբ: Հանդիսությանը ներկա էր նաեւ տիկին Համեստը՝ կապիտան Ուրֆանյանի մայրը: Մրցանակը շնորհվեց այդ նույն մարտերի քաջերից քաջին՝ Մարատ Պետրոսյանին, որը պատերազմի ժամանակ խոցել էր հակառակորդի հինգ տանկ եւ հետեւակի մեկ մարտական մեքենա:



«Անվանակոչելով մրցանակաբաշխության անվանակարգերը՝ փորձեցինք քիչ թե շատ ոչ թե դասականներին առաջ բերել, այլ մարդկանց, որոնք բախտի կամ հանգամանքների բերումով չդարձան դասականներ, օրինակ՝ Սլավիկ Չիլոյանը, Կոստան Զարյանը, Վարդգես Պետրոսյանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, որ մեր պատմության մեջ կան ու կլինեն»,-մեզ հետ զրույցում նշեց Անի Տեր-Գուլանյանն ու ընդգծեց, որ բոլոր մրցանակակիրներն ստացան նաեւ դրամական պարգեւներ 100-հազարական դրամի չափով։



Ինչպես նկատում է Անի Տեր-Գուլանյանը, ընտրությունն այդքան էլ բարդ չի եղել, քանի որ ամեն համարը լույս տեսնելուց արդեն մոտավորապես տեսնում են, թե ով կարող է հավակնել հաջորդ տարվա մրցանակին. «Որովհետեւ տպագրվելու ընթացքում դու արդեն ինչ-որ մեկով զարմացած կամ հիացած ես լինում, հետո, եթե տարվա մեջ 1-2 գործի վրա դու զարմանում ես ու գտնում ես, որ հայտնվեց մեկը, դա արդեն գրական դաշտի համար մեծ բան է»։ Ա․ Տեր-Գուլանյանը նորմալ է համարում, որ բոլոր ժամանակներում էլ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կասեն՝ ինչո՞ւ նա եւ ոչ ես, թեեւ տարվա մրցանակաբաշխության արդյունքներից դեռ դժգոհություններ չեն լսել։



Չնայած արդեն ձեւավորված գրական դաշտին, «Անդինն» այս տարի նույնպես մի քանի գրական նոր դեմքերի է տպագրել՝ Գեւորգ Կասս, Նվարդ Ավե, Արման Թովմասյան, Անդրանիկ Շիրինյան, Սիփան Հայրապետյան, որոնք զարմացրել են իրենց մտածողությամբ եւ գրով։ Անի Տեր-Գուլանյանն իր խոսքում նշում է, որ, չնայած ամսագրի մեծ ծավալին, այս տարիների ընթացքում դեռ երբեք նյութի պակասության խնդիր չեն ունեցել, ավելին՝ մեծ ընտրություն են ունենում համարից համար. «Այլընտրանքը մեզ մոտ այնքան շատ է, որ երբեք էջ փակելու խնդիր չենք ունենում։ Հետո՝ մենք միայն գրականություն չենք տպագրում, այլ նաեւ հասարակական, քաղաքական վերլուծություններ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ