ԿԸՀ-ում անկախ մարդիկ էլ կան

ԿԸՀ-ում անկախ մարդիկ էլ կան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ առաջարկելու հարցն է քննարկվելու։ Արդեն հայտնի է, որ որպես ընդդիմություն հանդես եկող որոշ կուսակցությունների ու իշխանականների համաձայնությամբ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել են Տիգրան Մուկուչյանին։ Անփոփոխ կմնա նաեւ հանձնաժողովի հին կազմը։ Սեպտեմբերի 15-ին լրացել էր ԿԸՀ անդամների առաջադրման ժամկետը, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է նրանք ընտրված լինեն։ Ներկայիս կազմը ժամանակին առաջադրել էին նախկին օմբուդսմենը՝ Կարեն Անդրեասյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու Փաստաբանների պալատի նախագահը։ Կազմը՝ Տիգրան Մուկուչյան, Լաուրա Գալստյան, Արմեն Սմբատյան, Սեյրան Շահսուվարյան, Նունե Հովհաննիսյան, Գեորգի Մարտիրոսյան եւ Սիլվա Մարկոսյան։



Նոր Սահմանադրությամբ՝ ԿԸՀ անդամներին առաջադրում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ անդամների 3/5-ի ներկայացմամբ: Մուկուչյանի թեկնածությունն առաջադրողները եղել են այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Լեւոն Խաչատրյանը: Ընդդիմության շարքերում հանդես եկող ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումն ուշագրավ է, քանի որ, իշխանություններին ընտրակեղծարարության մեջ մեղադրելով, ընդդիմությունը կեղծարարների թվում սովորաբար նշում է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունը: Հովհաննես Մարգարյանի «տառապանքը փորձ ունի», ՄԻՊ-ն իր թեկնածուն առաջադրեց, որը չանցավ, ՀՀԿ մեծամասնությունն իր թեկնածուին անցկացրեց, դրա համար էլ ոչ թե սեփական թեկնածություններ է ներկայացրել, այլ պաշտպանել է մեծամասնության առաջարկը՝ ԿԸՀ հին կազմն ամբողջությամբ։



- Մենք որոշեցինք, որ ավելի լավ է կրկնվի նույն կազմը, փորձառու են, քան թե ՀՀԿ-ն ամբողջությամբ նշանակի իր ուզած կազմը։ Դրա համար ես մասնակցեցի եւ կողմ եղա բոլոր անդամների առաջադրմանը։



- Այսինքն, ԿԸՀ հին կազմն այդքան վստահությո՞ւն է ներշնչում։



- Իսկ ի՞նչ էր լինելու նոր կազմը, ամբողջը ՀՀԿ-ն պետք է նշանակեր, տառապանքս փորձ ունի, հիշո՞ւմ եք օմբուդսմենի թեկնածուի առաջադրման ժամանակ, ես առաջադրեցի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Այնտեղ ընդդիմությունից էլի թեկնածություններ ներկայացրին՝ «Ալյանսը» եւ այլն, եւ արդյունքում ի՞նչ ստացվեց, ՀՀԿ-ն նշանակեց Թաթոյանին։ Հիմա դա ընտրությո՞ւն էր, թե՞ նշանակում։



- Բայց գոնե ընդդիմության ձեր իմիջը պահեիք, ստացվում է, որ եթե չես կարող ՀՀԿ-ի վրա, պիտի ՀՀԿ-ի՞ն պաշտպանես։



- Գիտե՞ք ինչ, ես էլի եմ ասում՝ ավելի կողմ եմ իմ տեսածին, քան որ ՀՀԿ-ն իրենով հաստատի, այնտեղ՝ այդ հանձնաժողովում, անկախ մարդիկ էլ կան, ես զրուցել եմ իրենց հետ։



- Օրինակ՝ ովքե՞ր են անկախները։



- Չեմ ասի, հիմա ինչո՞ւ ասեմ, զրուցել եմ, շփվել եմ, տեսել, բազմակարծություն որոշակի կա, հիմա կամ պիտի լրիվ ՀՀԿ-ի մարդիկ լինեին, կամ այսպես։ Ի՞նչ պիտի անեինք, ինչ ուզում են, մեծամասնություն են՝ կանեն։ Պարզ է, չէ՞, որ մեր թեկնածուն քվեարկության չէր էլ հասնելու։



- Այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, ԱԺ գալիս, իրենք մեծամասնություն են, ինչ ուզեն, կանեն։



- Ես կոնկրետ այդ ընտրությունից եմ խոսում, ստացվում է այնպես, որ մեծամասնությունն է անցկացնում իր թեկնածուին։



- Ընդդիմադիրները ԿԸՀ-ին են վերագրում ընտրությունների թվանկարչությունը. կարելի էր չմասնակցել կամ թեկնածու առաջադրել։



- Որեւէ բան չէր փոխվի։



- Իսկ ի՞նչ է փոխվելու հիմա, գուցե ընտրությունների հարցո՞ւմ էլ եք համաձայնության եկել։



- Հանձնաժողովում քննարկում ու կոլեգիալ առաջարկ եղավ, ասացինք՝ եկեք թողնենք նույնը, ես էլ ասացի՝ կողմ կլինեմ, ավելի լավ է, քան որ բոլորին ՀՀԿ-ն առաջադրի, որովհետեւ իմ այն ժամանակվա պայքարս ապարդյուն անցավ, եւ չուզեցան, որ Փոստանջյանն անցնի։



- Այսպես թե այնպես, այդ կազմն իշխանությունն էր առաջադրել։



- Հիմա էլ էր առաջադրելու, դրա համար արեցինք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ