ՀԱՍԱԿ-Դավիթ Սանասարյան կոնֆլիկտը հասնում է դատարան

ՀԱՍԱԿ-Դավիթ Սանասարյան կոնֆլիկտը հասնում է դատարան

«ՀԱՍԱԿ»-Դավիթ Սանասարյան կոնֆլիկտը սկիզբ առավ սեպտեմբերի 21-ից հետո, երբ մի խումբ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում և պատրաստվում էին իրականացնել եռագույների երթ Անկախության տոնի առթիվ: Մինչ երթի մեկնարկը, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ելույթի ժամանակ նշել էր, որ սա լիարժեք անկախություն չէ, կիսաանկախություն է, այնուհետև շարժվելով ՌԴ-ի դեսպանատուն` Սանասարյանը նշեց, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան երկիր և այստեղ այլ երկրի սապոգներ պետք չեն: Սրանից հետո ՀԱՍԱԿ-ի անդամները հանդես եկան ասուլիսով՝ գնահատական տալով Դավիթ Սանասարյանի հայտարարություններին՝ նշելով, որ այդ կերպ փորձում են բևեռացնել հասարակությանը, տրամադրել ինչ-որ երկրի նկատմամբ,թե խաղում են Հայոց բանակի անվան հետ: Այնուհետև նրանք «Ժառանգության»-ը հրավիրեցին քաղաքակիրթ բանավեճի: Այս ամենից հետո Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ դիմելու է դատարան իրեն զրպարտելու համար, թե իբր արևմուտքից ընդդեմ Ռուսաստանի փող է վերցրել: 



Մեզ հետ զրույցում ՀԱՍԱԿ-ի նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ իրենց չի վրդովեցրել Ռուսաստանի դեսպանատան առջև գնալը, բայց ինչո՞ւ են իրենք կոչերով հանդես գալիս, որ մեր երկիրը անկախ չէ, այն դեպքում, երբ զինվորները կանգնած են սահմանին հենց այս անկախության համար. «Եթե ինչ-որ նկարներ կոնտեքստից կտրվում են և ասվում է, որ մեր կուսակցությունը ինչ որ ակումբների շարունակություն է, դա ոչ կոռեկտ եմ համարում և կարելի է համարել անգամ զրպարտություն, եթե խորը չի ուսումնասիրել և նման բան է ասում, ուրեմն ես էլ պետք է մտածեմ, որ նրան Սահակաշվիլին է հովանավորում, որովհետև ինքը նրա հետ նկար ունի: Բայց ես այդպես չեմ մտածում, քանի որ մարդիկ կարող են տարբեր մարդկանց հետ նկարներ ունենալ, տարբեր թևերում, դա նորմալ է: Մենք քաղաքակիրթ բանավեճի հրավիրեցինք և հիմա էլ ես պնդում եմ, որ պատրաստ ենք քաղաքակիրթ բանավեճի: Դա մեր գնահատականն է, դրա իրավունքն ունենք, եթե կանչել ենք քաղաքակիրթ բանավեճի, կարելի է որպես ավելի փորձառու, կարող էին մեզ՝ որպես նորաստեղծ կուսակցության նույնիսկ փորձի փոխանակում անեին, բայց դրա փոխարեն հնչեցին դատի տալու սպառնալիքներ»:



Արման Ղուկասյանի խոսքերով՝ իրենք չեն ասել, թե բանակի անվան հետ է խաղում Դավիթ Սանասարյանը, այլ իրենց կարծիքով՝ նմանատիպ երևույթը թշնամու «բերանում լեզու է դնում», որովհետև նույն ադրբեջանական կայքերը ասում են, որ Հայաստանը անկախ չէ, Ռուսաստանի գաղութն է, նույնն էլ իրենք են անում՝ Անկախության տոնին:
«Մեր կուսակցության խորհրդի անդամներից մեկը ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե նմանատիպ միակողմանի մոտեցում է տվյալ հարցում եղել, ուրեմն մեր համոզմամբ՝ իրենք կոնկրետ որևիցե երկրի շահ են ներկայացնում՝ Արևմուտքի: Դա մեր համոզմունքն է, մեր կարծիքն ենք արտահատել, եթե ուզում է դատի տալ, խնդրեմ: Ես շարունակում եմ պնդել, որ քաղաքակիրթ բանավեճ լինի, բայց եթե իրենք գտնում են, որ դատի տալն ավելի ճիշտ է, դա իրենց որոշումն է»:



Դավիթ Սանասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի դիմել դատարան, որոշումը չի փոխել, այս պահին քննարկում է փաստաբանների հետ, ապա ավելացրեց, որ նրանց հետ բանավիճելու ցանկություն չունի. «Երբ որ մարդուն մեղադրում են այլ երկրներից գումարներ ստանալու մեջ, հետո քաղաքակիրթ բանավեճի հրավեր են անում, հատկապես տեսա, որ այդ մարդկանցից շատերը ռուսական քարոզի շահառուներն են և անգամ «Պուտին» ակումբի հիմնադիրներից են, և հիմա ստում են, թե իրենք կապ չունեն, բայց ես հաստատապես կարող եմ ասել, որ կապ ունի հենց նախագահը և ես ցույց եմ տվել նկարները, բոլորը տարածեցին, որ «Պուտին» ակումբ է բացվել և ինքը այդ ակումբի հիմնադիրներից է, ես նման մարդկանց հետ բանավիճելու ցանկություն չունեմ… Զրպարտելով՝ քաղաքական դաշտում երևալու կուլտուրային պետք է վերջ դրվի, և ես կփորձեմ ինքս ստանձնել այդ գործը»: