Դեմք է ու` դեպք, միաժամանակ

Դեմք է ու` դեպք, միաժամանակ

Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ում, հնարավոր է, դեմք է, բայց մեր կյանքում նա հաստատ դեպք է, կասեի` դժվար:



Ամենաթարմ դեպքն էլ լրագրողների հետ հանդիպմանը նրա հայտարարությունն է: Խնդրում եմ` ովքեր այս պահին տրանսպորտի մեջ են, խոհանոցում, բազմոցին պառկած կամ մի այլ տեղ, բռնեք ամենաամուր մի բանից, որ չընկնեք:



Եվ այսպես, Շարմազանովը հայտարարել է. «Մենք (ՀՀԿ-ն, Էդ. Ա.) չենք առաջնորդվում «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ Մենք աշխատում ենք սխալների վրա»: ՀՀԿ-ի դեմքն այսքանն ասելուց հետո օրինակ է բերել Սևանի դեպքը, ապացուցելով, սակայն, որ ՀՀԿ-ի դեմ իրոք խաղ չկա: ՀՀԿ-ն Սևանում քաղաքապետ է նշանակել մի անկուսակցականի, որի ամենամեծ արժանիքը, ով գիտի, Շարմազանովի դասընկեր լինելն է: 



Շարմազանովը նաև ասել է, որ չնայած իր անձնական շահագրգռվածությանը, այդ ընտրությունը եղել է սևանցիներինը։ Դե ինչ, մեզ մնում է շնորհավորել սևանցիներին, որովհետև այդ նրանց քվեի շնորհիվ է, որ ՀՀԿ-ական քաղաքապետը փոխարինվեց ՀՀԿ-ի սատարած քաղաքապետով: Սևանցիները, փաստորեն ապացուցեցին, որ անցել են ՀՀԿ-ի` «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ժամանակները:



Էդիկ Անդրեասյան