Որ իմանամ` ով է, աչքերը կհանեմ. Դրամահավաքության ահազանգ Ռուբիկ Աբրահամյանի եղբոր կնոջ դպրոցից

Որ իմանամ` ով է, աչքերը կհանեմ. Դրամահավաքության ահազանգ Ռուբիկ Աբրահամյանի եղբոր կնոջ դպրոցից

Այնթափի թիվ 1 դպրոցում «գողական» բարքեր են տիրում: Այս մասին մեզ նամակով հայտնել էին ծնողներից մի քանիսը: Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրեն Լիլիյա Շահբազյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը: Նա «նալոգ» է դրել ուսուցիչների եւ աշակերտների վրա եւ ամեն առիթի՝ մարտի 8-ապրիլի 7, ուսուցչի օր, իր ծննդյան օր, աշակերտները պարտավոր են իր համար գումար հավաքել եւ ծրարով փոխանցել իրեն՝ դասղեկների միջոցով: Ծրարի մեջ յուրաքանչյուր դասարանի կողմից պետք է լինի նվազագույնը 10 հազար դրամ: Եթե աշակերտները չեն ուզում, հրաժարվում են իր համար գումար հավաքել, ապա դասղեկները իրենց հասանելիք նվերը պետք է տան տնօրենին. «Դասղեկներն էլ աշակերտներին ասում են՝ եթե ինձ տաք, իրեն՝ ոչ, շատ թանկ կնստի իմ վրա, ինձ մի նվիրեք, իրեն նվիրեք, կամ էլ ես իմ գրպանից պետք է նրան ծրար տամ: Արդեն քանի տարի է դա այդպես է: Բացի աշակերտներից, տոներին եւ իր ծննդյան օրը ուսուցիչներն էլ առանձին են ծրար նվիրում Շահբազյանին՝ յուրաքանչյուրը հավաքելով 10 հազարական դրամ: Կարծեմ նոր տարուն էլ: Ու մի այլ կարգի իրենից վախենում են, ով չի ենթարկվում նրա օրենքներին, խնդիրներ է ունենում, մարդիկ էլ չեն ուզում կորցնել աշխատանքը: Նույնիսկ անցած մարտի 8-ին, երբ ինքը գտնվում էր Ֆրանսիայում՝ ամուսնու բուժման նպատակով, լուր էր ուղարկել, որ կապ չունի, որ ես այդտեղ չեմ, ծրարներս հավաքեք, ուղարկեք այստեղ: Բացի այդ, դպրոցում պարի եւ այլ խմբակներ կան, որոնց վրա նույնպես նալոգ է դրել՝ բացի խմբակային գումարից՝ 1000 դրամ ավելի, որն իրենն է»:



Ծնողները նաև նշում են, որ բացի այս  ոչ բարոյական մթնոլորտից, դպրոցի կարգ ու կանոնն ավելի անմխիթար վիճակում է գտնվում. ֆիզկուլտուրայի ուսուցիչը աշակերտին ասում է՝ «հեսա քացով կխփեմ, տրուսիսկիդ ռեզինը կկտրվի»:
Շահբազյանը այս տարի ծնողական ժողովին, խոսելով այն մասին, որ իր դեմ բողոքող է եղել, բայց ինքը մաքուր է դուրս եկել, ասել է, որ, ճիշտ է, իր թիկունքը իրենից գնացել է (նկատի ունի հանգուցյալ ամուսնուն), բայց սարի պես թիկունք ունի և այդ «սարն» էլ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է, որը նրա տեգրն է. «Այդ բողոքից հետո մեթոդական տետրերի եւ այլ նման բաների համար գումար հավաքելը սեպտեմբերից դադարեցրել է, բայց ուսուցչի օրվա կապակցությամբ լավ դրամահավաքություն է կատարվում: Հոկտեմբերի 5-ին ծրարները պետք է ստանա»:



Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիլիյա Շահբազյանի նշեց, որ նման բան գոյություն չունի, ինքը դրամահավաքությամբ չի զբաղվել. «Մենք վաղը միջոցառում ունենք, եկեք մեր միջոցառմանը մասնակցեք, տեսեք, որ նման բան չկա, դուք ինքներդ էլ ծնողների հետ զրուցեք: Կարող ա մի սրիկա կողքից մի բան անում ա: Ուրեմն իմ ամուսինը մարտ ամսին մահացել ա, հոգեվարքի մեջ ա եղել, նորից ահազանգ են արել, նույն ձևով, բայց ոչ դպրոցից, այլ դրսից, մի ստոր աձնավորություն գոյություն ունի, որ այդ օրերը ինքը նպատակահարմար է գտնում, որ էս ձևով աշխատանք տանի, իմ անվան հետ խաղա: Ես չգիտեմ ով ա, ես որ իմանամ, աչքերը կհանեմ դրա, բա կարելի՞ ա, ի՞նչ ենք արել»:



- Տիկին Շահբազյան, Ֆիզկուլտուրայի ուսուցչի պահվածքի հետ կապված` նշում էին, որ ուսուցիչը աշակերտներից մեկին ասել է՝ հեսա քացով կխփեմ:



Լավ էլի, վայ, լավ էլի, ո՞նց կարող ա պատահի, ես ծանրակշիռ, 56 տարեկան կին, 30 տարում դպրոցում աշխատող, որից 13 տարին դպրոցի տնօրեն եմ, ո՞նց կարող եմ թույլ տամ, որ իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը նման բան անի, ամեն վայրկյան իմ աչքի առաջ են, տեղակալներ գոյություն ունի, վերահսկողություն կա, եկեք ինքներդ ստուգեք, համոզվեք էլի, ես ի՞նչ ասեմ ձեզ:



-Դիմողները ասում էին, որ ծնողական ժողովներից մեկի ժամանակ ասել եք՝ ճիշտ է իմ ամուսինը չկա, բայց ես սարի պես թիկունք ունեմ՝ նկատի ունենալով Արարատի մարզպետին, որը ձեր տեգրն է:



Իմ թիկունքն իմ ամուսինն ա եղել, ես ի՞նչ անեմ, ես 12 տարի աշխատել եմ, նոր իմ տեգրը մարզպետ ա եղել: Դուք ուզում եք եկեք, մենք դեմ առ դեմ նստենք, խոսենք: Դուք ինձ հավատացեք, վստահեք, որովհետև ես ազնիվ, արդար մարդ եմ, ես երբեք ոչ մի ծնողից ոչ մի բան, ընդհակառակը դպրոցին օգնում եմ:



-Ինչո՞վ եք օգնում:



Ամեն ինչով, անգամ կարող է ծնողը երեխայի դասագրքի գումարը չտա, ես շատ վատ պայմաններում լինեմ, զիջումներ անեմ երեխաներին:



-Ձեր ծննդյան առթիվ նվերներ կամ գումար պահանջե՞լ եք:



Ի՞նչ ծննդյան օր, իմ ծնունդը դեռ չի եկել, դեռ չի եղել, իմ ծննդյանը դեռ երեք ամիս կա կամ անցած տարի իմ ամուսինը չարորակ ուռուցքով հիվանդ, իմ դարդ ու ցավը կտրվե՞լ ա, որ ես դրանցից նվերներ ուզեմ կամ էսօր մարդիկ նվեր առնո՞ւմ են: