Մտավախություն ունեմ, բայց շատ կցանկանամ, որ անցնցում ու հաշտ պայմաններում անցնի

Մտավախություն ունեմ, բայց շատ կցանկանամ, որ անցնցում ու հաշտ պայմաններում անցնի

Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Ջավախքում նախընտրական շրջանն ընթացավ բավականին ակտիվ՝ տեղ-տեղ լարված ու թեժ դրսևորումներով։ Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները էլեկտորատի առումով տարածքների խոշորացում իրականացրին՝ իրար միացնելով հայաբնակ Ախալքալաքի շրջանի մի մասն ու Նինոծմինդայի շրջանն ամբողջությամբ։ Արդյունքում, եթե մինչ այս այս երկու շրջաններն էլ առանձին իրենց մեծամասնական պատգամավորն էին ունենում, հիմա մեկ միասնական պատգամավոր է ընտրվելու։ Այսինքն՝ սրանով կրճատվելու է հայ պատգամավորների թիվը Վրաստանի խորհրդարանում, քանզի այստեղից ընտրված պատգամավորները հայեր են լինում սովորաբար։ Այս հողի վրա լարվել են դեռևս գործող պատգամավորներ, Բիձինա Իվանիշվիլու հիմնած «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի հարաբերությունները։ Պետրոսյանը, որ Ախալքալաքի շրջանից է, մտադիր էր իր փոխարեն այս անգամ առաջադրել որդու թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, բայց իշխանությունները որոշեցին առաջադրել Նինոծմինդայից Հ. Մկոյանի թեկնածությունը, ինչն էլ կոնֆլիկտի պատճառ հանդիսացավ:Պետրոսյանի որդին անգամ համամասնական ցուցակում չընդգրկվեց։ 



Թերևս այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով Ջավախքից Տաճատ Վարդապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլոր դեպքերում, իմ մտավախությունը, որ միշտ ունեցել եմ լեռնական ջավախքցու տաքարյունության նկատմամբ, ուզում եմ խաղաղ, անցնցում անցնեն այս ընտրությունները, որի արդյունքում առավելագույն քանակությամբ հայ պատգամավորներ ունենանք Վրաստանի խորհրդարանում։ Իսկ Հենզել Մկոյանի թեկնածության մասով էլ ասաց հետևյալը. «Քանի որ Վրաստանի իշխանական մեծամասնական թեկնածուն Հենզել Մկոյանն է, ես նույնպես այսօրվա այս մրցապայքարում նրան ֆավորիտ եմ համարում, որովհետև 17 տարվա պատգամավորական փորձը, ինչպես և այսօրվա բոլոր նախադրյալները վկայում են այն մասին, որ նա պետք է մեր մեծամասնական հայ պատգամավորը լինի»։



-Դուք դա նրա նախորդ տարիների աշխատանքը գնահատելո՞վ եք ասում, թե՞ ուղղակի Ձեր ցանկությունն է, որ նա ընտրվի։



-Ես կուզենամ առավելագույն թվով հայ պատգամավորներ լինեն, բայց Հենզել Մկոյանի պատգամավորական փորձը հաշվի է առնվել։ Այո, նաև իմ ցանկությունն էլ է։ Հենզելը 17 տարիների պառլամենտական փորձ ունի, և շատ հաճախ դժգոհում են, թե հայ պատգամավորները պասիվ են, ես դա կապում եմ վրացերեն լեզվին չտիրապետելու հետ, բայց ես կարող եմ ասել, որ նաև իմ վրացի գործընկերնեի վկայությունն է, որ Հենզելը շատ ավելի ակտիվ է հանձնաժողովների ու ֆրակցիայի նիստերին, քան լիագումար նիստին։ Նա բարձր լեռնային գոտու արտոնությունների հետ կապված այդ վեց համահեղինակներից մեկն է, որը արտոնություններ է սահմանում տվյալ դեպքում նաև Ջավախք աշխարհի համար՝ որպես բարձր լեռնային գոտի։



-Իսկ ի՞նչ կասեք Սամվել Պետրոսյանի ու Հենզել Մկոյանի միջև ծագած խնդրի մասին, քանզի հայտնի է, որ Պետրոսյանը թեպետ չառաջադրվեց, բայց որդուն էր ուզում առաջադրել, բայց Մկոյանին նախընտրեց «Վրացական երազանքը»։



-Ես, իհարկե, կուզենայի, որ նաև Սամվել Պետրոսյանը լիներ պատգամավորության թեկնածու, նրա աշխատանքն էլ բարձր եմ գնահատում, հատկապես այն առումով, որ նա Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առաջարկ ներկայացրեց և հասավ իր նպատակին այդ մասով։ Ինձ համար անցանկալի է, իհարկե, որ այս ընտրություններում Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից մեկ մեծամասնական պատգամավոր ենք ունենալու, մինչդեռ առաջ երկուսն ունեինք։



- Ի դեպ, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այս տարի ընտրություններին Ախալքալաքի շրջանի մի մասն ու Նինոծմինդայի շրջանը միացան իրար, որպեսզի մեկ ընդհանուր մեծամասնական պատգամավոր ընտրվի այդ շրջանից։



-Այո, մեծամասնական պատգամավորների թիվը կրճատվում է, բայց մենք ունենք իշխանական կուսակցության ցուցակներում ևս երկու հայ թեկնածուներ, որոնք շատ մրցունակ և անցողիկ հորիզոնականներում են զբաղեցնում, մեկը Ռուսլան Պողոսյանն է թիֆլիսահայությունից, ով նաև գործող պատգամավոր է, բանիմաց իրավաբան, և Ախալքալաքի բնակիչ Սամվել Մանուկյանը։



-Ասացիք՝ հույս ունեք, որ մտավախություն ունեք՝ ջավախքցու լեռնական տաքարյունության նկատմամբ, կարծում եք՝ այդ տաքարյունության դրսևորման համար նախադրյալնե՞ր կան։



-Բոլոր դեպքերում՝ տաքարյունությունն անկանխատեսելի պահվածք է և դրսևորում։ Մտավախություն բոլոր դեպքերում ունեմ, բայց նաև շատ կցանկանամ, որ անցնցում և հաշտ պայմաններում անցնի։ Բայց դա թող մնա սոսկ մտավախություն, և տա Աստված, որ ես սխալված լինեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ