Սիրիահայերին չեն կարող փրկել՝ առանց անվանական ցուցակների

Սիրիահայերին չեն կարող փրկել՝ առանց անվանական ցուցակների

Վերջին իրադարձությունների հետ կապված՝ իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, դրան զուգահեռ, շարունակում են փրկության կոչեր հնչել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար, անգամ նշվում են տարբեր թվեր, թե 600 հայ է ցանկանում գալ Հայաստան։ Պետական օղակների այս օրերի լռության դիմաց հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Վարդանյանի (IDeA) հիմնադրամը՝ նշելով, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար։



«Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը մինչ լրագրողների հետ հանդիպման գալը քննարկման էր մասնակցել սփյուռքի նախարարությունում, որտեղ բարձրաձայնվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Նա, վկայակոչելով սփյուռքի նախարարության տվյալները, նշեց, որ այսօրվա դրությամբ Սիրիայում ապրում է 25-30 հազար հայ, իսկ 600 ընտանիքների մասին շրջանառվող խոսակցությունները ճիշտ չեն, վերջին օրերին 3 ընտանիք է եկել Սիրիայից, մեկն էլ այսօր է գալու, որոնք կարիք ունեն սոցիալական եւ հոգեբանական աջակցության։ «Չկան ցուցակներ, որ հավաստեն՝ այս 600 հոգին նստած սպասում են, որպեսզի իրենց տեղափոխեն»,-ասում է Հակոբյանն ու նշում, որ իրենց կազմակերպությունը 2-րդ տարին է, ինչ ներգրավված է սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու գործում, մասնակի փոխհատուցում են տան վարձը 3 ամսվա կտրվածքով՝ սկսած 60 հազարից, իսկ որոնք ավելի երկարատեւ աջակցության կարիք ունեն, ապա մինչեւ 6 ամիս կամ 1 տարի։ Անցյալ տարվա ծրագրում մոտ 300 ընտանիքի այդպիսի աջակցություն է ցուցաբերվել, այս տարի նույնպես նույնքան ընտանիքի նման աջակցություն է ցուցաբերվելու։ Բացի այդ, իրենց իրավասությունները միայն ՀՀ-ի սահմաններում են, եւ չեն կարող որոշակի գործառույթներ իրականացնել դրանից դուրս։ Մարգարիտա Հակոբյանը նկատեց, որ Սիրիայից նոր եկողների թիվը բավականին քիչ է, դժվարանում է ասել, թե ինչով է դա պայմանավորված, գուցե նախընտրում են գնալ այլ երկիր կամ դեռ կառչած են իրենց հողին եւ չեն ուզում լքել սեփական տունը։



«Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն այս տարվանից է միացել սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ծրագրին։ Իրենց կազմակերպության կողմից տրվող օգնությունը ենթադրում է մասնակի բնակվարձի փոխհատուցում, ինչպես նաեւ ձմեռնամուտի բաղադրիչը՝ առավել կարիքավորներին ձմռանն անհրաժեշտ իրերով ապահովելն ու սոցիալ-հոգեբանական աջակցությունը։ Բեժանյանը նշեց, որ իրենք էլ են մտահոգված սոցիալական ցանցերում եւ մամուլում շրջանառվող Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացողների հակասական թվերով, բայց վերջին օրերին իրենց կոնկրետ ոչ ոք չի դիմել։ Չնայած դրան, իրենք պատրաստ են, եւ ծրագրի շրջանակները թույլ են տալիս, որ առնվազն 100 ընտանիքի այդ աջակցությունը ցուցաբերեն. «Ինֆորմացիան այնքան կցկտուր է գալիս տարբեր աղբյուրներից, որ համակարգման խնդիր կա։ Այստեղ գլխավոր խնդիրը համակարգված ինֆորմացիայի փոխանակման մեջ է։ Ի վերջո, բոլոր շահագրգիռ կողմերին հետաքրքրում է այդ մարդկանց անվանական ցուցակը, այսինքն՝ անվանականացումը շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի ինֆորմացիայի փոխանակում լինի այստեղի գործընկերների միջեւ։ Բայցի այդ՝ այն մարդը, որ ուզում է գա Հայաստան, հասկանա, թե իրեն այստեղ ինչ է սպասվում»։ Նա նշեց, որ այս պահին ովքեր Հայաստանում են, նրանց հետ կապված բոլոր ծառայությունները համակարգված են։ Ինֆորմացիայի բացը եւ համակարգման խնդիրները նոր եկողների հետ են կապված։ «Առանց դիմացինի ցանկության չես կարող ներհոսք ապահովել, նախ այդ մարդը պետք է ասի, որ ես ուզում եմ գալ»,-ասում է Բեժանյանն ու ընդգծում, որ սփյուռքահայ համայնքն էլ է մտահոգված, ավելին՝ կան բարերարներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են բոլոր ֆինանսական խնդիրները լուծել եւ ինքնաթիռի տոմսեր գնել։



Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք սիրիահայերին աջակցում են 2012-ի աշնանից, երբ սկսվեց սիրիահայերի ներհոսքը։ Նրանց տրամադրել են մարդասիրական օգնություն՝ առաջնային անհրաժեշտության իրեր, սնունդ, դեղորայք, բիզնես սկսելու խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն։ Եթե հանկարծ վերջին սրացումների հետ կապված դարձյալ նկատվի մեծ ներհոսք, ապա Կարմիր խաչը պատրաստ է եւ կարող է արձագանքել այդ մարդկանց առաջնային կարիքներին։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը գրանցված են հայկական Կարմիր խաչի ընկերությունում։ Դա 5 հազար ընտանիք է։



Հարցին, թե որն է պատճառը, որ սիրիահայերն ստացած աջակցությունից կամ դժգոհ են, կամ էլ չեն ստանում այդ օգնությունը, ապա բանախոսները բացառեցին, որ ինֆորմացիայի պակաս լինի, քանի որ արդեն իսկ օդանավակայանում նրանց տրվում են որոշակի թերթիկներ, որտեղ գրված է ամբողջ ինֆորմացիան՝ ուր գնալուց սկսած, մինչեւ ուր դիմելը։ Բանախոսները նշեցին, որ չեն կարող մարդկանց իրենց կամքին հակառակ տեղափոխել, եւ մինչեւ չլինեն կոնկրետ ցուցակներ, չեն կարող ասել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, եւ ինչ ժամկետներում է հնարավոր նրանց տեղավորել։



Թե սփյուռքի նախարարությունը մինչ այս ինչ է ձեռնարկել սիրիահայերի աջակցության եւ Հայաստան տեղափոխելու գործում, ապա նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ «վարչապետի հանձնարարականով լսվեց հարց՝ սիրիահայերի հարցերի համակարգումը կատարելագործելու համար»։ Զաքարյանը նշեց, որ քննարկման բանախոսներից մի քանիսը, որոնք կապի մեջ են Սիրիայում պատկան մարմինների հետ, փաստել են, որ իրավիճակը թեեւ վտանգավոր է, բայց խուճապ չկա։



Ինչ վերաբերում է հարցին, թե մարդիկ ցանկություն ունե՞ն տեղափոխվելու, ապա այդպիսի ցանկություններ միշտ էլ եղել են, եւ այդ տվյալը պետք է ստուգել. «Այն, որ մոտ 600 հոգի ցանկություն ունի տեղափոխվելու Հայաստան, մեր տեղեկություններով, չի համապատասխանում իրականությանը»։ Ո՞ր կառույցներից են ճշտել այդ ինֆորմացիան. ճշտել են հենց Սիրիայի խորհրդարանի անդամներից մեկի հետ, որն ասել է, որ ոչ այդքան խուճապ կա, ոչ էլ այդքան մարդ, որ ցանկություն ունի տեղափոխվելու։ ՍՆ աշխատակազմի ղեկավարը նկատեց, որ ճիշտ ինֆորմացիա ստանալու համար պետք է կապ պահպանել Սիրիայում ՀՀ հյուպատոսության հետ, որովհետեւ նրանք, ովքեր ցանկություն ունեն երկրից դուրս գալու, առանց հյուպատոսությանը դիմելու խնդիրներ կունենան։



Վերջին օրերին Սիրիայում ՀՀ հյուպատոսություն շա՞տ մարդ է դիմել՝ երկրից դուրս գալու համար։ Ոչ այնքան, որպեսզի հայտարարությունների տեղիք տրվի, թե 600 հոգի ուզում է գալ. «Այս պահի դրությամբ նրանք, ովքեր ցանկություն ունեցել են Հայաստան գալու, նրանք դուրս են եկել Սիրիայից, բոլոր այն մարդիկ, ովքեր մնում են այնտեղ, ունեն հիմնավոր պատճառներ, մի մասը դուրս չի գալիս, որովհետեւ եթե թողնեն իրենց տունը, այն կթալանվի, կամ եթե թողնեն իրենց բիզնեսը, դա կավերվի։ Մարդիկ ապրում են այնտեղ՝ պաշտպանելով իրենց տունը, իրենց հացը։ Ընդհանրապես, սխալ է ուրիշի փոխարեն որոշում կայացնելը, սա եղել է մեր նախարարության դիրքորոշումն անցած տարիներին, որն արդարացրել է»։ Սխալ է նաեւ ընդհանրապես որոշում չկայացնելը սիրիահայերի հարցում, եւ այս դեպքում նախարարությունից կոնկրետ քայլեր ձեռնարկելու ակնկալիքներ կան, որոնք կարծես ուշանում են։ Ըստ Ֆիրդուս Զաքարյանի, այսպես ասած՝ փրկվել ցանկացողները նախ կդիմեն տեղի ազգային իշխանություններին, ՀՀ հյուպատոսություն, վերջիններս էլ իրենց կդիմեն եւ համապատասխանաբար քայլեր կձեռնարկեն։ Այդքանը, իսկ այն, որ այս օրերին փրկիչներ են ի հայտ եկել, գումարներ են պատրաստ հանգանակել սիրիահայերին փրկելու համար, դա, ըստ Զաքարյանի, պետք է կանոնակարգվի, եւ ամեն մարդ չէ, որ դրանով պետք է զբաղվի։ Հետաքրքրվեցինք, թե «փրկիչներ» ասելով նկատի ունի Ռուբեն Վարդանյանի՞ն, որի հիմնադրամը պետության եւ նախարարության լռության դիմաց պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես աջակցել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու հարցում։ Ֆիրդուս Զաքարյանը կոնկրետ որեւէ մեկին նկատի չունի, այստեղ կարեւոր է նախ ճշգրտել թվերը, հակառակ դեպքում խուճապ ենք առաջացնում։



Այն հարցին, թե այս պահի դրությամբ սփյուռքի նախարարությունը որքանով է տիրապետում իրավիճակին, թե ինչ է կատարվում Սիրիայում, պատասխանեց, որ ամեն օր կապի մեջ են՝ նախարարի մակարդակով, եւ տեղեկացված՝ եւս մեկ անգամ կասկած հայտնելով, որ սիրիահայերի կողմից տոտալ ցանկություն կա Հայաստան գալու համար։