Ջրային կոմիտեում կադրային փոփոխություններ են սպասվում

Ջրային կոմիտեում կադրային փոփոխություններ են սպասվում

Մեր տեղեկություններով` «Էյ Ի Ջի Սերվիսի» գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանի` Ջրային կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո այդ կառույցում կադրային փոփոխություններ են սկսվել: Արամ Հարությունյանի հետ հեռացել էր նաեւ նրա մտերիմներից Վիկտոր Մարտիրոսյանը, սակայն, պարզվում է, նա կրկին վերադարձել է աշխատանքի: Կոմիտեի կայքում խորհրդականի նկարը հանվել և կրկին տեղադրվել է: Հայտնել էինք նաեւ, որ կոմիտեի նախագահի տեղակալ ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը նույնպես պատրաստվում է հեռանալ: Նա, ամենայն հավանականությամբ, կգնա բնապահպանության նախարարի տեղակալ` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի մոտ:Այլ փոփոխություններ եւս նախատեսված են:



Ջրային Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խորհրդականներից որևէ մեկը չի հեռացել և նորից ետ վերադարձել. «Ինձ թվում է՝ խոսքը Վիկտոր Մարտիրոսյանի մասին է: Դրա մասին գրվեց, սակայն նման բան չի եղել: Ինքը շարունակում է աշխատել, չի էլ դուրս եկել աշխատանքից: Մյուս խորհրդականների դեպքում ևս նման բան չի եղել»:



-Տեղեկություն ունենք, որ աշխատակազմի ղեկավարը փոխվել է, սակայն շարունակում է մնալ Կոմիտեում:



Այո, նման բան կա, աշխատակազմի ղեկավարը երևի թե կփոխվի, դեռ հրաման չկա որպես այդպիսին պաշտոնապես, բայց նախկին աշխատակազմի ղեկավարը շարունակելու է կոմիտեում աշխատել:



-Որպես ի՞նչ է շարունակելու աշխատել:



Ես հստակ չեմ կարող ասել, քանի որ փաստաթղթային առումով որեւէ մեկի հրամանը չկա: Ներկա աշխատակազմի ղեկավարի անունը չեմ կարող ասել, իսկ նախկինը, որը շարունակում է իր պաշտոնում լինել, Գարիկ Սարոյանն է: Հնարավոր է` կառուցվածքային որոշակի փոփոխություններ լինեն, բայց ես հստակ ոչինչ չեմ կարող ասել: Նախագահը ամսի 5-ից է աշխատում և այս կարճ ընթացքում ինքը մարզային այցելությունների մեջ է և ժամանակ էլ չի եղել հրամաններ լինելու: Բայց կրկին ասում եմ՝ որևէ մեկը աշխատանքից չի հեռացել Արամ Հարությունյանի հետ, խորհրդականներից դեռ բոլորը շարունակում են աշխատել: Այն, ինչ դուք եք ասում, ես կարծում եմ՝ Վիկտոր Մարտիրոսյանի մասին է խոսքը, որովհետև Արամ Հարությունյանի դիմումի հաջորդ օրը նման ինֆորմացիա եղավ մամուլում, մենք արձագանքեցինք, որ դա ապատեղեկատվություն է: